Լրահոս
Օրվա լրահոսը

Կախվածություն եղանակային փոփոխություններից․ մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն լավ զգալ՝ վատ եղանակին

Ապրիլ 26,2020 23:00

Եղանակային փոփոխությունները շատ մարդիկ բառացիորեն իրենց մաշկի վրա են զգում՝ նրանց մոտ խրոնիկական հիվանդությունների սրացում է նկատվում, զարկերակային ճնշումը սկսվում է տատանվել, կարող են անհանգստացնել գլխացավերը։ Թեև բժշկության մեջ «մետեոկախվածություն» եզրույթը հստակ չի սահմանվում, սակայն բժիշկներն էլ չեն հերքում, որ եղանակի փոփոխություններն ազդում են մարդկանց առողջական վիճակի վրա։ Հատկապես դա նկատելի է մեծ քաղաքների բնակիչների շրջանում․ այստեղ մարդկանց ինքնազգացողության վրա մթնոլորտային ճնշման տատանումների, քամու և բնական այլ երևույթների ազդեցությունն ավելի զգալի է։

Եղանակից կախվածությունն իսկական խնդիր է այն մարդկանց համար, որոնք ունեն հետևյալ հիվանդությունները․

  • Սիրտ-անոթային համակարգի խնդիրներ,
  • Բրոնխիալ ասթմա,
  • Ռևմատոիդ արթրիտ,
  • Հենաշարժողական ապարատի հիվանդություններ,
  • Անոթային վեգետատիվ դիստոնիա,
  • Անոթների աթերոսկլերոզ։

Վատանում է նաև այն մարդկանց վիճակը, որոնք գլխի կամ ողնաշարի վնասվածքներ են տարել։ Եղանակային փոփոխությունները բացասաբար են ազդում խրոնիկ հոգնածություն և անբավարար քուն ունեցող մարդկանց վրա։

Ուսումնասիրելով պացիենտների վիճակը՝ բժիշկները եղանակային կախվածությունը պայմանականորեն 3 տիպի են բաժանել․

  • Թեթև կախվածություն, որն ընթանում է նվազագույն դրսևորումներով, ուղեկցվում քնկոտությամբ, թուլությամբ, աշխատունակության թուլացմամբ։
  • Միջին կախվածություն, որը բնորոշվում է զարկերակային ճնշման տատանումներով, շնչարգելությամբ, սրտի ռիթմի խանգարմամբ և դյուրագրգիռ վիճակով։
  • Ծանր կախվածության դեպքում նկատվում է հիվանդության կտրուկ սրացում, ցավ կրծքավանդակում, շնչառության դժվարացում։ Վերջին դեպքում պացիենտները դիմում են բժշկի օգնությանը՝ կանխազգալով կաթվածի կամ ինֆարկտի վտանգը։ Սովորաբար եղանակային փոփոխություններին այդպես են արձագանքում խրոնիկ հիվանդություններ ունեցող տարեց մարդիկ, և եթե ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ չիրականացվեն, ապա նրանց մոտ կարող է զարգանալ մետեոնեվրոզ հոգեբանական ծանր վիճակը, երբ մարդն իրեն հիվանդ է զգում եղանակի անգամ աննշան վատացման դեպքում։

Եթե մարդու մոտ առկա են եղանակից կախվածության այս ոչ այնքան հաճելի դրսևորումները, ապա լավագույն խորհուրդը անբարենպաստ եղանակային պայմաններին ու մթնոլորտային ճնշման տատանումներին նախապատրաստվելն է՝ բարդությունների ու հիվանդությունների զարգացման կանխարգելման ճանապարհով։

Եղանակից կախվածություն ունեցող մարդկանց մեծամասնությունը տառապում է սրտի հիվանդություններից, զարկերակային ճնշման տատանումներից։ Եղանակային փոփոխություններին, մթնոլորտային ճնշման տատանումներին անոթներն արձագանքում են կծկանքներով, ինչը կարող է հիպերտոնիկ կրիզի զարգացման հանգեցնել։

Բժիշկները խորհուրդ են տալիս․

  • Ամեն օր չափել զարկերակային ճնշումը և գրառումներ կատարել՝ տվյալները համեմատելու համար։
  • Կոփել օրգանիզմը՝ պարբերաբար ոտքերի սառը լոգանք, ինչպես նաև տաք և սառը ցնցուղ ընդունելու օգնությամբ։ Այդպիսով անոթներն ավելի «դիմացկուն» են դառնում մթնոլորտային ճնշման նկատմամբ։ Իհարկե, չմոռանանք, որ այդպիսի պրոցեդուրաները ցանկալի է սկսել տարվա տաք եղանակներին։
  • Եղանակային սպասվելիք փոփոխություններից առաջ բժշկին դիմելով հստակեցնել ընդունվող դեղամիջոցների չափաբաժինը։
  • Զբաղվել սպորտով, առավոտյան մարմնամարզություն կատարել, քայլել մաքուր օդում․ դա լավ միջոց է անոթների ամրացման և օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար։
  • Դիմել մանուալ թերապիայի օգնությանը։
  • Անոթների տոնուսն ու եղանակային կախվածությունը կարող են թուլացնել նաև դեղաբույսերով թեյերը, որոնք հանգստացնում են նյարդային համակարգը, բարելավում քունը։
  • Օրգանիզմի՝ եղանակի փոփոխություններին հարմարվելու հարցում պակաս կարևոր դեր չունի ճիշտ սննդակարգը․ «անցումային օրերին» խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև սննդին, մսի փոխարեն ընտրել ձկնեղեն, չմոռանալ սեզոնային մրգերի, բանջարեղենի մասին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930