Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնահատում եմ ոստիկանության աշխատանքը, բայց երևույթը պարզապես ապշեցնող էր և վիրավորական»

Ապրիլ 25,2020 17:49

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օրերս «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց, որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում, այսինքն՝ այս ընթացքում, Վեհափառ Հայրապետի կոչով եւ թելադրանքով բոլոր եկեղեցիները փակ են եղել. «Գրեթե քառասուն օր մենք զրկված ենք եղել մեր ժողովրդի հետ աղոթական կյանքի մեջ լինելու ուրախությունից: Մենք չենք փորձել որեւէ կերպ ընդդիմանալ, խախտել դա, կարգապահության ամենաբարձր աստիճանն է եղել, սակայն, այսուհանդերձ, Սուրբ Զատիկի օրը եկեղեցին կարծես ամենաանկարգապահ հաստատությունն էր, որ ոստիկանապետի թելադրանքով եկել են եկեղեցիները նկարելու, որպեսզի տեսնեն՝ մարդ կա՞, թե ոչ: Սա վիրավորական է: Մեր սիրելի պարետ Տիգրան Ավինյանը Ճրագալույցի օրը հայտարարություն է անում, թե մի գնացեք եկեղեցի: Ախր «մի գնացեք եկեղեցի»-ն իրենից առաջ բոլորն արդեն ասել էին, իսկ Դուք մի բան ունեիք անելու՝ շնորհավորել ժողովրդին Սուրբ Հարության տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնել Մայր աթոռ սուրբ Էջմիածնին, որ 40 օր եւ ավելի պահել է կարգապահությունը զինվորի պես: Պահել ենք կարգապահությունը, մարդկանց ետ ուղարկել, դռները փակ պահել»:

Նշյալ դեպքի վերաբերյալ Aravot.am-ին հայտնի դարձած մանրամասների առնչությամբ ոստիկանությունը մեր հարցմանը հետեւյալ պատասխանը հղեց. «Հայտնում ենք, որ Սուրբ Զատիկի տոնի պատարագի ժամանակ եկեղեցիները նկարելու վերաբերյալ որևէ ցուցում չի եղել, Իջևանի ոստիկանապետի կողմից Տավուշի թեմի առաջնորդին որևէ զանգ չի կատարվել, ինչպես և եկեղեցիները նկարելու վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել։ Հիշյալ օրը թեմի առաջնորդի և ոստիկանապետի միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել և ոչ միայն հիշատակված օրը, այլ ընդհանրապես, Տավուշի մարզում պահպանվել են պարետի ցուցումները»:

Մեզ հետ զրույցում սրբազան հայրը հերքեց վերոնշյալը՝ ասելով. «Երեկոյան ինձ հեռաձայնեց Իջեւանի ոստիկանապետը, հարցնելով թե՝ «վաղը փա՞կ են լինելու եկեղեցիները»: Ասացի՝ «այո, փակ են լինելու, ինչո՞ւ եք հարցնում»:

Պատասխանեց, որ ոստիկանապետն է հարցնում և թերևս հավելյալ փորձում էին ճշտել: Իսկ կիրակի առավոտյան, երբ ես եկեղեցում զգեստավորվում էի Սուրբ պատարագի պատրաստվելով, տեսա, որ դռան դիմաց խոսակցություն կա: Մոտեցա՝ մեր ոստիկաններից էր, հետաքրքրվեցի, թե ինչ է տեղի ունեցել: Ասաց, որ տեսանկարահանում է, և հրահանգ է կատարում: Ցավ ապրեցի, որովհետև հենց եկեղեցու շրջակայքում, ժողովուրդը կուտակված է շուկաներում եւ խանութներում, փողոցներում առևտուրը եռում է, և կարծես ամեն ինչ նույնն է, ու հանկարծ եկեղեցի՞ն էր մնացել, որ պետք է գային նկարահանեին՝ ստուգելով մարդ կա, թե՞ ոչ: Դա վստահությո՞ւն է, թե՞ այլ բանի մասին է խոսում… հավելեմ նաև, որ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում երեք ոստիկան նստել են դատարկ եկեղեցում մինչեւ պատարագի ավարտը: Հիմա, եթե իրենք հերքում են նման խոսակցությունն ու արձանագրվածը, կամ տեղյակ չեն, կամ էլ շատ լավ են տեղյակ, հասկացել են, որ սխալ են վարվել և հիմա փորձում են սրբագրել: Դեպքը տեղի ունեցել է և սա է իրականությունը: Թող սխալ չհասկացվի, խնդիրը ոչ թե ոստիկանության աշխատանքը քննադատելն է, այլ այն վստահության փաստացի վերաբերմունքը, որն արտահայտվել է այդ օրը: Ես, ընդհակառակը, գնահատում եմ ոստիկանության աշխատանքը և շնորհակալ եմ, որ այս օրերին գիշեր-ցերեկ, անկախ եղանակային պայմաններից, իրենց գործն են կատարում, բայց երևույթը պարզապես ապշեցնող էր և վիրավորական»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930