Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը դիմել էր գլխավոր դատախազին կրկնակի վարչական տույժից հետո «Հին Երևան»-ի շինարարությունը խախտումներով շարունակելու դեպքի առթիվ. քրգործ է հարուցվել

Ապրիլ 27,2020 17:05

2020թ. մարտի 6-ին «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդված, համաձայն որի քաղաքային իշխանությունների թողտվությամբ 1 տարի շարունակ «Հին Երևան»-ի կառուցապատումն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության: Հոդվածում ՀՀ մեկ այլ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքի, մեղսագրվող արարքի հետ համեմատությամբ դատողություններ են արվել քրեական հետապնդման գործառույթի ընտրանքային իրականացման վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում հրապարակումն առանձնացվելուց հետո Երևան քաղաքի  դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում սկսվել է ուսումնասիրություն: Այդ շրջանակում Երևանի քաղաքապետարանից պահանջվել և ստացվել են «Հին Երևան»-ի կառուցապատմանն առնչվող փաստաթղթերը՝ Երևանի քաղաքապետի որոշումները, քաղաքապետի որոշման հիման վրա թողարկված գլխավոր հատակագծերը, շինարարական աշխատանքների հաստատված նախագծերի և շինթույլտվությունների  վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» համալիրի նախագծի իրականացման նպատակով: Ըստ ստացված փաստաթղթերի՝ սկսած 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. դեկտեմբեր Երևան համայնքի կողմից 4 ընկերությունների տրվել են համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, որոնք համաձայնեցվել են իրավասու մարմնի և օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ: Իսկ 2016-ից 2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են ինդուկտիվություններ, որոնց նախագծերը համաձայնեցված են ՀՀ մշակույթի նախարարության, օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի: Նկատի ունենալով, որ ընկերությունը կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում շարունակել է նախագծի խախտումներով իրականացվող շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Այդ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ, ինչի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

Այսինքն` դատախազության ուսումնասիրությամբ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930