Վաղվանից հարկ վճարողները կարող են իրենց անձնական էջից քարտի միջոցով հարկային պարտավորությունների մարում իրականացնել: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանը: Նրա խոսքով՝ «Մենք դեռ անցյալ տարի նախաձեռնել էինք էլեկտրոնային վճարումների համակարգ ներդնել: Մենք ունեինք էլեկտրոնային համակարգեր, որի միջոցով հարկ վճարողն իր անձնական էջում հաշվետվություն էր հանձնում, իր հարկային պարտավորություններն էր տեսնում: Պատկերացրեք, ինչքան հարմար կլինի, եթե նույն էջից ինքը կարողանա իր հարկային պարտավորությունների մարումն իրականացնել քարտով: Մենք դա անցյալ տարվանից նախաձեռնել էինք, բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդ գործընթացի ավարտը հենց համընկավ արտակարգ իրավիճակի հետ»:
Աշոտ Մուրադյանը բացատրեց, որ հարկ վճարողները կարող են հաշված վայրկյանների ընթացքում ընտրել հարկատեսակն ու վճարումները կատարել՝ առանց տանից դուրս գալու:
Հարցին՝ ինքնաշխատ լրացման համակարգերը ե՞րբ են ներդրվելու՝ նա պատասխանեց. «Այն դեռեւս 2018-ից ենք սկսել ներդնել, որոշ հաշվետվական ձեւեր՝ ԱԱՀ-ն ու ակցիզային հարկը, ներդրել ենք 2019-ի վերջին ու 2020-ի սկզբին արդեն լիարժեք կիրառման դրվեց: Շրջանառության հարկը վերջացրել ենք 2018-ի վերջին: Քանի որ շրջանառության հարկը պարզեցված ռեժիմ է, բնականաբար, դրա շրջանակներում ավելի հեշտ էր ինքնաշխատ լրացումն անել: Հարկ վճարողը իր ցանկությամբ հնարավոր է ինքնաշխատ լրացված տվյալների մեջ բան փոխի։ Շատ հնարավոր է, որ այդ տվյալները, ինչ մենք լրացրել ու առաջարկել ենք, բավարար լինի, որպեսզի ինքը հաշվետվությունը հանձնի: Դա հարկ վճարողի գործարքից է կախված, կարող է ցանկացած տող, ցանկացած վանդակ փոխել»:
Հարցին՝ մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծական գործիքակազմի անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործումից հետո ՊԵԿ-ը նախատեսում էր ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ, դա ի՞նչ է իրենից ենթադրում ու ի՞նչ ենք ստանալու դրա արդյունքում՝ Աշոտ Մուրադյանը պատասխանեց. «Հարցը բաժանենք երկու մասի՝ հարկային ու մաքսային: Հարկային մասով մեծ տվյալների վերլուծության համակարգը, որը ներդրված է, եթե չներառի արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, արդյունքները մեծ չեն լինի: Իհարկե, դա մեծ քայլ է նախկին վիճակի համեմատությամբ, բայց եթե 5-10 տարի առաջ ենք նայում, առանց դրա հնարավոր չի: Մենք փորձում ենք մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության էլեմենտներն օգտագործելով՝ գնահատել ու ստանալ ռիսկային հարկ վճարողների մասին տեղեկատվություն, որոնք սովորական աչքերով ու սովորական բանաձեւերի կիրառմամբ հնարավոր չէ ստանալ»:
Կարդացեք նաև
ՊԵԿ-ը համագործակցում է Ամերիկյան համալսարանի հետ, ուշագրավ է, որ երբ արհեստական բանականության կիրառմամբ ենք գնահատում ռիսկերն ու ռիսկային հարկ վճարողների թիրախային խումբ ընտրում, ՊԵԿ-ի կողմից ընդունված կանոնակարգով իրականացված գնահատականի հետ որոշակի տարբերություններ են առաջ գալիս: Աշոտ Մուրադյանն ասաց. «Մենք պետք է հասկանանք, թե ինչով է պայմանավորված տարբերությունը, իրականում այնտեղ ռիսկ կա՞, թե՞ չկա: Գործընթացն ընթացքի մեջ է, ներդրման փուլում է: Բնականաբար, որոշակի արդյունքներ ունենք, բայց այդ գործընթացն անընդհատ զարգացման կարիք ունի»:
Խելացի ռիսկերի կառավարման մոտեցումը կիրառվել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության ոլորտում: Մաքսային ռիսկերի վերլուծության եւ կառավարման բաժնի պետ Ռաֆայել Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2018-ին, երբ դա ներդրել են, ԵԱՏՄ համաժողովում Հայաստանի այդ մոդելն են վերցրել՝ որպես օրինակելի. «Ներկայումս մենք արհեստական բանականության ու մեքենայացված ուսուցման տարրերը ներառում ենք անալիտիկ հաշվետվությունների համակարգում: Դրա հիմնական նպատակը անոմալիաների վերհանումն է: Մարդը ստիպված չէ տարբեր տեսակի տվյալներից, շտեմարաններից թվեր հանել, համեմատել, այլ մեծ ծավալի տվյալների շտեմարան ունենալով՝ տվյալները համադրվում են ավտոմատ ու վեր են հանվում անոմալիաները՝ նորմայից շեղումները»:
Թե ե՞րբ կարող ենք ասել, որ ՊԵԿ-ը պատրաստ է հարկային եւ մաքսային ոլորտների թվայնացմանն ամբողջությամբ, որը ամբողջ աշխարհում, հատկապես հիմա, հրամայական է, Աշոտ Մուրադյանը պատասխանեց. «Եթե ինձ եք հարցնում, կասեմ, որ ամբողջությամբ թվային է, բայց արդյոք դա նշանակում է, որ այդ ոլորտում անելիք չունենք, իհարկե, ոչ: Չնայած 100% թվային է, բայց այդ ոլորտում մենք դեռ շատ քիչ բան ենք արել՝ համեմատած նրան, թե ՊԵԿ ռազմավարությամբ ինչ նպատակներ ունենք: Մենք չէինք կարող մեծ տվյալների վերլուծություն անել, եթե ամբողջությամբ թվային չլինեինք: Արհեստական բանականությունը, մեքենայացված ուսուցումը աշխատում է թվային տվյալի հետ: Եթե մենք ունենք հիմա էլեկտրոնային մաքսային մարմնի համակարգ, ձգտում ենք նրան, որ ունենանք թվային մաքսային մարմնի համակարգ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ