«Կորոնավիրուսի տարածման ժամանակ ասում էի, որ դրան պետք է նայենք որպես հնարավորություն: Այս տեսական թեզի ամենավառ եւ հիշարժան արտահայտումը եղավ: Բոլորս ծանր իրավիճակի առաջ էինք, երբ տարելիցն էր մոտենում, բայց, միաժամանակ, համաճարակը թեւածում էր, ի՞նչ պետք է անեինք»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի՝ միայն պաշտոնյաների մասնակցությամբ եւ երաժիշտների կատարումներով հագեցած միջոցառումներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ աներեւակայելի էր թվում հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիները չպետք է գնան Ծիծեռնակաբերդի բարձունք. «Դրա արդյունքում մենք օրական մի քանի հարյուր վարակման դեպք էինք ունենալու, եւ իրավիճակը, վստահաբար, դուրս էր գալու հսկողությունից, ուստի որոշեցինք առաջնորդվել «ճգնաժամը որպես հնարավորություն» թեզով: Չգիտեինք՝ կստացվի՞, թե՞ ոչ: Ստացվեց, բայց ի՞նչ տեղի ունեցավ. մենք մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք ոգեկոչեցինք շատ ուժեղ, տեսանելի եւ լսելի կերպով, բայց՝ առանց ողբի: Ինքներս մեզ այլ տեսակետից նայեցինք: Համոզված եմ, որ այդ կերպարը բոլորիս դուր եկավ: Ուրախ եմ, որ շատերը դիրքորոշում ասելիս նկատում էին՝ ինչպե՞ս կարելի է Ծիծեռնակաբերդ գնալ արեւածաղիկ ուտելով: Շատերը բարձրաձայնում էին նաեւ փողոցների երկայնքով թափված ծաղիկների վաճառքը»: Վարչապետը կարծում է, որ ոգեկոչման առցանց միջոցառումներով քաղաքակրթական նոր մոտեցում ցուցաբերվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ