«Կարծում եմ՝ ՀՀ կառավարության կողմից արձագանքը համապատասխան էր: Համարձակ էր որոշումը, որ բեռնափոխադրումներն Իրանի հետ չդադարեցվեն: Մենք այսօր բավարար հոսքեր ունենք, որոնք բխում են երկու կողմերի տնտեսական շահերից, հատկապես՝ ՀՀ-ի»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած՝ «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
«Բոլորի աշխատանքում էլ թերություն եղել է, բայց ՀՀ-ի առումով, կարծում եմ, ուշացում չի եղել»,-համոզմունք հայտնեց դեսպանը՝ նկատի ունենալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության ձեռնարկած սահմանափակումների արդյունքում, օրինակ, պարզեցին, որ ՀՀ-Իրան ցամաքային սահմանն օրական երկու կողմից հատում է մոտ հազար մարդ. «Նրանք այցելում են իրար, առեւտուր անում: Հասկանալի է, որ ցամաքային հոսքը պետք էր կարգավորել: Մինչեւ օրս մոտ 850 քաղաքացի է Իրանից տեղափոխվել ՀՀ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ