Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Գոնե համազգային հարցերում իշխանությունը պետք է զերծ մնա անընդհատ ցույց տալուց՝ ինչ ուզենք, կանենք, մեր դեմ խաղ չկա, մենք ենք իշխանությունը». Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 25,2020 20:16

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կուսակցությունների՝ թեկուզ մեկ-երկու ներկայացուցիչների մուտքն արգելելն իշխանությունների կողմից հերթական չմտածված քայլն էր:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրենց համար անհասկանալի էր իշխանությունների այդ պահվածքը, որոշումը ու շարունակեց. «Եթե փակ էր, ուրեմն փակ պետք է լիներ բոլորի համար: Բայց մենք տեսանք, որ ՀՀ վարչապետից, նախագահից և Վեհափառից բացի՝ նաև այլ անձինք Ծիծեռնակաբերդ գնացին, և գտնում ենք, որ դա սխալ էր: Անհրաժեշտ էր կուսակցություններին գոնե մեկ-երկու ներկայացուցչով այդ հնարավորությունը տալ»:

Հարցին՝ որևէ քննարկում կառավարության հետ մինչ այդ որոշումը կուսակցությունն ունեցե՞լ է, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մեզ հետ քննարկում չի եղել: ՀՅԴ երիտասարդական միությունը, գիտեք, որ արդեն 20 տարի ավանդական ջահերով երթն է կազմակերպում: Մենք այդ խորհուրդը պահելու, բայց ոչ մեծ թվով մարդկանցով մի միջոցառում  ունեինք ապրիլի 23-ի երեկոյան, որը ևս չեղարկվեց, քանի որ այդ հնարավորությունը չտրվեց, և պարետատունը չարձագանքեց: Մենք փորձել էինք պարետատան հետ կապնվել, որ թույլ տան՝ 20 հոգին չգերազանցող միջոցառում տեղի ունենա՝ պահպանելով արտակարգ դրության պայմանները, բայց արձագանք չեղավ»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ երեկ ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Պանթեոն՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և հիշեցրեց. «Մինչև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումը մարդիկ իրենց հարգանքի տուրքը մատուցում էին Պանթեոնում, և Կոմիտասի հուշարձանի մոտ մենք այդ ծաղկեպսակի արարողությունն իրականացրեցինք: Ոչ մի բան չէր խանգարում, որ մենք այդ նույնն անեինք շատ փոքր խմբով՝ Ծիծեռնակաբերդում»:

Մեր հարցին, այն, որ կուսակցությունների ներկայացուցիչներին չթույլատրվեց ներկա լինել Ծիծեռնակաբերդում, դա համարում եք արարողակարգային բացթողո՞ւմ, թե՞ միտումնավոր արված քայլ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մի շարք գնահատականներ կարելի է սրան տալ՝ սկսած, որ չհաշվարկված, չմտածված քայլ էր, վերջացրած, որ դիտավորյալ, բայց քանի որ պաշտոնական արձագանք չկա, վերջնական ձևակերպում չենք տալիս: Մի բան է ակնհայտ, որ այդ երևույթը տգեղ էր իրենց կողմից: Կարծում եմ կառավարությունը պետք է պարզաբանմամբ հանդես գա այս հարցի կապակցությամբ»:

Ըստ նրա՝ այս քայլը հարիր չէ խորհրդարանական կառավարման երկրին և անընդունելի էր: Այնուհետև եզրափակեց. «Սա ևս մեկ կեցվածք և վերաբերմունք է, թե ինչպես են իշխանությունները վերաբերվում ընդդիմությանը, խորհրդարանական ընդդիմությանը և նաև առհասարակ քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների դիրքորոշմանը: Գոյություն ունեն համազգային հարցեր, համահայկական խնդիրներ. գոնե այդ հարցերում իշխանությունը պետք է զերծ մնա անընդհատ ցույց տալու, որ ինչ ուզենք, կանենք, մեր դեմ խաղ չկա, մենք ենք իշխանությունը: Այս հարցերում պետք է այդ գիտակցությունը, խոհեմությունը ունենա, ճիշտ քայլեր ձեռնարկի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930