«Նիդերլանդական օրագիր» – Նիդերլանդահայ բոլոր կառույցները, մասնավորապես` Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան, նախօրոք ծանուցել էին, որ Հայոց Ցեղասպանության 105-ամյա տարելիցին նվիրված հանրային մասայական միջոցառումները կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղյալ են համարվել: Դա վերաբերվում էր Հաագայում տեղի ունեցող հանրահավաք ցույցին, Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության Ասսենում կանգնեցված առաջին խաչքար-հուշարջանի 20-ամյակին, Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների մասսայական այցելություններին, ոգեկոչման համերգներին, եկեղեցական արարողություններին և այլը:
Դրա փոխարեն Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախումբը նախաձեռնել և մշակել էին վիրտուալ ոգեկոչման Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծրագիր: Ինտերակտիվ 40 րոպեանոց ֆիլմով բազմաթիվ հոլանդահայեր, կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի սահմանափակումների պայմաններում հնարավորություն ունեցան 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել` մնալով տանը:
Դեռ օրեր առաջ «Նիդերլանդական օրագիրը» Հայոց Ցեղասպանության տարբեր տարիների միջոցառումներից արխիվային նյութեր ու տեսաերիզներ էր ներկայացնում: Առաջին անգամ տեղի ունեցավ Ասսենի խաչքարի մասին 20 տարի առաջ այս օրերին նկարահանված 2 ֆիլմի պրեմիերա: Հուշարձանի տեղադրման և ոգեկոչման միջոցառումներ անցկացնելու դեմ թուրքական ահռելի բողոքների և հոլանդական և արտասահմանյան զանգվածային լրատվական միջոցների աննախադեպ ուշադրության շնորհիվ, Ասսենի խաչքարը յուրահատուկ կարևոր նշանակություն ունեցավ Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը։
Չնայած համաճարակի պատճառով արված խիստ սահմանափակումներին` օրենքի ընձեռած հնարավորությունների շրջանակներում, նիդերլանդական բոլոր հայաշատ քաղաքներում ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին անմեղ զոհերի հիշատակին:
Ավելի վաղ Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հատուկ աղոթք է հղել երկրում գործող բոլոր եկեղեցիներին` առաջիկա օրերին կայանալիք պատարագներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և սուրբ նահատակներին։ Նախօրեին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա խորհրդով` կոչ անելով հիշել անմեղ զոհերին ու շարունակել ազգային ու հոգևոր առաքելությունը` Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
Կարդացեք նաև
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ևս նախօրեին ուղերձ էր հղել Նիդերլանդների հայությանը` նշելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի դերն ու նշանակությունը այսօրվա իրականության մեջ:
Նիդերլանդների խորհրդարանի ներկա և նախկին անդամները, Եվրախորհրդարանում «Քրիստոնյա-դեմոկրատական կոչ» կուսակցության անդամներն իրենց զորակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձով է հանդես եկել Նիդերլանդների տարրական, միջնակարգ կրթության և լրատվության նախարար Արի Սլոբը: Նիդերլանդների կառավարության կողմից նա այս տարի պետք է Երևանում մասնակցեր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, սակայն այն չեղարկվեց համաճարակի պատճառով:
Ապրիլի 24-ին Նիդերլանդների հայկական եկեղեցիներում, Հայոց ցեղասպանության հուշարձանների մոտ ավանդական արարողություններին մասնակցեցին խիստ սահմանափակ քանակով մարդիկ` մյուսների համար ապահովելով հեռակապով հետևելը:
«Նույնիսկ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մենք միասնական ենք, և դա նաև արտացոլվեց այն բոլոր ուղերձներում, որ հոլանդացի մեր բարեկամները հղում են հայ ժողովրդին իրենց տներից և ոգեկոչում են ու իրենց աջակցությունը և համերաշխությունը հայտնում։ Սա, իհարկե, կարևոր հանգրվան է, որին Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները ձգտել են տասնամյակներ, և Ամստերդամի կենտրոնում այս խաչքարի առկայությունն այստեղ ևս այդ պայքարի ու այդ պայքարում հաջողության առհավատչյան է»,- Ամստերդամում ծաղկեպսակ դնելով Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրված խաչքարին՝ ասել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Այդ օրը դեսպանը Սբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի ղեկավարների հետ իրենց հիշատակի տուրքն են մատուցել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդևինդը, Ամստերդամի քաղաքապետարանի անդամներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը եղել է հայաշատ Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշհամալիրում և Ալմելոյի քաղաքապետ Արյեն Գերիտսենի հետ ծաղկեպսակ տեղադրել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
Ապրիլի 24-ին` Տիգրան Բալայանը հասցրել է լինել Ասսեն քաղաքում: Նա ծաղկեպսակ է դրել Նիդերլանդներում 20 տարի առաջ տեղադրված առաջին Հայոց Ցեղասպանության խաչքար-հուշարձանին:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվորեն են մասնակցել Նիդերլանդների երիտասարդական կազմակերպությունները` Ուտրեխտի «Գլաձոր», ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» «Հոմենթմեն» և այլ կառույցներ: