Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարար. «Դիմորդները դիմակներով կհանձնեն մեկ քննություն»

Ապրիլ 27,2020 16:18

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ խոսեց նաեւ ընդունելության քննություններից: Ասաց, որ բուհերում ավարտական քննությունների իրականացման ձեւն ընտրում են բուհերն իրենց ինքնավարության սահմաններում՝ պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ ընդհանուր կանոնները եւ մինչեւ հուլիսի 1-ը գործընթացն ապահովելու պահանջը:

Հավելեց, որ քննարկումների արդյունքում ընտրել են ամենաօպտիմալ տարբերակը, որպեսզի կարողանան եւ դիմորդների գիտելիքները չափել, եւ չխոչընդոտել համավարակային միջոցառումներին: «Ըստ ընթացակարգի՝ միասնական քննությունների համար նախնական հայտերը դիմորդները լրացրել են մինչեւ մարտի 15-ը, սակայն քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, անհրաժեշտ է հայտերի ճշգրտման եւ փոփոխության ժամանակ տալ՝ թե արդեն հայտագրվածներին, թե նախորդ տարիների շրջանավարտներին ու այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել էին:

Առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտեր լրացնելու գործընթացի հետ՝ ունենալով մեկ միասնական գործընթաց: Այսպիսով` մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվելու մինչեւ հունիսի 15-ը, դիմորդները միաժամանակ կընտրեն թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը: Բոլոր՝ մինչեւ մարտի 15-ը մեկ քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն մի քանի քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով»,-ասաց նախարարը:

Տեղեկացրեց, որ դիմորդներն ընդամենը մեկ քննություն են հանձնելու. «Մենք առաջարկները ստացել ենք բուհերից, բայց դրանք վերջնական չեն, քննարկելու ենք եւ մինչեւ ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտության համար որն է լինելու հիմնական քննությունը… Տեղաշարժի խնդիրներն էլ ենք լուծել, եւ քննական կենտրոնները կլինեն ամբողջ հանրապետությունով մեկ, սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքում՝ դիմակներով, ախտահանման միջոցներով: Քննությունները կհանձնեք հուլիսի սկզբին՝ առաջին տասնօրյակի ընթացքում: Քննությունը լինելու է պարտադիր այն առարկաներից, որոնք դուք պետք է հանձնեիք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ բոլոր այն մասնագիտությունների դեպքում, որտեղ կամ-կամ սկզբունքն էր գործել, դիմորդներին հնարավորություն կտրվի ընտրել, իսկ բանավոր քննությունների դեպքում որոշում կա չանցկացնել միասնական քննություններ: Դրանք հիմնականում լեզուների քննություններն են բուհերի օտար լեզուների ֆակուլտետներում: Արվեստի եւ սպորտի բուհերի մասին էլ փոխնախարարը նշեց, որ մեկ հիմնական մասնագիտացված քննություն կանցկացվի՝ ընտրված առարկայից: Հավելեց նաեւ, որ հայտերի ընդունումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան էլեկտրոնային ծրագրի միջոցով, որն առաջիկայում կներկայացվի:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մագիստրատուրայում ընդունելության կարգով ժամկետներ են սահմանվել հունիսի 5-20-ը, սակայն առաջարկվում է գործընթացն իրականացնել մեկ շաբաթ ուշ՝ հունիսի 16-30-ը:

Ինչ վերաբերում է ասպիրանտուրայում ընդունելության գործընթացին, այստեղ էլ առաջարկվում է կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզու, ինֆորմատիկա եւ տեղեկատվական հաղորդակցության քննությունից ստացած միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը, առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչեւ հուլիսի 5-ը:

Քոլեջներին եւ ուսումնարաններին էլ անդրադարձ եղավ: Նախարարն ասաց, որ քոլեջներում եւ ուսումնարաններում ընդունելությունը կկազմակերպվի օգոստոսին՝ հիմնականում ատեստատների գնահատականներով, բացառությամբ՝ արվեստի եւ առողջապահական հաստատությունների, որտեղ իրականացվելու է մեկական քննություն: Այստեղ եւս հայտերը էլեկտրոնային եղանակով կիրականացվեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930