Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը տեղին է՝ ինչո՞ւ տարածքային իշխանության ներկայացուցիչների ներկայությունը պիտի լիներ Ծիծեռնակաբերդում, խորհրդարանականներինը՝ ոչ, բայց դա ուղղված է պարետատանը». Միքայել Մելքումյան

Ապրիլ 25,2020 21:55

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունների հետ կապված որոշումն արարողակարգային է, ուստի առանձնապես մեկնաբանման կարիք չկա:

Aravot.am-ի հիշեցմանը՝ կուսակցությունների բազում ներկայացուցիչներ հարցնում են՝ ինչո՞ւ պետք է մարզպետները, Երևանի քաղաքապետը, Սփյուռքի հանձնակատարը հնարավորություն ունենային իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, իսկ կուսակցությունների ներկայացուցիչները՝ ոչ և հարցին՝ ինքն ի՞նչ կարծիք ունի այս մասով, Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Ընդհանրապես ամեն որոշման մեջ որոշակի տրամաբանություն պիտի լինի: Ես չեմ հետաքրքրվել, թե ինչ սկզբունքով են կայացրել այդ որոշումը, բայց արժեր, որ խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերը և այլ  հայտնի քաղաքական ուժեր գնայինք Ծիծեռնակաբերդ, բայց ԲՀԿ-ն իր հարգանքի տուրքն իրականացրել է մոմավառությամբ՝ ապրիլի 23-ին՝ Նուբարաշենի Սուրբ Նահատակաց եկեղեցում, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի միջոցներով»:

Անդրադառնալով այն փաստին, որ մարզպետներն այցելել են հուշահամալիր, պատգամավորն ասաց. «Հարցը տեղին է, թե ինչու մարզպետներն այցելել են, իսկ խորհրդարանականները՝ ոչ, չէ՞ որ նրանք տարածքային իշխանության ներկայացուցիչներ են, խորհրդարանականները՝ օրենսդիր, բայց այդ հարցն ուղղված է պարետատանը: Մարզպետները տարածքային իշխանության մասն են կազմում, ինչո՞ւ նրանց ներկայությունը պետք է լիներ, իսկ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներինը  կամ ԱԺ հանձնաժողովների ներկայացուցիչներինը՝ թեկուզ մեկ-երկու հոգով չլիներ։ Հարցը տեղին եմ համարում, բայց սահմանափակումներ կայացնողներին պետք է հղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930