Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում պահանջում են մորթելու կոչ անող ուսուցչին պատասխանատվության ենթարկել. «Այդ ի՞նչ արդարացում է՝ էմոցիայի տակ եմ եղել, հուզված եմ եղել, դա արդարացում չի»

Ապրիլ 27,2020 15:48

«Մենք ընդունեցինք օրենք թշնամանքի խոսքի հետ կապված, բայց արդյոք դա կիրարկվում է, ես մեծ վերապահում ունեմ: Լիճքի դպրոցի նախկին տնօրեն, ներկայումս դաստիարակչական գծով փոխտնօրենը մորթելու կոչ է անում: Ինձ համար կարեւոր չէ՝ վարչապետի՞ ընտանիքը, Նաիրա Զոհրաբյանի՞ ընտանիքը, թե՞ ում ընտանիքն է մորթելու կոչ անում: Այդ մարդը շարունակում է մինչ օրս պաշտոնավարել՝ որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում, խոսելով ատելության խոսքի մասին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա տարակուսած էր. «Այդ ի՞նչ պարզաբանում է՝ էմոցիայի տակ եմ եղել, հուզված եմ եղել: Այդ նույն տրամաբանությամբ ցանկացած սպանություն կատարող կարող է ասել՝ կներեք, աֆեկտի մեջ եմ եղել, ՔԿՀ-ի դռները բացեք, գնամ տուն, որովհետեւ հուզված եմ եղել: Սա արդարացում չի: Եթե այս մի օրինակով չունենանք հստակ պատասխանատվություն, ապա պիտի արձանագրենք, որ մեր ընդունած օրենքները մեռելածին են, որեւէ հետեւանք չեն ունենալու:

Հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեց կորոնավիրուսով վարակված կնոջ նկատմամբ համացանցում տարածված ծաղրական տեսանյութի մասին: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը կարող է առնվազն երկու դեպք էլ հավելել, որոնց ինքն է ականատես եղել. «Դրանք չեն հասել իրավապահներին, բայց հաջողվել է կանխել: Օրինակ, ամուսնու «սամասուդը» մեկ այլ օգտատիրոջ հանդեպ, որը մի դեպքում աղջկա, մյուս դեպքում կնոջ հասցեին վիրավորական արտահայտություն էր արել»:

Արման Թաթոյանն ասաց, որ հասկանում է՝ քաղաքական գործիչները նպատակ ունեն ընտրողների գրավել ու այդ ընթացքում այնպիսի ելույթներով են հանդես գալիս, որոնք կարող են վիրավորանք, ատելություն գեներացնել: Բայց հաշվի առնելով այսօրվա լարված իրավիճակը, որ սոցցանցերում առկա է, հորդորեց ձեռնպահ մնալ նման ելույթներից, որովհետեւ եթե մի քիչ զգայուն թեմա լինի, բռնկում է լինում:

Ինչ վերաբերվում է մորթելու կոչ անող ուսուցչի դեպքին, օմբուդսմենն ասաց. «Ո՞նց կարելի է թույլ տալ, որ մարդը նման կոչ անի, դա անհնար է, ուղեղի մեջ չի էլ տեղավորվում: Չես էլ կարողանում պատկերացնել անգամ, բառեր չեմ գտնում ասելու, թե ինչ աստիճանի անթույլատրելի բան է դա ու կապ չունի՝ ում է վերաբերվում: Այսօր համացանցում շատ խոցելի է դարձել ընտանեկան կյանքը, անձնական կյանքը: Եթե որեւէ մեկը թիրախավորվեց հատկապես կեղծ օգտատերերի կողմից, անձնական կյանքը, ընտանեկան կյանք, կարելի է լրիվ մոռանալ»: Թաթոյանը համաձայն էր Նաիրա Զոհրաբյանի հետ, որ այդ դեպքը ցուցիչներից մեկն է, թե ինչ աստիճանի խնդրահարույց է համացանցում օր առաջ այդ երեւույթը չկանխելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930