Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես ստացվեց, որ միայն իշխող կուսակցության ներկայացուցիչներն են այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը արարողակարգային մեծ կիքս է». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 25,2020 17:16

«Այնպես ստացվեց, որ միայն իշխող կուսակցության ներկայացուցիչներն են այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը գեղեցիկ չէ, տհաճ է, և կարծում եմ՝ արարողակարգային մեծ սխալ էր»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ճի՞շտ մոտեցում էր այն, որ թույլ չտրվեց կուսակցությունների ներկայացուցիչներին ապրիլի 24-ին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այսպիսի կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ԼՀԿ անդամները ծաղիկներ խոնարհեցին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու եղեռնի զոհերի հուշարձանին:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ կարելի էր ՀՀ-ում գործող քաղաքական-հասարակական տարբեր խմբերի թույլ տալ, որ յուրաքանչյուրից մեկ-երկու ներկայացուցիչ սահմանված ժամերի այցելեին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեին: Ըստ նրա՝ դա զուտ նաև նրա համար, որ դուրս չգա՝ միայն իշխող կուսակցության ներկայացուցիչներն են այցելում: Այնուհետև ԼՀԿ նախագահը շարունակեց. «Այսինքն՝ այդ լուսավորության ամբողջ կազմակերպված ցուցադրությունը, երեկ գիշերվա համերգը շատ բարձր մակարդակում էր, բայց առավոտվա մասը արարողակարգային մեծ կիքս էր»:

Հարցին՝ այդ կիքսը ստվերե՞ց ստացված հատվածին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ չէի ասի, որ ստվերեց ու վստահեցրեց. «Դա այն օրն է, որ մենք որևէ ձևով չենք քաղաքականացնում հարցը, բայց որ հարցնում են, ասում ենք, որ սա արարողակարգային մեծ խնդիր է, քանի որ չի կարող լինել այդպես արարողակարգով, որ միայն իշխող ուժի ներկայացուցիչներն արտոնված լինեն մասնակցելու նման կարևոր միջոցառումների»:

Հետաքրքրվեցինք՝ մինչև այդ որոշումը որևէ քննարկում եղե՞լ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Որևէ քննարկում չի եղել: Հենց այդտեղից է գալիս արարողակարգային խնդիրը: Մենք իմացել ենք, որ որևէ մեկը չի կարող գնալ: Հետո տեսանք  մարզպետների տեսանյութ, քաղաքապետ, սփյուռքի հանձնակատար, հետո պարզաբանեցին, որ դա ուրիշ օր են նկարել, բայց կարող էին այդ նույն ուրիշ օրը նաև  խորհրդարանականներին նկարել և այդ միջոցառման մեջ  գեղեցիկ կտեղավորվեր այդ տեսանյութը՝ խորհրդարանական կառավարման երկրում քաղաքական ուժերի մասնակցությունը: Հիմա եղավ այն, ինչ եղավ»:

Հարցին՝ դա հատո՞ւկ էր արվել, թե՞ թափթփվածության արդյունք էր, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե դրա մոտիվը որն է: Հազար ու մի բան կարող է լինել, պետք է իրենք պարզաբանեն, ասեն՝ ինչու են այդպես արել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930