Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձ բնականոն աշխատանքի. Ucom տնօրենների խորհրդի հայտարարությունն ուղղված ընկերության աշխատակիցներին

Ապրիլ 27,2020 11:37

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերության տնօրենների խորհուրդը, ընկերության ներսում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և բիզնես շարունակականության ապահովման նպատակով, աշխատակիցներին նամակ է ուղարկել, որում, մասնավորապես, ասվում է

«Սիրելի գործընկերներ, շնորհակալություն, որ ձեր պատասխանատու քայլերով ապահովում եք ընկերության անխափան գործունեությունը։ Այսօր, երբ պանդեմիայով պայմանավորված աշխատանքն ու ուսուցումն իրականացվում են հեռավար տարբերակով, մեր հանձնառությունը բաժանորդների կապի և հասանելիության ապահովումն է՝ կյանքի բնականոն ընթացքը շարունակելու համար։

Մենք հասկանում ենք, որ վերջին շաբաթների անորոշությունն ու անհանգստությունը դժվարին կացության մեջ է դրել ձեզ։ Գիտակցում ենք, որ ձեզանից շատերը կանգնած են եղել երկընտրանքի առաջ և թիմային ոգու պահպանման համար քայլեր են կատարել։ Բարձր ենք գնահատում նաև բոլոր այն մարդկանց ռացիոնալ մոտեցումն ու չեզոքությունը, որոնք չեն ներգրավվել բաժնետիրական վեճերի մեջ։  Որպես իրավիճակի հանգուցալուծում կարևոր ենք համարում ընդգծել, ընկերությունը չի նախատեսում քննարկման առարկա դարձնել աշխատակիցների գործողությունները ճգնաժամային օրերին՝ այդ ամենը թողնելով անցյալում։

Այսօր միակ օրակարգը թիմի վերամիավորումն է մեկ նպատակի շուրջ՝ որպես հայկական տելեկոմ օպերատոր լավագույնս մատուցել ծառայությունները մեր բաժանորդներին։ Այդ առիթով «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հանձնառությունը ընկերության աշխատակիցների համար հետևյալն է.

  • Քանի որ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման դիմումի հետկանչի եռօրյա ժամկետը լրացել է, բայց տեղեկացված ենք, որ բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր ցանկանում են շարունակել իրենց աշխատանքային պարտավորությունների կատարումը, կաշկանդված են այս հանգամանքից, տեղեկացնում ենք, որ ինչպես դուք ավելի վաղ տեղեկացվել եք, դիմումի հետկանչի հնարավորություն ունեք նշված ժամկետներում։ Մենք հասկանում և հարգում ենք կատարած քայլերը, բայց կարևորում ենք, որ որոշումները կայացվեն իրավիճակի ռացիոնալ վերլուծությամբ։
  • Տեղեկացված ենք, որ տարբեր աղբյուրներով ձեզ փոխանցվել են Ընկերությունում աշխատատեղերի կայունությունն ու երկարաժամկետությունը կասկածի տակ դնող դատողությունները։ Պաշտոնապես հայտարարում ենք ու փաստում, որ ընկերությունը կայուն է, շարունակական և կրճատումներ չեն նախատեսվում։
  • Գիտակցում ենք, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դուք կարող եք անհանգստություն ունենալ աշխատավարձերի ստացման վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ տնօրենների խորհուրդը ներգրավել է լրացուցիչ միջոցներ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձի փոխանցումն ու գործընթացների շարունակականությունն ապահովված լինի։ Նորանշանակ գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանի գլխավորությամբ այս հարցը կարգավորվել է և ձեզ լրացուցիչ կծանուցվի։
  • Տեղյակ ենք, որ ընկերության որոշ ստորաբաժանումներում անորոշություն կարող է լինել աշխատանքի պրոցեսների կազմակերպման մասով։ Համաճարակով պայմանավորված աշխատանքային սահմանափակումների պատճառով այս հարցը փոքր-ինչ դանդաղ կարող է ընթանալ, բայց վստահ ենք, որ ընկերությունը՝ նորանշանակ գլխավոր տնօրենի գլխավորությամբ, արագ այս հարցը ևս կկարգավորի, ինչպես որ կարգավորել է մնացած հարցերը։ Խնդրում ենք զինվել համբերությամբ և, բնականաբար, նախաձեռնող լինել։
  • Թեև վերջին տարիներին տնօրենների խորհրդի գործունեությունը միջնորդավորված է ներկայացվել աշխատակիցներին, կարևոր ենք համարում անմիջական կապի և թափանցիկության վերականգնումը՝ ի բարօրություն ընկերության։ Ընկերության աշխատակիցների առաջ տնօրենների խորհրդի աշխատանքի հաշվետվողականությունն ապահովելու համար ստեղծվել է [email protected] էլ-հասցեն, որի միջոցով դուք ուղիղ ու անմիջապես կտեղեկանաք ընկերությանը վերաբերող առանցքային հարցերի մասին։

Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ մեզ մեծ բարձունքներ ու հպարտության պահեր են սպասվում, իսկ մինչ այդ, կարգավորման համար նախատեսում ենք նոր հնարավորություններ և ներդրումներ ներգրավել»։

Ucom CJSC

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930