Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ տարբերություն ձեր աշխատանքի եւ իմ ու Նաիրա Զոհրաբյանի աշխատանքի միջեւ». Բագրատյանի հարցը Թաթոյանին. ուշագրավ պատասխան

Ապրիլ 27,2020 15:03

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2019-ին իր գործունեության մասին տարեկան հաղորդումը եւ մարդու իրավունքների խնդիրները:

Օմբուդսմենն ասաց, որ իրենց ուղղված դիմումների թիվը 3 անգամ ավելացել է ու դա պայմանավորեց 2018-ի ապրի-մայիս ամիսների իրադարձություններով՝ ասելով, որ մարդկանց ակնկալիքները պետությունից շատացել են, առաջ չէին դիմում,որովհետեւ հույս չունեին, որ կլուծվի խնդիրը:

Նա խոսեց քրեակատարողական հիմնարկներում խնդիրների, կալանավորների բժշկական գաղտնիքը չպահելու մասին. «Քրեակատարողական առանձին հիմնարկներում պետերը փորձ են անում ճնշել բուժանձնակազմին: Խնդիրներ կան, երբ մարդուն հետազոտում են անվտանգության աշխատողի ներկայությամբ, ՔԿՀ ծառայողը ամեն ինչ գիտի կալանավորի հիվանդության մասին: Խնդիրներ ունենք հոգեբուժարանների հետ կապված, պահման պայմանների: Այս հիմնարկներում աշխատողի աշխատավարձը պետք է լինի պատշաճ, որ կարողանանք մեծ պահանջներ ներկայացնել ու ակնկալել: ՔԿՀ-ի բժիշկների վերապատրաստման առումով շատ վատ վիճակ է, չենք կարողանում բժիշկներով համալրել: Հոգեբույժների մասով խնդիր կա, Սյունիքի մարզում կա երկու հոգեբույժ, եթե չեմ սխալվում, մեկը թոշակի տարիքի է: Դեպք ունենք, օրինակ, «Սեւան» ՔԿՀ-ում հոգեբույժ չկա ու հոգեբույժի խորհրդատվությունը հեռախոսով են տալիս»:

Արման Թաթոյանը խոսեց նաեւ կանանց եւ երեխաների իրավունքների խախտումների մասին, ասաց, որ հիմա ջանք են թափել կնոջ դերի հետ կապված կարծրատիպերը կոտրելու, բայց դեռ լիարժեք չի ընդունվում, որ կինն ունի հավասար բոլոր իրավունքները, ինչ մյուսները. «Մենք նաեւ ստանում ենք բողոքներ տղամարդու նկատմամբ ընտանիքում բռնության հետ կապված: Համամասնությունն, իհարկե, նույնը չի, ինչ կանանց դեպքում»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց ատելության խոսքի մասին. «Դուք նշեցիք, որ մենք ունենք խնդիրներ, 2018-ին 2019-ի համեմատ ի՞նչ դինամիկա կա, ըստ իս, ավելի է սրվել: Դուք նշեցիք փաստաբաններին ներգրավելու մասին, հիմա ներառվում է նաեւ եկեղեցին, ձեր մեկնաբանությունը ո՞րն է»: Օմբուդսմենը պատասխանեց, որ օրենսդրական գործիք է մշակվել, շատ կարեւոր է, որ մարդիկ չներքաշվեն այդ գործընթացի մեջ, երկրորդը՝ կարեւոր է, որ հանրային գործիչներն իրենց խոսքով, պահվածքով այնպիսի վարքագիծ դրսեւորեն, որը չի գեներացնի վիրավորանք կամ ատելություն.«Դուք եկեղեցու հետ կապված նշեցիք, վերջերս լարվածության ալիք եղավ, այո, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք դա, որովհետեւ Հայ առաքելական եկեղեցին բացառիկ դերակատարություն ունի հայ ժողովրդի կյանքում՝ Վեհափառ հայրապետի հովվապետությամբ: Այդպես է եղել պատմականորեն ու մեր խորհրդանիշների հետ կապված, պետականությանը պետք է ունենանք առանձնահատուկ վերաբերմունք»:

«Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարցրեց՝ անցյալ տարի, երկու «ձվային» միջադեպեր եղան, մի անգամ ԶԼՄ-ի՝ «Հայելի» ակումբի դռանը խփեցին, մյուս դեպքում գրքի շնորհանդեսի ժամանակ խփեցին, ինչո՞ւ ԶԼՄ-ի դեպքը զեկույցում արձանագրված է, մյուս դեպքը՝ ոչ: Արման Թաթոյանը պատասխանեց, որ զեկույցը չէր կարող բոլոր դեպքերը ներառել, պարզապես խնդիրը նշել են ու մեկ-երկու օրինակով ցույց տվել:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մարդու իրավունքների պաշտպանին հարցրեց. «Ի՞նչ տարբերություն ձեր աշխատանքի եւ իմ ու Նաիրա Զոհրաբյանի աշխատանքի միջեւ: Ձեզ էլ են բողոքում՝ դուք բարձրաձայնում եք, մեզ էլ են բողոքում՝ մենք բարձրաձայնում ենք, ի՞նչ եք անում ավելին, որ մենք չենք անում: Եթե նույնն է, եկեք դուք էլ պատգամավոր դարձեք»: Հետո նա հավելեց, որ եթե Թաթոյանին լծակ է պետք, իրենք ուզում են, որ տրվի, որովհետեւ հիմա իրենց բողոքեն, թե օմբուդսմենին՝ մեծ հաշվով տարբերություն չկա: Սա լսելով՝ Արման Թաթոյանն արձագանքեց. «Ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ: Դուք ասացիք, որ մենք էլ ենք բարձրացնում հարցը, դուք էլ, իսկ ես ասում եմ՝ ես բարձրացնում եմ հարցը, համ էլ գործ եմ անում, այսինքն, կոնկրետ բողոքներ եմ քննում: Ես չէի ուզում, դուք ստիպեցիք ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930