Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պառլամենտական երկրում բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությունից պառլամենտին զրկելն առավել քան նոնսենս է. Վլադիմիր Մարտիրոսյան

Ապրիլ 27,2020 15:23

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ կառավարությունը հանդես է եկել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ և ավելացումներ) կատարելու բացարձակ իրավասություն վերապահել:

Նախագծի ընդունման դեպքում Ազգային ժողովը դուրս կմղվի բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու իրավասությունից, այն զիջելով Կառավարությանը: Վերջինիս նպատակն ակնհայտ է. բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարել առանց Ազգային ժողովի մասնակցության: Այն, որ նման մոտեցումը չի բխում բյուջետային գործընթացում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի լիազորությունների տրամաբանական տարանջատման գաղափարից, առավել քան ակնհայտ է:

Խնդիրը կայանում է նրանում, թե ինչու է ընտրվել այս, այլ ոչ թե օրենսդիր մարմնում պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու առավել տրամաբանական և դեմոկրատական ճանապարհը:

Կարծում եմ, պատճառները մի քանիսն են, որոնք ևս մեկ անգամ վկայում են կառավարման համակարգում տիրող տխուր վիճակի մասին: Այն, որ այս Կառավարությունը երբեք չի տիրապետել ռազմավարական կառավարման նվազագույն կանոններին, գաղտնիք չէ: Իշխանությունն իր գործունեության երկու տարիների ընթացքում բազմիցս է աչքի ընկել առանց հետևանքների կանխատեսման չհամակարգված և տարերային գործողություններով: Եվ եթե սովորական իրավիճակներում կառավարման նման ոճը, իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, չի հանգեցրել ճակատագրական և անդառնալի կորուստների, ապա ներկա պայմաններում նման գործելաոճի շարունակությունը չափազանց վտանգավոր է:

Իշխանությունները ներկայիս ոչ ստանդարտ ու ճգնաժամային իրավիճակում շարունակում են իրենց թափթփված գործելաոճը, լուրջ վտանգ ներկայացնելով երկրի և հասարակության անվտանգության ու բնականոն կենսագործունեության համար:

Ակնհայտ է, որ Կառավարությունը չունի հստակ ռազմավարական հակաճգնաժամային ծրագիր, հակառակ դեպքում հանդես կգար 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու համալիր նախաձեռնությամբ, ներկայացնելով կրճատման ենթակա ծախսերը, համաճարակի տնտեսական և սոցիալական հետևանքների վերացման նպատակով առաջարկվող հատկացումները, դրանց հիմնավորումը, ակնկալվող արդյունքները, թիրախային նպատակներն ու շահառուների շրջանակը:

Համակարգված և համալիր գործողությունների փոխարեն Կառավարությունը գերադասում է շարունակել իր հախուռն գործողություները, լուծել այսրոպեական ու իրավիճակային խնդիրներ, ձգտել բավարարել հանրային գրեթե բոլոր շրջանակների ցանկությունները, բայց արդյունքում հուսահատ թողնելով շատերին և այսպես շարունակ: Սա հակաճգնաժամային ռազմավարության և համալիր ծրագրի բացակայության վառ վկայություն է, ինչը լուրջ մարտահրավեր է պետության ու պետականության համար:

Հաջորդ խնդիրը, որը փորձում է լուծել Կառավարությունն իր այս քայլով, դա գործողությունների հնարավորինս նվազ հանրայնացումն է: Հակառակ դեպքում, ինչը կարող էր ստիպել Կառավարությանը, ով Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն և չունի որևէ դժվարություն ցանկացած օրենսդրական նախաձեռնություն անցկացնելու համար, դիմել նման քայլի: Ի՞նչ ծախսեր է պատրաստվում կրճատել ու ի՞նչ ծախսեր է որոշել անձեռնմխելի համարել Կառավարությունը, որ փորձում է խուսափել Ազգային ժողովում հնարավոր հարցադրումներից:

Եթե ունի այդ հարցերի համոզիչ պատասխանները, ապա ինչու չի գնում բաց, հրապարակային ու ժողովրդավարական ճանապարհով: Չէ՞ որ պառլամենտական վերահսկողության կարևոր տարրերից մեկն էլ հենց բյուջետային վերահսկողությունն է: Եվ այս դեպքում հետաքրքիր է դառնում ժամանակ առ ժամանակ պառլամենտարիզմի մաստեր կլաս ցույց տվող խորհրդարանի վերաբերմունքը պառլամենտական վերահսկողության թուլացմանն ուղղված այս նախաձեռնությանը:

Հ.Գ. Պառլամենտական երկրում բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությունից պառլամենտին զրկելն առավել քան նոնսենս է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մինչև այժմ ժողովրդի ազնիվ մղումները’, սպասումները, երկրում վերականգնել սոցիալական արդարությունը (նիկոլի բարձրագոռ խոստումների ներքո)տեղի չունեցավ,քանի որ նիկոլն ընդամենը շարքային լրագրող էր: Զարգացնել ՀՀ տնտեսությունը դա չի ստացվել նույնիսկ հայտնի տնտեսագեների մոտ, ուր մնաց մի ճարպիկ լրագրող փրկեր մեր երկրի քայքայված տնտեսութունը:
    Բայց նա նույնիսկ թույլ չի տվել ոչ ոքի խառնվել իր գործերի մեջ, բեկանելով բոլոր գործարար առաջարկություններին:Երկրի տնտեսութունը կփրկվի միմիայն այն դեպում, երբ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենան կայուն աշխատանք եվ աշխատավարձ:
    Միակ ծրագիրն ես ունեմ:
    Ես ավարտել եմ Իսպանիայի բիզնեսի համալսարանն եվ ունեմ քսան տարվա Եվրոպական փորձ:
    Ես արդեն 1 տարի է դիմում եմ Նիկոլին, ՆՈՐ տնտեսական ծրագիր,որում 3 ամսվա պատրաստվելուց ու բացատրելուց հետո ՀՀ բոլոր քաղաքացիներն կունենան հաստատուն աշխատանք եվ նախնական կստանան մոտ 500 դոլարին համարժեք դրամ:

    Բայց մինչեվ հիմա Նիկոլն չի պատասխանում, երեվի տեղ չի հասնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930