Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման գործողությունները թույլ են տալիս հայտարարել, որ կատարվածն ուղղակիորեն կապված է Սեդա Սաֆարյանի գործունեության հետ». Նինա Կարապետյանցը՝ փաստաբանի դստեր ընտանիքի հետ կատարվածի մասին

Ապրիլ 27,2020 16:32

«Խորին համոզմունք ունեմ, որ տեղի ունեցածը չի կարող պատահականություն լինել»,- «Մեդիա կենտրոնում» տեսակապի միջոցով անցկացված քննարկմանն անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի դստերը, նրա ամուսնուն և դստեր ամուսնու ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու միջադեպին, կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած տեսակապով քննարկմանը Սեդա Սաֆարյանը դեպքի առիթով մանրամասնել էր. «Ապրիլի 24-ին՝ ժամը 23.00-ի կողմերը, մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել են մի տասը րոպե, փեսայիս համբերությունը հատել է, դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։ Կարծես նրանք սպասում էին, որ փեսաս հունից դուրս գար: Մի փոքրամարմին երիտասարդի դուր չի գալիս, որ փեսաս նման բան է ասում, մոտենում՝ խփում ու փախչում է: Հետո հարևանն է դուրս եկել, հետո աղջիկս, նրան են խփել, գցել գետնին, հետո փեսայիս մայրը, քույրն են դուրս գալիս: Դրանցից, որ ֆուտբոլիստ է, ոտքը բարձրացրել, այնպես է խփել աղջկաս տալի բերանին՝ ականջախառն, որ երեք օր է՝ բռնած ման է գալիս խեղճ աղջիկը: Հետո խնամիներս են դուրս գալիս՝ 66-67 տարեկան մարդիկ, նրանց են ծեծում, հարևանն է միջամտում, թե մեծ մարդիկ են, ինչու եք խփում, ասում են՝ քո ի՞նչ գործն է, որ խառնվում ես, նրան էլ խառնվելու համար են սկսում հարվածներ հասցնել»:

Նինա Կարապետյանցը վստահեցրեց՝ նման դեպքերում, եթե չգիտես՝ քո դիմացինն ով է, երբեք թույլ չես տա նման խնդիր առաջանա ու շարունակեց. «Ավելի քան վստահ եմ, որ հարձակվողներն իմացել ու պատկերացրել են՝ ուր են եկել և ինչ անելու: Այլ դեպքերում կարող է ասեինք՝ տաքարյուն տղամարդիկ կռիվ են արել, բայց հարվածել, գետնին տապալել կնոջը, հետո շարունակել ոտքերով հարվածել նրան, դա բարոյականության բոլոր նորմերից դուրս է»:

Իրավապաշտպանը կատարվածի առիթով ասաց, թե նման գործողությունները թույլ են տալիս հայտարարել, որ կատարվածն ուղղակիորեն կապված է Սեդա Սաֆարյանի գործունեության հետ: Նա մտահոգություն հայտնեց, որ փաստաբանները շատ անպաշտպան են այս իրավիճակում. «Սա հենց այդ անպատժելիության զգացումն է, որ ունեցել են, և տարիներ շարունակ այդ որակի մարդիկ իրականում ունեցել են այդ բացարձակ պաշտպանության զգացումը, սա տխրահռչակ թավիշի արդյունքն է»:

Նինա Կարապետյանը հնչեցրեց փաստաբանների, նրանց ընտանիքների անդամների անվտանգության, պաշտպանվածության հարցը և նկատեց. «Հատկապես ծանր քաղաքական գործերով զբաղվող փաստաբանները պետք է իրենց պաշտպանված զգան: Տիկին Սաֆարյանի գործունեությունը տարիներ շարունակ եղել է այնպիսին, որ շատ վաղուց թիրախ է դարձել, և շատերը կարող են նրա ազնիվ տեսակը չներել»:

Խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին՝ նա ասաց. «Դատաիրավական համակարգը թիվ մեկն էր, որը պետք է փոփոխությունների ենթարկվեր: Մենք պիտի կարողանայինք վարչապետի որոշումը բողոքարկել դատական համակարգով, օլիգարխին, դատախազին պատասխանատվության ենթարկել, քննիչի չարած գործի համար կարողանայինք նրան պատասխանատվության ենթարկել: Այս համակարգը, ոնց որ հանցագործ աշխարհում է կուռ կապված մեկը մյուսին, սարի նման պարտակում, թիկունք են կանգնում իրար, մենք էլ մեր «թղթե շերեփով» գնացել, չգիտեմ ումից, ինչ ենք ուզում»:

Նինա Կարապետյանը փաստաբաններին համեմատեց մահապարտների հետ՝ մտահոգություն հայտնելով, որ իրենք հնարավորություն չունեն պաշտպանություն ստանալ պետությունից, քանի որ այն մարմինները, որոնք պիտի պաշտպանեին իրենց, «ծառայում են հանցավոր ռեժիմին: Ես համոզմունք եմ հայտնել, որ դրսի ուժերին ևս ծառայում են»:

«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը չբացառեց, որ այս երևույթը կարող է տեղի ունենալ այս կամ այլ փաստաբանի հետ ևս. «Ինձ համար նաև տարօրինակ էր Փաստաբանների պալատի արձագանքն այս հարցի շուրջ: Տեսանք՝ ինչպես ի պաշտպանություն Ազարյանի որոշ փաստաբաններ ֆլեշմոբ կազմակերպեցին, որ իբր հետապնդման է ենթարկվում, սակայն ես միանշանակ համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ: Մենք ի վերջո չգիտենք էլ՝ ինչու է Ազարյանի հետ նման բան տեղի ունենում: Իսկ Սեդա Սաֆարյանի ընտանիքի հետ կատարվածի առնչությամբ միայն Փաստաբանների պալատի նախագահի ֆեյսբուքյան էջում գրված էր, որ նա տիկին Սաֆարյանի հետ հեռախոսակապ է ունեցել, բայց որևէ կտրուկ, դատապարտողական հայտարարություն Փաստաբանների պալատի կողմից չտեսանք: Դա, իմ կարծիքով, տարօրինակ է: Նաև որոշ փաստաբաններ, որոնք իրավունքի ջատագով էին, թող այս միջադեպի առնչությամբ էլ նման հայտարարություններով հանդես գային կամ ֆլեշմոբ անեին ի պաշտպանություն Սեդա Սաֆարյանի: Ցավոք, նման բան չտեսանք»:

Փաստաբանի համար տարօրինակ է նաև ՀՀ ոստիկանության պահվածքը: Այս առիթով ասաց. «Տարօրինակ է, երբ այս միջադեպում ներգրավված երիտասարդներին բացահայտել է ոստիկանությունը, նրանցից բացատրություն է վերցրել և թողել, որ հեռանան: Նրանց նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրված, նրանց նկատմամբ որևէ արգելանքի միջոց չի կիրառվել»:

Արա Ղարագյոզյանը զգուշացրեց` չնայած բազմաթիվ սպառնալիքներին՝ իրենք շարունակելու են պաշտպանել մարտի 1-ի զոհերի ներկայացուցիչների շահերը ու հավելեց. «Մենք առաջնագծում ենք եղել, մեր դեմ հետապնդումներ, սպառնալիքներ են եղել՝ քրեական ենթամշակույթի ներքաշելով, մեզ փորձում են հասկացնել, թե մեր նախկին նախագահի հասցեին չփորձենք որևէ ձևով արտահայտություններ անել, սակայն մենք շարունակելու ենք մեր գործունեությունը: Ինչպես նախկինում, հիմա էլ կրկնում եմ, որ Արցախը ներքաշվել է մարտի 1-ի գործողությունների մեջ, և միանշանակ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատ արձակելը վտանգներ է պարունակում: Հիմքեր կան պնդելու, որ նա, լինելով ազատության մեջ, կարող է դիմել փախուստի, իսկ այդ փախուստը Մոսկվան է: Ինչքան ուզում եք, սպառնացեք, միևնույն է, մենք շարունակելու ենք մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցիչների շահերը պաշտպանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930