Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսների վարկերը ձգձգվում են, ավտոլվացման բիզնեսով զբաղվող որոշ ՓՄՁ-ներ էլ աջակցության որեւէ ծրագրից չեն կարողացել օգտվել

Ապրիլ 27,2020 14:30

Aravot.am-ը ՓՄՁ ոլորտի ներկայացուցչից հարց էր ստացել՝ ինչպե՞ս պետք է ապրեն այն ընտանիքները, որոնց կերակրման միջոցը ավտոլվացման կետն է, սակայն այդ բիզնեսը կարանտինի պատճառով չի աշխատում, սակայն այդ ՓՄՁ-ն չի կարողանում օգտվել կառավարության աջակցության որեւէ ծրագրից: Քաղաքացին նշել էր՝ ո՛չ հինգերորդ ծրագրի շահառու են, քանի որ այս պահին մեկ աշխատակից ունեն, ոչ առաջին ծրագրից, որովհետեւ վարկ չեն կարող վերցնել, ո՛չ էլ պարապուրդում գտնվելու 68 հազար դրամ աջակցությունից:

Այս հարցին ի պատասխան, որը փոխանցել էինք այսօր կառավարության մամուլի սրահում ասուլիս հրավիրած էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանին, նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց՝ ավտոլվացման գործունեությունն այս պահին արգելված գործունեության տեսակ չէ. «Տնտեսական գործիքները հիմնականում ուղղված են այն ոլորտներին, որոնք այս պահին տուժում են փակ լինելու հանգամանքից»:

Նշենք սակայն, որ ավտոլվացման բիզնեսը մեկ ամսից ավելի փակ է եղել եւ պարետի որոշմամբ արգելված գործունեության տեսակների շարքում էր, եւ քաղաքացու հարցը այդ ժամանակաշրջանին էր վերաբերվում:

Լրագրողները Նաիրա Մարգարյանին փոխանցեցին նաեւ գյուղատնտեսների բողոքները, որոնք դժգոհել էին՝ բանկերը գյուղվարկերի տրամադրումը ձգձգում են: Հարցին արձագանքեց Աննա Օհանյանը՝ նշելով, որ բանկերն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով եւ գյուղատնտեսական վարկերի պահանջարկը մեծ է. «Այս պահին բանկերը մեծաքանակ դիմումներ են ստանում»:

Այն հարցին՝ հիմնականում ինչի՞ պատճառով են մերժվում բիզնեսի դիմումները եւ արդյոք կա՞ վերջնաժամկետ, Նաիրա Մարգարյանը պատասխանեց, որ վերջնաժամկետ սահմանված չէ. «Մենք աշխատում ենք սպասարկել բոլոր այն շահառուներին, որոնք դեռ չեն դիմել: Հատկապես՝ հաշվի առնելով, որ ոլորտներն ընդլայնում ենք, սպասում ենք, որ դիմումների նոր ալիք կլինի»:

Իսկ թե հիմնականում ինչ պատճառաբանությամբ են մերժվում, փոխնախարարն ասաց՝ դիմում են այն ոլորտները, որոնք ներգրավված չեն ծրագրերում, երկրորդը՝ հարկային բարվոք պատմություն չունենալու պատճառով, երրորդը՝ շրջանառության պատճառով, քանի որ այն կամ 24 միլիոնից ցածր է կամ 500 միլիոնից բարձր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930