Լրահոս
Օրվա լրահոսը

90 մլն դրամ՝ ախտահանիչ ու պաշտպանիչ միջոցների համար. պետական գերատեսչությունների ծախսերը. «Ա1+»

Ապրիլ 27,2020 15:10

Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ ու դրանից հետո էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կոչ է արել բոլոր գործատուներին` լինեն դրանք պետական, թե մասնավոր, իրենց տարածքներում աշխատողների համար ապահովեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցները: Իհարկե, հնարավոր չէ հատ-հատ անդրադառնալ բոլոր մեծ ու փոքր գերատեսչություններին ու այդ ուղղությամբ նրանց կատարած ծախսերին, բայց կներկայացնենք ամենաակտիվ գնումներ կատարող մարմիններին:

Եվ այսպես՝ կառավարության գնումների ցանկից կարելի է հասկանալ, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ ամենաակտիվ պաշտպանվող հիմնարկը եղել է նախագահականը: Եվ եթե մյուս բոլոր գերատեսչությունները սկսել են ալկոգել, դիմակ, ձեռնոց, խոնավ անձեռոցիկ և այլ նյութեր գնել հիմնականում մարտի 16-ից` արտահերթ դրության հաստատումից հետո, ապա նախագահականը նման նյութեր գնում էր շատ ավելի վաղ: Եվ նախագահի աշխատակազմը գրեթե շաբաթը երկու կամ երեք անգամ հաճախականությամբ թարմացնում է իր պաշտպանիչ «զինանոցը»: Նախագահ Արմեն Սարգսյանն ինքը, ի տարբերություն ՀՀ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների, հանդիպումների ժամանակ սոցիալական շատ մեծ հեռավորություն է պահպանում: Եվ մարտ-ապրիլ ամիսներին`ընդամենը 6 շաբաթվա ընթացքում նախագահականը 16 գնումներով ձեռք է բերել ավելի քան 3 մլն 757 հազար դրամի դիմակներ, ձեռնոցներ, խոնավ անձեռոցիկ, ալկոգել և այլ պաշտպանիչ ու ախտահանիչ նյութեր:

Իսկ գումարային առումով այդ նյութերի վրա ամենաշատը ծախսել է Ոստիկանությունը: Դա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ գերատեսչությունը առավել քան սովորական օրերին հիմա պահպանում է հասարակական կարգը արտակարգ դրության սահմանած պայմաններում: Եվ որ Ոստիկանությունն ամենամեծ ծառայողներ ունեցող գերատեսչություններից է: Այդպիսով այս կառույցը մարտ-ապրիլ ամիսներին մոտ 25 գնումներով ավելի քան 67 մլն դրամի ձեռք է բերել նշված պաշտպանիչ միջոցները, ինչպես նաև էլեկտրոնային ջերմաչափ, պաշտպանիչ արտահագուստ:

Վարչապետի աշխատակազմը թեև միլիոնավոր դոլարներ է հատկացրել Չինաստանից մեծ գնումներ կատարելու համար, բայց արդեն իր համար շատ գիչ գումար է ծախսել` 960 հազար դրամ:

Դիմակներ, ձեռնոցներ, էլեկտրոնային ջերմաչափ ձեռք բերելու համար խոշոր գումար է ծախսել նաև ՊԵԿ-ը` ավելի քան 10 մլն դրամ: Դատախազությունը ծախսել է մոտ 560 հազար դրամ, Դատական դեպարտամենտը` 1 մլն 263 հազար դրամ, Քննչական կոմիտեն`մոտ 1 մլն 410 հազար դրամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այդ պաշտպանիչ միջոցներին հատկացրել է 412 հազար դրամ:

Նախարարություններից նկատելի էր հատկապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատկացրած գումարների չափը` 9 գնումներով մոտ 3,4 մլն դրամի պաշտպանիչ միջոցներ է ձեռք բերել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` 462 հազար դրամի:

Կառավարության գնումների ցանկում, սակայն, չկային այդ ուղղությամբ Պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի ծախսերը, որոնք նույնպես մեծ կլինեին: Բայց միայն այս 10 գերատեսչություններն իրենց աշխատողների համար անցած 6 շաբաթների ընթացքում ձեռք են բերել ավելի քան 90 մլն դրամի ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ, էլեկտրոնային ջերմաչափեր և այլ պաշտպանիչ միջոցներ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930