Aravot.am-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է հավաստի այն տեղեկությունը, որ թանգարանում շուտով հայերին փրկած թուրքերի թեմայով մշտական ցուցադրություն է լինելու:
«Չկա այդպիսի բան: Ես չգիտեմ, թե ով է նման տեղեկություն տարածում… Գուցե դա Հայկ Դեմոյանն է անում»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը:
«Ես ունեմ հրատարակած հոդված հայերեն, անգլերեն եւ լեհերեն՝ Հայոց ցեղասպանության տարիներին հայերի իրական և կեղծ փրկության խնդրի շուրջ:
Այն, որ ներկայացվում է, թե թուրքերը փրկել են հայերին, իրականում այդպես չէ»,-ասաց Հարություն Մարությանը:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ այս օրերին շրջանառվող, հաճախ նաեւ շահարկվող՝ թուրքերին ներելու կամ չներելու տեսակետներից ո՞ր մեկի կողմնակիցն է ինքը:
«Ընդհանրապես նման հարց ինձ համար գոյություն չունի: Այն գիտնականները, որ խոսում են այդ թեմայով, ասում են, որ ճանապարհը դեպի հաշտություն անցնում է հետեւյալ բաների միջով՝ ճանաչում, ներողություն խնդրել, հատուցում, հետեւանքների վերացում, նոր դրանից հետո միայն կարելի է խոսել հաշտության մասին: Այսինքն, մինչեւ այդ բաները չլինեն, հաշտություն բառն օգտագործել չի կարելի»,-պատասխանեց Հարություն Մարությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ