Այսօր Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է: «Ա1+»-ի հեռախոսազրույցը սիրված դերասանի և ռեժիսորի հետ:
– Արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս է իրեն զգում Նարեկ Դուրյանը:
– Ռոբինզոն Կրուզոյի պես: Կարծես, անմարդաբնակ կղզու վրա լինեմ, պարզապես մի տարբերությամբ, որ գիտեմ, որ ամեն վարկյան կարող եմ դուրս գալ մարդկանց մեջ: Նաև, նրա նման փիլիսոփայում եմ: Տանը նստած ինչ-որ բաներ եմ հիշում, մտածում, վերարժեքավորում մի ժամանակ թվացյալ կարևորը, փորձում եմ հասկանալ, պետք էր դա ինձ, պետք չէր: Անկեղծ ասած, ես մի քիչ փակ մարդ եմ, գնալ, գալ, ռեստորաններ, հավաքույթներ, առանձնապես չեմ էլ սիրել: Եվ դա տարիքի հետ կապ չունի: Երևի թե, դրա համար էլ տանը նստելը շատ ծանր չեմ տանում:
– Այսինքն, ինքնաբավ եք:
Կարդացեք նաև
– Այնքան բան պիտի կարդայի, չեմ հասցրել կարդալ, հիմա կարդում եմ, գրում եմ նաև: Ծանր եմ տանում, թերևս թատրոնի, բեմի, պակասությունը: Դա, այո շատ, շատ ծանր եմ տանում: Անցյալ օրը ոտքով քայլելիս, ես օրը գոնե մեկ ժամ անպայման պետք է ման գամ, որոշեցի Բաղրամյանով բարձրանամ, Դեմիրճյանով իջնեմ: Թատրոնի կողքով անցա, աֆիշները տեսա, այնպիսի տպավորություն էր մոտս, ոնց որ բռնի կերպով թոշակի են ուղարկել: Այս վիճակից շատ եմ նեղվում: Փորձում եմ կորցնել ինձ գրքերի մեջ, համակարգչի մեջ, չմտածել այս ամեն ինչի մասին:
– Քանի որ «Բոհեմը» մասնավոր թատրոն է, այս հարկադրված պարապուրդը ի՞նչպես պետք է հաղթահարեք:
– Մեզ համար շատ ծանր է: Մյուս թատրոններում դերասանները ստանում են իրենց աշխատավարձը: Ինչ ենք անելու, առայժմ չգիտեմ: Փորձեցի կառավարությունից փոխհատուցում ստանալ, տալիս էին մարդիկ, բայց խնդիր կա: Մեր ընկերության հիմնադիրը կինս է, որը Ֆրանսիայում է, պետք է գնա նոտարի մոտ, այնտեղից լիազորագիր ուղարկի, դա ժամանակատար գործընթաց է, դրա համար էլ որոշեցի վարկ վերցնել, որպեսզի դերասաններին այս ամսվա աշխատավարձը տամ:
– Երբ Թատրոնի դռները բացվեն, ինչ եք կարծում, ի՞նչ բեմադրության կարիք կունենա հանդիսատեսը:
– Մի բան հաստատ գիտեմ, որ կորոնավիրուսից հետո պետք է դրա մասին ներկայացում չբեմադրել: Վիրուսներ շատ են եղել, էլ չումա, էլ իսպանկա, և այլն, և այլն, սուսիկ-փուսիկ անցել է, երբեք չի ասվել, որ ամեն ինչ փոխվելու է, աշխարհն է փոխվելու: Ես չեմ կենտրոնանա այս խնդրի վրա, որովհետև այս խնդրի վրա կենտրոնանալով քաղաքական պիեսներ կստացվեն, որովհետև, պատահական էր, պատահական չէր, այս ամենը տանում է դեպի քաղաքականություն, իսկ ես չեմ ցանկանում դրանով զբաղվել: Կյանքը շարունակվում է: Հիմա երևի թե պետք կլինի պրեմիերաներ անել: Նախ, որ հանդիսատեսը հետաքրքրված լինի գալ թատրոն, և երկրորդը՝ նոր սեզոն սկսենք:
Կոմեդիա եմ բեմադրելու, դա հաստատ: Ճիշտն ասած, մի պիես էինք պատրաստում ծննդյանս հետ կապված՝ օպերային երգչի մասին: Մտածել էի, որ դա կլինի յուրօրինակ ձոն՝ նվիրված թատրոնին: Արդեն սկսել էինք փորձերը, բայց չհասցրեցինք… Դա կավարտեմ: Մի միտք էլ ունեմ, որի մասին, առայժմ չեմ ցանկանում բարձրաձայնել, տեսնենք կհաջողվի՞ արդյոք իրականացնել:
– Ինչպե՞ս է Նարեկ Դուրյանն անց կացնելու իր ծննդյան օրը ինքնամեկուսացման մեջ:
– Ռոբինզոն Կրուզոյի պես, միայն թե առանց Ուրբաթի: Կինս Փարիզում է: Տղաներս գնացել են Նորմանդիա, որտեղ մի հողակտոր ունենք, և այնտեղ են անցկացնում մեկուսացումը: Ամեն օր, իհարկե, խոսում ենք, բայց, շատ մտահոգիչ է… Սակայն ասեմ, որ անկախ այս կորոնավիրուսի իրավիճակից, մի տարիք է գալիս, երբ ծնունդն այդպես չի ուրախացնում: Եթե բեմի վրա ծնունդս տոնեի, այո, դա հաճույք կլիներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում