Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարար. «Չեն լինի փոխադրական, ավարտական քննություններ, Վերջին զանգի արարողություն»

Ապրիլ 27,2020 15:16

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասաց, որ հեռավար կրթության տեմպերը եւ ծավալները գոհացնում են, թեեւ չթաքցրեց, որ բովանդակության, մեթոդաբանության եւ կազմակերպման առումով խնդիրներ կան: Նախարարն ասաց, որ տարին հեռավարով են ավարտելու, մայիսին նույնպես հեռավար կրթությունը շարունակվելու է:

«Հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին շաբաթ օրերին կունենանք պահուստային օրեր, նաեւ քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելը: Գուցե պահուստային շաբաթ ունենանք, տեսնելու համար, թե ինչ ենք բաց թողել: Այնպես որ այն աշակերտների համար, որոնք ինչ-ինչ պատճառով հետ են ընկել կամ չեն կարողացել ամբողջությամբ նյութը մարսել, կլինեն այդ պահուստային օրերը, որոնք թույլ կտան ուսուցիչներին այդ խնդիրը լուծել»,-ասաց նախարարը: Նշեց, որ տարեկան գնահատականները փակվում են մինչեւ մարտի 13-ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա:

Հավելեց, որ փոխադրական քննություններ չեն իրականացվելու չորրորդ եւ իններորդ դասարանների ավարտին, մինչեւ մարտի 13-ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման կամփոփվեն ավարտական դասարանների տարեկան գնահատականները: Փոխադրական քննություններ չեն իրականացվի տասներորդ, տասնմեկերորդ եւ տասներկուերորդ դասարաններում, եւ ամփոփումը տեղի կունենա նույն ձեւով, ինչ չորրորդ եւ իններորդ դասարաններում: Ավարտական վկայականները կտրվեն մինչեւ մայիսի 25-ը:

Քոլեջների եւ ուսումնարանների դեպքում եւս դիպլոմային աշխատանքների պաշտպանություններ եւ քննություններ չեն անցկացվի: Ամփոփումը կատարվելու է՝ ինչպես դպրոցների ավարտականների դեպքում: «Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, դիպլոմները հանձնվում են մինչեւ հունիսիս 5-ը»,-տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը:

«Ավարտականների դեպքում ունենք շատ կարեւոր անվտանգային խնդիր՝ զորակոչի խնդիրը, եւ մեր գործողություններում մենք ելնում ենք նրանից, որ որեւէ կերպ զորակոչին չխոչընդոտենք ու խնդիրներ չստեղծենք, այդ պատճառով մի շարք որոշումներ կայացվել են հենց այդ տրամաբանության մեջ: Մենք չենք ուզում որեւէ պարագայում որեւէ խնդիր ստեղծել զորակոչի համար: Բայց նաեւ փորձել ենք առավելագույնն անել, որ իրականին մոտ պատկեր ունենանք, քանի որ արտակարգ դրություն է, եւ որեւէ ոլորտում չենք կարող իդեալական իրավիճակներ ապահովել: Նաեւ ասել ենք, որ ելնելու ենք սովորողների լավագույն շահերից»,-նշեց նախարարը:

Վերջին զանգի արարողություն նույնպես չի լինի: «Ես գիտեմ, թե ձեր կյանքում որքան կարեւոր է այս իրադարձությունը, բայց մենք ունենք համավարակի տարածման խնդիր, պետք է արձանագրենք, որ երիտասարդները եւ աշակերտները, եթե անգամ հիվանդանում են, դա առանց սիմպտոմների է տեղի ունենում, բայց իրենք կարող են դառնալ վարակակիր, վարակը տարածել իրենց ընտանիքներում, որտեղ կան ծնողներ, պապիկ-տատիկներ, որոնք գուցե քրոնիկ հիվանդություններ կունենան…»,-ասաց նախարարը ու խոստացավ, որ հենց համավարակի վտանգն անցնի, որեւէ օր կորոշվի՝ Վերջին զանգի արարողության համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930