Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրատապ անհրաժեշտ է վերանայել բոլոր այս չափանիշներով  կառավարության ծրագրերի միջոցառումների ընթացքը, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց արդյունավետությունը». Կարեն Սարգսյան

Ապրիլ 25,2020 18:37

«Հրատապ անհրաժեշտ է վերանայել բոլոր այս չափանիշներով  միջոցառումների ընթացքը, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց արդյունավետությունը»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով COVID-19  համավարակի չեզոքացմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված 14 ծրագրերի արդյունավետությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ այս ծրագրերի արդյունավետությունը պետք է գնահատվի ծավալի, ծածկույթի, հասցեականության և օպերատիվության չափանիշներով: Նա մանրամասնեց. «Առաջինը դրանց ծավալն է: Կառավարությունը հենց մարտ ամսից արդեն հայտարարեց, որ նախապատրաստվում է շուրջ 150 միլիարդ դրամ հատկացնել ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, սակայն դրանից  30 միլիարդ դրամը ուղղվելու էր սոցիալական աջակցության  ծրագրերին, 25 միլիարդն ուղղվելու էր տնտեսական աջակցությանը: Մնում է ընդամենը 95 միլիարդի կարգի գումար, որից 80 միլիարդն ուղղելու է նոր զարգացման ծրագրերի իրագործմանը, որը՝ որպես այդպիսին, հակաճգնաժամային ուղղակի չենք կարող համարել»:

Ըստ տնտեսագետի՝ այս հատկացումների՝ ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը փոքր է: Նա պարզաբանեց. «Թեկուզ 150 միլիարդի պարագայում դա մեր ՀՆԱ-ի շուրջ 2,3 տոկոսն է, ինչը ցածր ցուցանիշ է: Եթե վերցնենք կոնկրետ սոցիալական և տնտեսական աջակցության միջոցառումները, որոնք իրականացվում են, դրանց բյուջեի հարաբերակցությունը մեր ՀՆԱ-ի հետ կազմում է 0,84 տոկոս, ինչը բնականաբար, շատ ցածր ցուցանիշ է»:

Համեմատելով այս հարաբերակցությունը արտերկրի հատկացումների՝ ՀՆԱ-ի հետ հարաբերակցության հետ, Կարեն Սարգսյանն ասաց. «Արտերկրում հակաճգնաժամային միջոցառումների իրականացման պարագայում հատկացումների ցուցանիշը՝ ՀՆԱ հարաբերակցությամբ ընդհանուր առմամբ տատանվում է 5-15 տոկոսի սահմաններում՝ ընդհուպ հասնելով մինչև 20 տոկոսի: Խոսքը զուտ համամասնության մասին է, ոչ թե գումարային: ՀՀ կառավարությունը պետք է գիտակցի՝  ինչքան շատ տոկոսային հարաբերակցություն ՀՆԱ համեմատ ծախսի այս ճգնաժամի հաղթահարման համար, այնքան ավելի քիչ դժվարությունների կբախվի մոտ ապագայում: Ծավալային առումով անբավարար է, քանի որ շատ ցածր է այս ցուցանիշը, և այս ճգնաժամի հաղթահարման համար ավելի մեծ հատկացում էր անհրաժեշտ»:

Անդրադառնալով հասցեականությանը՝ տնտեսագետն ասաց. «Կարևոր է կոնկրետ շահառուների շրջանակը: Նախ` կառավարության այս ծրագրերի հիմքում դրված են այնպիսի չափանիշներ և բարդ ընթացակարգեր, որոնց շատ քիչ մարդիկ կամ կազմակերպություններ են բավարարում: Այս պահին նման դժվար ընթացակարգերի սահմանումը բազմահազարանոց քաղաքացիների և կազմակերպությունների զրկում է աջակցության ստացումից: Այս պահին այն բոլոր ոլորտների աշխատողները, որոնք չեն աշխատում, տուժել են, պետք է ստանային համապատասխան աջակցություն: Չափը այլ խնդիր է: Պետք է որոշվի հնարավորությունների սահման, սակայն այդ աջակցությունը պետք է տրամադրվի»:

Ըստ տնտեսագետի՝ գազի և էլեկտրաէներգիայի վճարների փոխհատուցման հետ կապված միջոցառումներում էլ կա օպերատիվության պակաս:

Ամփոփելով նա ասաց. «և ծավալայնությունը, ևա ծածկույթը, ևա հասցեականությունն է շատ ցածր, քանի որ շատ խմբեր, որոնք սոցիալական, տնտեսական աջակցության կարիք ունեն, դուրս են մնում այդ շրջանակից: Այս միջոցառումների օպերատիվության հետ կապված խնդիրներ կան: Կարծում եմ՝ հենց այն ժամանակ, երբ կառավարությունը արտակարգ իրավիճակի մասին օրենքի նախագիծ ներկայացրեց խորհրդարան, պետք է պատրաստ ունենար հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930