Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ի վերջո, մեր կառավարությունը մեր ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է պատրաստ ծախսելու այս ճգնաժամից դուրս գալու համար»

Ապրիլ 27,2020 13:18

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի տալ հավելյալ մեկ ամսվա թոշակ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշել է Մարուքյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես նշել է, որ այդ փողը կա, Կառավարությունը Կենտրոնական բանկի իր համապատասխան հաշվին ավելի քան 300 մլրդ դրամ ունի:

«Մեզ ասում են՝ դա պոպուլիզմ է, Հայաստանը հարուստ երկիր չէ: Երբ մենք ասում ենք, որ ԱՄՆ-ում, Դանիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում ՀՆԱ-ի այսքան տոկոսի չափով աջակցություն է տրամադրվում, մեզ ասում են՝ նրանք հարուստ երկրներ են, ինչու եք նրանց հետ համեմատում Հայաստանին: Ժողովուրդ ջան, չենք համեմատում, այդ երկրներն իրենց ՀՆԱ-ի չափով են օժանդակություն տալիս, Հայաստանն էլ իր ՀՆԱ-ի չափով պետք է տա:

Փող կա, այդ փողը ՀԿ-ում գանձապետական համապատասխան հաշվեհամարին դրված է, 300 մլրդ դրամից ավելի փող կա: Փառք Աստծո, Հայաստանն այս ճգնաժամի մեջ մտել է համապատասխան խնայողություններով»,- ասել է Մարուքյանը:

Նա նշեց, որ կառավարության կողմից աջակցության 14 միջոցառումների վերաբերյալ «Լուսավոր Հայաստանն» իր գրասենյակում խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին. «Այսինքն` այնքան բարդ է ծրագրերին դիմելը, չափանիշներին համապատասխանելը, որ հատուկ կարիք կա խորհրդատվություն անել, աջակցել, որ մարդը կարողանա դիմել: Այդ բոլոր ծրագրերով օգնությունը մեր ՀՆԱ-ի մեկ տոկոսն էլ չի կազմում: Մնացած մասով մենք ունենք վարկային ծրագրեր, որից տնտեսվարողները բողոքում են, որ վարկերը չեն կարողանում ստանալ, բազմաթիվ պրոբլեմներ կան:Օրինակ, 130 հազար դրամ մի անգամ ուշացման պատճառով մի քանի մլրդ հարկ վճարողներ զրկվել են վարկ ստանալու հնարավորությունից:

Մենք հարց ենք բարձրացնում՝ ի վերջո, մեր կառավարությունը մեր ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է պատրաստ ծախսելու այս ճգնաժամից դուրս գալու համար: Աշխարհի շատ երկրներում, որոնց թվարկեցի, որոշել են, որ ամենադյուրին ձեւը մարդկանց փող բաժանելն է, որ մարդիկ այդ փողը ծախսեն ապրելու համար, վճարեն իրենց կոմունալները, եւ դա տնտեսության համար կշարժվի, տնտեսությունը կիսամեռած վիճակում կշնչի, մարդիկ էլ ծանր սոցիալական այս հարվածի տակ կարողանան գոյատեւել եւ հասնել ավելի լավ օրերի: Այսինքն` արձանագրում ենք, որ ամենալավ փորձը, որ աշխարհում կիրառվել է մարդկանց տնետուն փող բաժանելն է, ուրիշ տարբերակ չկա:

Այսինքն` ֆիքսեցինք, որ կա 300 մլրդ դրամից ավելի փող, մեր պետությունը մոտ 30 մլրդ դրամ էլ չի ծախսել, բայց խորը ճգնաժամի մեջ ենք: Ընտանիքներ կան, որ սովի են մատնված, վարձով ապրող մարդկանց իրենց վարձած բնակարաններից են դուրս հանում, արտագնա աշխատողները չեն գնացել, չեն կարող գնալ եւ սովի են մատնված, որովհետեւ որեւէ այլ եկամուտով նրանք չեն ապրել:

Հիմա ի՞նչ ենք մենք առաջարկում:

Այսօր Հայաստանում մոտավորապես 650 հազար ընտանիք կա: Մեր կառավարությունը որոշել է պարզել, թե ովքեր են կարիքավորները եւ թիրախավորված օժանդակություն հատկացնել, որպեսզի հանկարծ որեւէ մեկը, որ ունեւոր է եւ կարիք չունի, գումար չստանա: Այնպիսի չափանիշներ են ձեւավորել, որ հազարավոր կարիքավորներ դուրս են մնացել ծրագրերից: Որպեսզի նման բան չլինի, մենք առաջարկում ենք հակառակ թիրախավորում, այսինքն` գնալ բացառման մեթոդով: Եկեք որոշենք, թե ում չենք աջակցում, դա ավելի հեշտ է, քան որոշենք, թե ում ենք աջակցում: Փորձել ենք ճիշտ թիրախավորում անել, արդեն չի ստացվել:

Պետք չի աջակցել պետական սեկտորի աշխատողներին, պետք չի աջակցել հանրային սեկտորի աշխատողներին, այսինքն «Գազպրոմում», էլցանցերում աշխատողներին, մեծ կորպորացիաներում աշխատողներին (օրինակ կապի օպերատորներին, բանկային սեկտոր, IT սեկտոր) որովհետեւ իրենք իրենց աշխատավարձը ստանում են: Մոտավորապես 150 հազար ընտանիք հանում ենք, տակը մնում է կես մլն ընտանիք: Մենք առաջարկում ենք 100 մլրդ դրամ նախատեսել, որի 50 մլրդ դրամը բաժանել 500 մլն ընտանիքներին: Այսինքն` ամեն ընտանիքի 100 հազար դրամ կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930