2019 կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հաղորդում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ բողոքներ է ստացել կենսաթոշակի հետ կապված: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը սահմանում է, որ մարդը կարող է ստանալ իր թոշակն անկանխիկ եղանակով, բայց տարին մեկ պարտավոր է ներկայանալ: Երբ մարդը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում ներկայանալ, կամ լիազորագիրն է ուշանում, մարդը զրկվում է կենսաթոշակից, որը սեփականության իրավունքի խախտում է: Ստացվում է, որ մարդիկ նույնիսկ հնարավորություն չի տրվում բացատրություն տալու, հիմնավորելու, թե ինչու է ուշացել:
Բացի այդ, օմբուդսմեն Արման Թաթոյանն ասել էր, նաեւ իր զեկույցում է ամրագրել այդ մասին, որ սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններում մարդկանց սպասարկում են ոչ բարեկիրթ, կոպիտ, որոշ դեպքերում խոչընդոտում են, ուստի Սամսոնյանը հարցրեց՝ ի՞նչն է պատճառը, որ երկու տարվա ընթացքում մենք չենք կարողանում ունենալ մի համակարգ, որտեղ մարդիկ կդիմեն ու կսպասարկվեն բարեկիրթ:
Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Բարեկրթության մասով մենք, այո, խնդիր ունենք: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել այդ խնդիրը լուծելու: Ես հայտարարություն եմ տարածել սոցցանցերում՝ խնդրելով նշել կոնկրետ հասցեներ, թե որտեղ են իրենց հանդեպ կոպիտ վարվել: Սա համակարգային խնդիր ունի, մենք 55 տարբեր մարմիններ ունենք եւ 700 աշխատակիցներ ւ այս հարցին լուծում տալու համար գուցե էլի ժամանակ է պետք»: Ինչ վերաբերում է կենսաթոշակ ստանալու պահանջին՝ նախարարն ասաց, որ ներկայանալը պարտադիր է, որ փաստվի՝ մարդը Հայաստանում է:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրեն դիմել են մի խումբ աշխատակիցներ՝ բողոքելով, անգամ կազմակերպության անունն են նշել. «Ասում են, որ գործատուն ստիպում է իրենց սոցիալական աջակցության տրամադրած գումարի մի մասը վճարել: Եթե անհրաժեշտություն կա, այդ սրճարանի սեփականատերերի տվյալները կտանք: Դուք ունե՞ք նման բողոքներ, որովհետեւ մարդիկ աշխատանքը կորցնելու վախից ստանում են գումարն ու մի մասը փոխանցում գործատուին, ինչն անառողջ շղթա է հիշեցնում»: Նախարարը պատասխանեց, որ նման բողոքներ ստացել են ու հայտարարություն տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ընդառաջ չգնալ այդ պահանջներին, որովհետեւ դա օրենքի խախտում է, այդ աջակցությունը տրամադրվում է քաղաքացիներին: Բաթոյանն ասաց, որ պետք է դիմել իրավապահ մարմիններին, իրենք, բացի դատախազություն դիմելուց, որեւէ լիազորություն այդտեղ չունեն. «Ինչ վերաբերում է վախենալուն, քաղաքացին պիտի վախը կարողանա հաղթահարել, այլապես մենք, իրավապահ մարմինները չենք կարողանա աջակցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ