Հայաստանը եվրասիական կառույցներում․ ազատություն և բացառություն
Եվրասիական տարածաշրջանում ազատության ցուցանիշները շարունակում են ցածր մնալ 2020 թվականին, և Հայաստանը միակն է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների շարքում, որտեղ զարգանում են ժողովրդավարական արժեքներն ու ազատությունները։
Ազատությունը Եվրասիայում
Միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2020 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցի համաձայն, եվրասիական տարածաշրջանում ոչ ժողովրդավար առաջնորդները պահել են իրենց իշխանությունը վերահսկվող ընտրությունների միջոցով։ Մասնավորապես, օրինակ են բերվում անցած տարի Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները, որոնց թույլ չտրվեց մասնակցել ընդդիմադիր թեկնածուներին։ Նույն կերպ, այսինքն՝ առանց ընդդիմության, անցան նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Բելառուսում, ինչպես նաև այդ կառույցների անդամ չհանդիսացող Ուզբեկստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները։
Կարդացեք նաև
Ղազախստանում, ինչպես նշվում է զեկույցում, երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կեղծ ընտրությունների միջոցով փոխանցել է իշխանությունն իր ընտրած հետնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, իսկ իշխանություններն այդ ընթացքում իրականացրել են ձերբակալություններ և բռնություններ՝ բողոքի ցույցերը ճնշելու համար։
Սրա հետ մեկտեղ, զեկույցի հեղինակներն անդրադարձել են Հայաստանում դրական փոփոխություններին ու ակնկալիքներին, ինչպես նաև նշել են, որ Հայաստանում սկսված ժողովրդավարացման գործընթացները դրական ազդեցություն ունեն Արցախում քաղաքական մրցակցության և քաղաքացիական հասարակության ակտիվացման վրա։ Ի դեպ, այս մասում զեկույցի հեղինակներն ընդգծել են նաև, որ Եվրասիայի մյուս անջատված տարածքներում, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից, շարունակվում են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոտնահարումները և լճացումը։
Freedom House-ի այս զեկույցում չկա առանձին անդրադարձ ՀԱՊԿ անդամ Տաջիկստանին և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանին։
Իրավապաշտպան կազմակերպության ընթացիկ վարկանիշներով՝ Հայաստանը և Ղրղըզստանը, համապատասխանաբար, 53 և 39 միավորով, մասնակի ազատ երկրների թվում են, իսկ Ռուսաստանը (20), Բելառուսը (19) Ղազախստանը (23) և Տաջիկստանը (9)՝ ոչ ազատ երկրների թվում։ Ընդ որում՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ ամենամեծ առաջընթացը նույնպես գրանցել է Հայաստանը՝ 2 միավորով։ 2019-ին նույնն են եղել Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի ցուցանիշները, իսկ Ղազախստանի և Ղրղըզստանի ցուցանիշներն աճել են մեկական միավորով։
Ազատությունը համացանցում
Ժամանակակից աշխարհում, քաղաքացիական ազատություններին հավասար, կարևոր է նաև ազատությունը համացանցում, այսինքն՝ ինչքանով է այն ազատ տարատեսակ սահմանափակումներից և արգելափակումներից տարբեր երկրներում։ Freedom House-ը, ըստ այդմ, ուսումնասիրում է համացանցի ազատությունը 65 երկրում, որոնց շարքում Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում։
Այսպես, ըստ Freedom House-ի «Ազատությունը համացանցում» 2019 թվականի վարկանիշի, Հայաստանն ունի 76 միավոր։ Նույնքան միավոր, համեմատության համար, ունի նաև Ֆրանսիան, ավելի քիչ միավորներ՝ 75 և 73, ունեն, համապատասխանաբար, Իտալիան և Ճապոնիան։ Հայաստանը, ըստ այս վարկանիշի, համարվում է ազատ ինտերնետ ունեցող երկիր՝ ի տարբերություն ԵԱՏՄ և ՀԱՊԿ գործընկերների:
Այսպես, Բելառուսն ունի ընդամենը 35 միավոր և համարվում է ոչ ազատ ինտերնետ ունեցող երկիր։ Նույն կարգավիճակում են նաև Ղազախստանը (32) և Ռուսաստանը (31): Բացառություն է Ղրղըզստանը, որտեղ ինտերնետի ազատության ցուցանիշը 61 է, և այն համարվում է մասնակի ազատ համացանց ունեցող երկիր։ ՀԱՊԿ անդամ Տաջիկստանն այս վարկանիշում ներառված չէ։
Այս ցուցանիշով Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, որտեղ ինտերնետի ազատությունը 2019 թվականին 2018-ի համեմատ ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է։ Մյուս բոլոր երկրներում համացանցի ազատության գործակիցն անկում է ապրել, Ռուսաստանում՝ 2 միավորով, Բելառուսում՝ 1 միավորով, Ղազախստանում՝ 6 միավորով, Ղրղըզստանում՝ 1 միավորով։ Հայաստանը նույն ժամանակահատվածում բարելավել է իր դիրքերը 3 միավորով։
Այսինքն, Հայաստանը ժողովրդավարության և ազատությունների առումով եզակի երկիր է եվրասիական ինտեգրացիոն կառույցների կազմում։ Սակայն ժողովրդավարական այդ ձեռքբերումներն ու ազատություններն իրականացնելու համար Հայաստանից լրացուցիչ ջանքեր են պահանջվելու, քանի որ այդ տնտեսական և անվտանգային միությունների մյուս անդամ երկրներում բոլորովին այլ ընկալումներ կան ազատությունների, ժողովրդավարության և առաջընթացի մասին։
Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»