Լրահոս
Օրվա լրահոսը

Վարլամով. «Երբ քանդում եք պատմական շերտերը, դուք Երեւանը ձանձրալի եւ անհետաքրքիր եք դարձնում»

Ապրիլ 25,2020 16:49

«Երեւանի խնդիրներից մեկը ինքնաշեն կառույցներն են: Դեռեւս  90-ականներից մարդիկ տների վրա սենյակներ էին ավելացնում, տանիքներին կառուցում: Հիմա ի՞նչ կարելի է անել սրա հետ: Առաջին դեպքում պետք է քանդել, որովհետեւ անվտանգ չէ. չգիտես՝ ինչպե՞ս եւ ինչի՞ց են կառուցել»,- «TUMO Live»-ի ուղիղ եթերում այսօր ասաց ռուսալեզու բլոգոլորտի հիմնադիրներից ու ամենահայտնի ներկայացուցիչներից Իլյա Վարլամովը՝ անդրադառնալով Երեւանի ինքնաշեն կառույցներին:

Նրա խոսքով՝ ինքնաշեն կառույցներում մեծ ռիսկեր կան. «Դրանք կարող են ուղղակի փլվել: ՀՀ-ում երկրաշարժեր են լինում, ուստի դա ոչ միայն տգեղ է, այլեւ վտանգավոր: Մյուս կողմից, մարդիկ սեփականության  իրավունք ունեն: Այս դեպքում պետք է խոստովանել, որ նախկինում կոռուպցիա է եղել, պետությունն էլ հաստատել է դա: Հիմա պետք է մարդկանց փոխհատուցել եւ մաքրել քաղաքը: Բայց ես որոշ շենքեր կպահպանեի եւ հուշարձանների կվերածեի, որպեսզի սերունդները տեսնեն, թե մարդիկ ինչպես են ապրել»:

https://www.facebook.com/tumocenter/videos/694804341060905/

Բլոգերը պատմեց, որ առաջին անգամ մոտ տասը տարի առաջ է եղել Երեւանում, իսկ երկրորդ անգամ՝ վերջերս. «Քաղաքաշինության տեսանկյունից դրական տեղաշարժեր չեմ տեսել: Ինքներդ կարող եք ձեզ հարցնել՝ ի՞նչ կա Երեւանում, որը չկա մյուս քաղաքներում: Ցավոք շատ հին թաղամասեր եւ շենքեր քանդել են, ինքնաշեն կառույցներ են ավելացել, ուստի ես չեմ տեսնում նորություններ, հաջողություններ, որոնց համար կարելի է գովել Երեւանը: Առայժմ ոչինչ արված չէ, գուցե հետագայում կարվի: Երեւանը բարելավելու համար փող առանձնապես պետք չէ, հասարակ բարեփոխումներով կարելի է կարգավորել, օրինակ, ապօրինի կայանման հատվածները: Պետք է արգելել՝ այնտեղ, որտեղ չի կարելի կայանել, ուրեմն չի կարելի, այլապես քաղաքի փողոցներով հնարավոր չէ քայլել: Կամ հետիոտնային անցումները ներկելու համար շատ փող պետք չի: Քաղաքի տեսքը բարելավելու շատ եւ էժան միջոցներ կան»:

Իլյա Վարլամովը շեշտեց. «Ես խնդիր եմ տեսնում, որովհետեւ քանդում եք պատմական ժառանգությունը: Քաղաքը մարդու պես է, որի հետ շփվում եք։ Որքան մեծ եւ իմաստուն է նա, այնքան հետաքրքիր է նրա հետ շփվել, ճանաչել նրան: Երբ քանդում եք պատմական շերտերը, դուք քաղաքը ձանձրալի եւ անհետաքրքիր էր դարձնում: Ոչ ոքի հետաքրքիր չէ զբոսնել նորակառույց շենքերի փողոցներով: Միշտ չեմ հասկացել՝ ինչպե՞ս կարելի է պատմական շերտը քանդել, դա հիմարություն է: Երեւանում գրեթե ամեն ինչ քանդել են: Շուտով սովետական ժառանգությունն էլ կվերացնեք, եւ Երեւանը կդառնա ձանձրալի: Երեւանում հավանել եմ շենքերի արտաքին՝ շագանակագույն-վարդագույն երեսպատումը: Դա պետք է ընդգծել եւ պահպանել, սա Երեւանի կարեւոր առանձնահատկությունն է: Դուր եկավ նաեւ գետերից մեկի կիրճը, որը, սակայն, աղբի մեջ է»:

Օգտատերերից մեկը հարցրեց՝ ուզո՞ւմ է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ այցելել: Վարլամովը պատասխանեց՝ ուզում է,  բայց սահմանները փակ են. «Երբ բացվեն, հաճույքով կայցելեմ այլ քաղաքներ եւս: Ի դեպ, երբեմն որոշ երկրներ ինձ ներս չեն թողնում՝ իմ քննադատության համար»: Օգտատերերը հիշեցրին, որ բլոգերը որոշ քաղաքների քաղաքապետերի հետ նրանց համաձայնությամբ զբոսանք-տեսանկարահանում է իրականացնում: Այս առնչությամբ բլոգերն ասաց՝ եթե Երեւանի քաղաքապետը կհամաձայնի, հաճույքով կզբոսնի նրա հետ, բայց առանց նախապես մտածված երթուղու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930