Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նախկինում թոշակառուի մի քանի ամսվա թոշակը գրպանում էին՝ թոշակ նշանակելու համար, հիմա քաղաքացուն «ցրում» են ու կոպտում. Օմբուդսմենի դիտողությունը

Ապրիլ 27,2020 13:01

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2019-ի ընթացքում իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Դրական տեղաշարժերի մասին խոսելուց հետո` Թաթոյանն անդրադարձավ խնդիրներին. «Առաջին խնդիրը արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու խնդիրն է, այն մարդկանց դիմումները մերժելուն է վերաբերում, այստեղ ձեւական մոտեցում է կիրառվում եւ իրավունքի գերակայության հարցը մնում է հետեւում: Կա կառավարության որոշմամբ սահմանված ցանկ, որտեղ մասնագիտություններ, աշխատանքներ են նախատեսված: Մարդկանց դիմումները մերժում են՝ պատճառաբանությամբ, որ ստաժը չի համապատասխանում: Կարելի է այնպիսի մեկնաբանություն տալ, որ քաղաքացիները չզրկվեն իրենց այդ իրավունքից: Օրինակ, մի դեպքում քաղաքացին աշխատել է լաբորանտ, հետագայում աշխատել է որպես ուսուցիչ, լաբորանտի ստաժը հաշվի չի առնվում ու զրկվում է այդ հնարավորությունից: Համակարգային խնդիրներ են առկա նաեւ մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցում, որոնք մնում են չլուծված: Ինչպես նախորդ տարիներին, 2019-ին նույնպես արձանագրվել է այդ խնդիրը: Մարդկանց մերժում են՝ ձեւական հիմքով, որ ձեր մասնագիտությունը ներառված չի կառավարության որոշման մեջ: Համակարգային խնդիր է նաեւ մարդկանց փաստացի աշխատած ժամանակահատվածը կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում չհաշվառելը: Սա վերաբերում է այն իրավիճակներին, երբ մարդիկ չեն կարողանում ներկայացնել աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր: Պաշտպանության մեխանիզմների բացակայության պատճառով դատական քաշքշուկների մեջ են ընկնում ու էլ ավելի մեծ խնդրի առաջ հայտնվում»:

Ըստ Արման Թաթոյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակառուների համար ստեղծում է արհեստական խոչընդոտներ, այն իրավիճակում, երբ նրանք փորձում են հարցը լուծել դատական կարգով. «Մասնավորապես վերջերս ներդրվել է այնպիսի պրակտիկա, երբ կենսաթոշակային մարմինը միջամտում է ընդհանուր իրավասության դատարանում հատուկ վարույթով քննվող ստաժի հաստատման գործընթացին՝ ներկայացնելով դիրքորոշում դիմումն առանց քննության թողնել՝ իբր թե կողմերի միջեւ առկա է վեճ: Այս միջամտության հետևանքով դատարանում հատուկ վարույթով քննվող գործերը թողնվում են առանց քննության, այնուհետեւ մարդը ստիպված է վարչական դատավարության կարգով կենսաթոշակային մարմնին պարտավորեցնել թոշակը նշանակելիս հաշվառել իր աշխատանքային ստաժը ու բավականին ժամանակ կորցնում, դարձյալ անցնում քաշքշուկների միջով»:

Թաթոյանն ասաց, որ այս կարգի պրակտիկային պետք է վերջ տան:

Սոցիալական ապահովության համակարգում, ըստ օմբուդսմենի, ոչ պատշաճ վարչարարությունը բավականին մեծ տարածում ունի եւ դրա հետեւանքով շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները. «Սա տարիների պրակտիկայի արդյունք է, այնպես չի, որ մեկ-երկու տարում են ձեւավորվել, տարիների խրոնիկ խնդիրներից է: Ընդ որում, կան կողմնակի հետեւանքներ, որոնք նոր առաջացած խնդիրներ են: Ենթադրենք, նախկինում եղել է համակարգային կոռուպցիա, որ կենսաթոշակ նշանակելու համար առաջին մի քանի ամսվա կենսաթոշակը կենսաթոշակային մարմինը պահանջում, ստանում էր, որպեսզի այդ հարցով զբաղվի: Հիմա այդ երեւույթը վերացել է, կամ համակարգային բնույթ չի կրում, բայց փոխարենը կենսաթոշակային մարմիններում խնդիրներ են արձանագրվում՝ հատկապես դիմումները չվերցնելու առումով, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան, վարչարարությունից ազատվեն, քաղաքացուն բանավոր մերժում են, արագ ձերբազատվում: Այս ոլորտի մարմիններն անգամ սպառնալիքներ են հնչեցնում քաղաքացիներին, վատ վերաբերմունքի են արժանացնում: Համակարգն այնպիսին է, որ սուբյեկտիվ գործոնը չափից շատ մեծ է ու հանգեցնում է պրակտիկայում չարաշահումների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930