Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Առուստամյանը կալանավորվեց երկու ամսով: Այս մասին Aravot.am-ին ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:
Միաժամանակ դատարանը՝ քննելով Սուքիասյանի բողոքը Սեդրակ Առուստամյանի ձերբակալության մասով, որոշեց ոչ իրավաչափ ճանաչել Առուստամյանի ձերբակալությունը:
Մեր հարցին՝ ինչ տրամաբանություն կա դատարանի՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու ու կալանքի որոշման մեջ, Հովիկ Սուքիասյանը պատասխանեց. «Որոշումը պատճառաբանված չէ, մենք բողոքարկելու ենք: Մի հատված կա, որ եթե այդ հիմքով ձերբակալումը համարում է ոչ իրավաչափ, այդ հիմքով չէր կարող կալանք կիրառել, բայց նման բա կա որոշման մեջ»:
Փաստաբանն իր պաշտպանյալի կալանավորման հիմքում քաղաքական գործընթաց չի տեսնում. «Սեդրակ Առուստամյանը եղել է բիզնես ոլորտում, լուրջ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ, այս պահին չեմ կապում քաղաքականության հետ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե Սեդրակ Առուստամյանից ԱԱԾ-ում փորձել են նախկին ՊԵԿ նախագահի դեմ ցուցմունք կորզել ու չկարողանալով հասնել դրան՝ ձերբակալել են, Հովիկ Սուքիասյանը պատասխանեց. «Ես հիմա գնահատական չտամ, գործի փաստերը չեմ կարող հիմա հրապարակել, բայց այն կապված է 2009-2011 թվականների հետ, խնդրո առարկան որն է, այդ ժամանակ Սեդրակ Առուստամյանը փոխառության պայմանագրերով գումարներ է տոկոսով մարդկանց տրամադրել, հիմա մարդուն մեղադրում են, որ դու չորս տոկոսով փոխառություններ ես տվել, ինչու մինչեւ հիմա տոկոսները չես ստացել, այնտեղ գնահատում են, որ դու կաշառք ես տվել»:
Մեր հարցին՝ իսկ ո՞ւմ է կաշառք տվել, մեր զրուցակիցը պատասխանեց՝ նախաքննության շահերից ելնելով չի կարող անուններ ասել. «Այդ պայմանագրերը մինչեւ հիմա գործում են, ուժի մեջ են, ու մարդն ակնկալում է, որ իր տոկոսները ստանալու է, պահանջատեր է դրանց»:
Մեր հարցին, թե ում է տոկոսով գումարներ տվել, փաստաբանը կրկին չհայտնեց, միայն ասաց, որ սովորական քաղաքացիներ չեն, բայց պաշտոնատար անձինք էլ չեն:
Մեր հարցին, թե ով է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տվել, փաստաբանն ասաց, որ ոչ մի ցուցմունք դատարան չի ներկայացվել, միայն ենթադրությունների վրա մեղադրանք է առաջադրվել ու կալանքի որոշում կայացվել:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սեդրակ Առուստամյանին ձերբակալել էր ապրիլի 23-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ