Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը խոսեց ատելության մթնոլորտի, համացանցում վիրավորանքների մասին. «Վիճակը մտահոգիչ է…Ինքնադատաստանը վտանգավոր երեւույթ է»

Ապրիլ 27,2020 13:40

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2019-ի ընթացքում իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ասաց, որ աշխատանքային իրավունքի խախտումներ են լինում:

Խնդիրները վիճարկելու արտադատական մարմին չկա, միակ արդյունավետ լուծումը դատարան դիմելն է, բայց երբ գիտեն, որ տարիներով մարդիկ դատարաններում քաշքշուկների մեջ են ընկնելու, չեն էլ դիմում: Օմբուդսմենը դիմել է նաեւ ՍԴ՝ ողջամիտ ժամկետի հետ կապված, որովհետեւ, ըստ նրա, երբ դատավորը տարիներով ձգում է գործը, պետք է իր համար հետեւանք առաջանա:

Հայաստանում քանի որ աշխատաշուկան փոքր է, գործատուն առանձին դեպքերում թելադրողի դերում է հանդես գալիս ու չարաշահում թույլ տալիս: Օրինակ, աշխատանքից ազատվող աշխատողի հետ վերջնահաշվարկներ չեն կատարում, անհիմն պահումներ են կատարում, պատշաճ չեն ծանուցում:

Առողջապահական համակարգում խնդիր է բժշկական գաղտնիքի պահպանման հարցը. «Առանձին դեպքերում նույնիսկ անվերահսկելի ձեւով կարող է խախտվել»:

Գործարարության ոլորտում ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման տուգանքների անհամաչափության խնդիրը կա՝ օրենքի պատճառով. «Պետք է բարեփոխումների շարքում ներառվի, որովհետեւ անգամ փոքր խախտման համար կան ֆիքսված չափեր: Անհատական մոտեցման համար Քրեական օրենսգիրքը «մկրատներ» ունի, ասենք, 1000-ից 2000 դրամ տուգանք: Կիրառող մարմինը հնարավորություն է ունենում կողմնորոշվել: Հարկային օրենսգիրքը նման խախտումների համար կոնկրետ ֆիքսված չափ է նշում ու հնարավոր չի լինում անհատական մոտեցում ունենալ:

Օմբուդսմենը խոսեց նաեւ ատելության մթնոլորտի, համացանցում վիրավորանքների մասին. «Վիճակը մտահոգիչ է: Կեղծ օգտատերերից եւ կեղծ խմբերից եկող տարբեր ագրեսիան մեծ է: Չկա գրեթե առողջ քննարկում որեւէ հարցի վերաբերյալ: Անգամ եթե երկու տեսակետ է քննվում, մի խմբին նայում ես՝ վիրավորում, հայհոյում են մյուս խմբին, մյուս խմբին ես նայում՝ վիրավորում ու հայհոյում են մյուս խմբին: Տպավորություն է, որ մարդիկ խմբերի բաժանված ինչ-որ բանի են մասնակցում:

Թաթոյանը մտահոգություն ունի, որ այս ատելության մթնոլորտը համացանցից իրական կյանք կտեղափոխվի, մանավանդ, որ նման դեպքեր արդեն եղել են, երբ մի քաղաքացի կորոնավիրուսի հետ կապված կնոջ նկար էր հրապարակել, նրա հարազատները հաշվեհարդար էին տեսել:

Օմբուդսմենն ընդգծեց. «Պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն, իրավական երկրում այդպես է: Այլ հարց է, որ պետք է լինեն վերահսկողական գործիքներ, որ չարաշահումներ չլինեն: Բայց դրա համար կա պետություն ու այդպես կոչված ինքնադատաստանը վտանգավոր երեւույթ է, որը չպետք է թույլ տալ մեր կյանքում: Հաճախ լրագրողներին էլ նույնացնում են այն մարդու հետ, որից նա կարող է հարցազրույց վերցնել ու թիրախավորում են լրագրողներին»: Ինչպես լրագրողների դեպքում, այդպես էլ փաստաբաններին նույնացնում են պաշտպանյալի, վստահորդի հետ: Արման Թաթոյանը նաեւ նշեց, որ ԶԼՄ-ն պարտավորություն ունի վերացնելու վիրավորանք, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, բայց շատ դեպքերում չեն անում դա, ինչը նպաստում է այդ մթնոլորտի ավելացմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930