Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում գետնին գցել աղջկաս, երկու տղամարդկանցով ոտքերով խփել, դա ի՞նչ ստորության աստիճան է». Սեդա Սաֆարյանը կատարվածը պատահական չի համարում

Ապրիլ 27,2020 14:52

«Մոտ տասը րոպե ոգևորված, մարդկանց գետնին գցած, մի մասին քարշ տալով՝ նման վայրագություններ էին կատարում»,- «Մեդիա կենտրոն»-ում տեսակապի միջոցով հրավիրված քննարկմանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ի երեկոյան, ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմաններում Երևանի Մուշ թաղամասում ծեծել են սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։

Այս առիթով Սեդա Սաֆարյանը մանրամասնեց. «Գիշերը բարձրաձայն հայհոյել են մի տասը րոպե, փեսայիս համբերությունը հատել է, դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։ Կարծես նրանք սպասում էին, որ փեսաս հունից դուրս գար: Մի փոքրամարմին երիտասարդի դուր չի գալիս, որ փեսաս նման բան է ասում, մոտենում խփում ու փախչում է: Հետո հարևանն է դուրս եկել, հետո աղջիկս, նրան են խփել, գցել գետնին, հետո փեսայիս մայրը, քույրն են դուրս գալիս: Դրանցից, որ ֆուտբոլիստ է, ոտքը բարձրացրել, այնպես է խփել աղջկաս տալի բերանին՝ ականջախառն, որ երեք օր է՝ բռնած ման է գալիս խեղճ աղջիկը: Հետո խնամիներս են դուրս գալիս՝ 66-67 տարեկան մարդիկ, նրանց են ծեծում, հարևանն է միջամտում, թե մեծ մարդիկ են, ինչու եք խփում, ասում են՝ քո ի՞նչ գործն է, որ խառնվում ես, նրան էլ խառնվելու համար են սկսում հարվածներ հասցնել»:

Սեդա Սաֆարյանը վստահ է, որ սա պատահական միջադեպ չէ, քանի որ նորմալ տղամարդիկ չեն կարող, եթե տղայի հետ խնդիր ունեն՝ կանանց առաջ քաշեն, ծեծեն:

Դառնալով ծեծի օրվա մանրամասներին՝ Սեդա Սաֆարյանը մի դրվագ ևս պատմեց. «Հարևաններից ինչ-որ ոստիկանության նախկին աշխատող է գալիս, խառնվում, նրա կինն է ահազանգում, թե կռիվ կա, ոստիկանություն են կանչում: Հետո չգիտես՝ ոնց է լինում, որ արդեն պատրաստ ոստիկանները, որոնք դեպքի վայր գալիս են լինում, նորից նրանց զանգում են, ասում, թե սովորական աղմուկ է, մի եկեք»: Սեդա Սաֆարյանն ասաց, որ աղջիկն իրեն փոխանցել է՝ այդ նախկին ոստիկանը ծեծի ենթարկողներից մեկին ճանաչում է: Նա պնդեց. «Կենտրոնացած են եղել աղջկաս վրա, ասում են՝ հիմնականում Լուսինեին էին երկու տղայով գետնին գցել, չէին հանգստանում, հարվածում էին»:

Նրա համար մտահոգիչ է այն, որ իրեն զանգում են որոշ մարդիկ, ասում՝ գիտեք, մեր երեխան կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Սեդա Սաֆարյանի տեղեկացմամբ՝ դեռ այս ամենի հիմնական մեղավորը հայտնաբերված չէ:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ փեսան մասնակցում է քննչական գործողություների: Հիշեցրեց, որ իրենց ընտանիքը վերջին մեկ տարվա ընթացքում բազում հալածանքներ է կրել, բայց միևնույն ժամանակ ասաց՝ վիրավորված է՝ իր կողքին չի տեսնում համապատասխան ուժեր, այդ ամենին իրավապահ մարմինները մատների արանքով են նայում: Նա հայտարարեց. «Ժողովուրդն ինձ սիրում է , ես էլ ՝ ժողովրդին: Այս փոքրիկ խաժամուժը պետք է հասկանա, որ չափերն անցնելու դեպքում ես չեմ կարող ժողովրդին զսպել: Ի՞նչ է նշանակում գցել գետնին աղջկաս, երկու տղամարդկանցով ոտքերով խփել, դա ի՞նչ ստորության աստիճան է: Հետաքրքիրն այն է, որ բաժնում անգամ հոլովվեց Աննա Դանիբեկյանի անունը, թե նա՞ ինչ գործ ուներ այս գործի հետ: Այդ հետաքրքրասերը, որ զանգել էր, հետաքրքրվում էր, թե Աննա Դանիբեկյանի հետ ինչ կապ ունենք, ինձ համար հասկանալի չէր, թե ինչու այդ միջադեպում հոլովվեց այդ մարդու անունը»:

Սեդա Սաֆարյանը հավաստիացրեց՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, իր համար մեկ է, թե նրանցից ով է նախաձեռնել այս պատմությունը: Հարցին՝ իր ո՞ր հայտարարությունները կարող էին պատճառ դառնալ նման միջադեպի, Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Միջադեպից առաջ ես ԶԼՄ-ներին եմ հարցազրույց տվել, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված կտրուկ մերժողական դիրքորոշում եմ հայտնել, օլիգարխների ուղեկցությամբ մարդկանց կրակելու վերաբերյալ տեղեկություններ և Արցախի ներքաշման հետ կապված տեղեկություններ եմ հայտնել: Էլ չեմ ասում հայտնի՝ ՀՀ-ից դուրս գտնվող օլիգարխի հետ խնդիրներ ունեմ գործերով, գեներալների անուններ եմ հնչեցրել: Ով էլ ինչ անի, անում է հանուն այդ շահի, միասնական պաշտպանության: Պատահական չեմ համարում, որ հենց առաջին օրն իմ աղջիկը ոտք է դնում այդ տանը, և այդ տան առաջ տեղի է ունենում նման միջադեպ: Ես սա պատահական չեմ համարում»:

Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնց համար վտանգավոր աշխատանք եք կատարում, Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Այո, բայց չեմ ասի այժմ: Կան մարդիկ, որոնք կարող են շատ լուրջ ցուցմունքներ տալ և ընդհանուր փակել շատերի բերանը՝ կրակելու հետ կապված»:

Խոսելով ՀՀ Փաստաբանների պալատի՝ այս միջադեպի հետ կապված դիրքորոշմանը մասին՝ Սեդա Սաֆարյանն ասաց. «Ես ուղղակի ուզում եմ, որ Փաստաբանների պալատը գիտակցի, որ պալատը միայն օլիգարխիկ համակարգի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների իրավունքները պաշտպանելու համար չէ: Ցավում եմ, որ թավիշը ոչ միայն իրավապահ համակարգում է, այլև մեր համակարգում: Ցավում եմ, որ 2000 փաստաբաններն այսօր լուռումունջ են: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ 2008-ի մարտի Փաստաբանների պալատի հետ եմ առնչվում»: Սեդա Սաֆարյանն ասաց, որ շատերն են եկել, ասել, թե «մարդիկ են հավաքագրում, զգույշ լինեմ, անգամ հորդորել են՝ մեր մուտքի դուռը բաց չթողնենք: Գերմանիայից են զանգել, որ զգույշ լինեմ»:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ ամեն ինչ անելու է իր կապերով պարզելու, թե ովքեր էին միջադեպի մեղավորները: Նրա համար գոհացնող չեն այն գործողությունները, որոնք տեղի են ունենում: Հատկապես նաև այն, որ երբ այդ միջադեպի մասնակից երիտասարդներին ոստիկանությունը բացահայտել է, միայն բացատրություն են վերցրել և թողել հեռանան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930