Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մասով էլ կա բացթողում». Լեւոն Մնացականյանը՝ կորցրած 400 հեկտարի եւ բացթողումների մասին

Ապրիլ 27,2020 17:28

2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում այսօր հանձնաժողովականների հարցերին պատասխանեց գեներալ-լեյտենանտ, ապրիլյան դեպքերի դրությամբ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:

«Տվել եմ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: Ցանկացած հարց ստացել է պատասխան: Եղել ենք անկեղծ եւ անմիջական, ներկայացրել իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

-Եղե՞լ են բացթողումներ, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ ռազմական գործողությունների ընթացքի վրա:

-Իհարկե ոչ: Միանշանակ, պաշտպանության բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը, հաղթանակել է: Առկա թերությունները, իհարկե… ցանկացած տեղում էլ անելիք կա: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք:

-Օպերատիվ հետախուզական տվյալների պակաս, խնդիր եղե՞լ է:

Այդ առնչությամբ դեռեւս չպատասխանեմ: Հարցեր կան, որոնք դեռ պետք է ճշտվեն, դա արդեն հանձնաժողովը կորոշի: Եթե կարիք լինի ներկայացնելու, կներկայացվի:

-Ճակատագրական սխալներ եղե՞լ են:

-Մենք մեր խնդիրը կատարել ենք, ի՞նչ ճակատագրական սխալի մասին է խոսքը:

-Հարյուրից ավելի զոհ է եղել…

-Հարյուրից ավելի զոհ չի եղել ապրիլի 2-5-ը: Այդ օրերին եղել է 75 զոհ, որից 35-ը՝ ժամկետային զինծառայողներ:

-Եթե հնարավոր բացթողումները հանձնաժողովը պետք է ներկայացնի, ինչո՞ւ նախկին իշխանության օրոք այդ հարցերը չէին արծարծվում:

-Կա ՊԲ-ի եւ գլխավոր շտաբի վերլուծական: Պարզապես չի հանրայնացվել: Դրա հետ կապված որոշումներ կան, որոնք ընթացքի մեջ են:

-Ի վերջո, 400 հեկտար ենք կորցրե՞լ, թե՞ 800: Սերժ Սարգսյանն ասել էր 800, հետո՝ 400:

-Մեր հաշվարկով՝ մինչեւ 400 հեկտար:

Այդ դեպքում ինչո՞ւ էր ասում 800:

-Հաջողություն ձեզ…

-Ինչո՞ւ ազատվեցիք ՊԲ հրամանատարի պաշտոնից: 

-Երկու տարի անցել է, նորից այդ թեմային եք գնում… Որոշումն այդ է եղել, այդպես է նպատակահարմար համարվել:

-Ձեր բացթողումը ո՞րն է եղել:

-Իմ մասով էլ կա բացթողում, որը հրամանատարը հաշվի է առել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930