Առիթ ունեցել եմ ձեզ ներկայացնելու բանջարեղենով ֆրանսիական տարտերի տեսականի: Օրինակ՝ սմբուկով տարտ, սոխով տարտ, լոլիկով տարտ: Այսօր ներկայացնում եմ գարնանային ամենահամեղ բանջարեղենով՝ ծնեբեկով տարտ: Ի դեպ, ծնեբեկն այնքան օգտակար եւ համեղ է եւ այնքան կարճ ժամանակով է այցելում մեզ, որ ուղղակի չպետք է ժամանակ կորցնել եւ հնարավորինս շատ ծնեբեկ է պետք ներառել մեր խոհանոցում ապրիլ-մայիս ամիսներին: Կարող եք պատրաստել ծնեբեկով ռիզոտո, ծնեբեկով աղցան, ծնեբեկով կրեմ-ապուր, ծնեբեկ՝ հոլանդեզ թանձրուկով եւ իհարկե՝ այս տարտը: Դե, բնականաբար, կարող եք պարզապես թեթեւակի խաշել ծնեբեկը եւ հենց այդպես, կամ կիտրոնի հյութ ցողած ուտել, կարող եք ծնեբեկով ձվածեղ պատրաստել:
Անհրաժեշտ մթերքները
Շերտավոր խմոր- 400-500 գրամ
Ծնեբեկ- 300 գրամ
Կարդացեք նաև
Սերուցքային կամ կաթնաշոռային պանիր- 180-200 գրամ
Ձու-1 հատ
Մոցարելա կամ սուլուգունի պանիր- 100 գրամ
Խոզապուխտ կամ բեկոն- 50-100 գրամ
Պատրաստման եղանակը
Այս տարտը կարող եք պատրաստել ինչպես խոզապուխտով, այնպես էլ՝ առանց դրա: Ինչպես լուսանկարում տեսնում եք՝ ես երկու մասի եմ բաժանել տարտը, մի մասը՝ առանց խոզապուխտի է, քանի որ տանը բուսակեր ունենք, մյուսը՝ խոզապուխտով:
Շերտավոր խմորը բացեք ուղղանկյուն: Երեք բարակ շերտ առանձնացրեք խմորից, մնացածը տեղավորեք ջեռոցի տապակի մեջ: Այդ շերտերը ծառայելու են որպես եզրեր՝ մեր տարտի համար: Առանձնացված շերտերից մեկը կիսեք մեջտեղից, կստանաք երկու երկար եւ երկու կարճ շերտեր: Ձուն լավ հարեք, քսեք շերտերի վրա եւ այդ շերտերը ձու քսած երեսով կպցրեք խմորին: Հարած ձու քսեք նաեւ եզրերի վրայի երեսին, որպեսզի գեղեցիկ կարմրի:
Մնացած ձուն խառնեք սերուցքային պանրի հետ:
Այդ խառնուրդը լցրեք եւ տարածեք խմորի վրա՝ բացի եզրերից:
Պանրաձվային խառնուրդի վրա շարեք լավ լվացած ծնեբեկը: Ի դեպ, ծնեբեկի ծայրի չոր մասերը հարկավոր է կտրել, գցել, դրանք որքան էլ եփվեն, փայտի պես կոշտ են մնալու: Կարող եք նաեւ դանակի ծայրով զգուշորեն մաքրել ծնեբեկի ներքեւ հատվածի թեփուկները, որոնք նույնպես տհաճություն են պատճառում ուտելիս:
Ծնեբեկի վրա շարեք բարակ շերտերով կտրած մոցարելա կամ սուլուգունի տեսակի պանիրը: Եթե խոզապուխտով եք պատրաստում՝ նաեւ խոզապուխտը: Կարող եք ձվապատ եզրերի վրա քունջութ ցանել՝ տեսքի համար:
Տարտի վրա աղ, պղպեղ եւ չորացրած ուրց կամ ձեր նախընտրած այլ կանաչի ցանեք եւ դրեք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 15-20 րոպեով: Պատրաստ լինելը կտեսնեք, երբ պանիրը հալվի, իսկ խմորի եզրերը լավ բարձրանան եւ կարմրեն:
Մատուցեք տաք վիճակում: Եթե մնա՝ սառած էլ է շատ համեղ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ