Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա կուռքերի հեղափոխություն (էսսե)

Ապրիլ 25,2020 16:23

1722 թվականն էր, երբ հոլանդացի ճանապարհորդ, ադմիրալ Յակոբ Ռոգհենն ու նրա անձնակազմը Զատիկն էին նշում՝ կանխավ վայելելով այն ակնթարթը, երբ նավն ի վերջո կհասներ հեռվում նշմարվող ցամաքին: Սա Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածն էր: Ալիքների վրա թեթև ճոճվելով, առագաստանավը մոտենում էր ցամաք կոչվող հողակտորին, որ կղզի էր իրականում, և անձնակազմն այն «Զատիկ» կոչեց: Կղզին հայտնի է նաև «Ռապա Նուի» թահիթական անվամբ՝ տեղաբնակների լեզվով, և ներկայումս պատկանում է Չիլիին: Հեռավոր 1722 թվականն էր, երբ ադմիրալն ու նրա նավաստիներն առաջին անգամ ոտք դրեցին անհայտության մեջ անհայտ այս հողակտորի վրա՝ սուր զգացողություններ ճաշակելով: Մեծաբազուկ ցեղախմբից մազապուրծ մի խումբ մարդակերներ ողբում էին իրենց թշվառությունը: Նրանք թերևս մորեմերկ էին, հյուծախտի ակնհայտ նշաններով, իսկ ոսկորները ծածկող կաշվի տակ ճարպ չկար: Անչափ տարօրինակ էր նաև կղզու երևույթը: Լերկ, արևկեզ ժայռեր և չափազանց աղքատ բուսականություն: Դատարկ էր երկինքը, դատարկ ու լուռ: Այստեղ թռչուններ չէին սավառնում, և չկար կենսախինդ դայլայլը նրանց: Արտառոց էր նաև քարե արձանների առկայությունը:

Մոտ 4 մետր բարձրությամբ և 14 տոննա քաշ ունեցող կիսանդրիներ էին տեղադրված ծովեզերքին, իսկ նրանց առատությունը տարակուսանք էր հարուցում: Կգան այլ ժամանակներ, և գիտությունն ի վերջո կբացահայտի այստեղ առկա ողբերգության ողջ դրամատիզմը: 1722 թվականից դեռ հարյուրամյակներ առաջ կղզու վրա եղել էին սաղարթախիտ անտառներ, որոնք միրգ, պտուղ  և հատապտուղ էին մատակարարում, եղել էին տարատեսակ թևավորներ, իսկ մարդիկ ապրել էին՝ խաղաղության և բարեկեցության պտուղներ վայելելով: Փայտանյութը նավակներ ու շեներ կառուցելու հնարավորություն էր ընձեռում, իսկ նավակը, ինչ խոսք, ձկնորսության նախապայմանն է:

Իսկ հետո՞…

Կղզու ողբերգությունը սկզբնավորվել է կուռքեր ունենալու գաղափարից: Եվ մարդիկ այստեղ Սիզիփոսի աշխատանք են կատարել՝ ապառաժներ տաշելով և կերտելով ահռելի կիսանդրիներ, որոնք 4 մետր բարձրություն և 14 տոննա քաշ ունեն և կանգուն են առ այս: Իսկ հետո առաջացել է սրանք տեղափոխելու և ծովին մերձ տարածքներում տեղադրելու անհրաժեշտություն: Այս գործը գլուխ բերելու համար նրանք ծառեր են հատել և գերաններ են օգտագործել՝ թիզ առ թիզ տեղափոխելով քարատաշ կուռքեր: Ի՞նչ մղումներ են եղել նրանց նեռ հոգիներում: Իհարկե՝ կրոնական: Քանզի կուռքեր են տեղադրել՝ իրենց աստծո բարեհաճությունն աղերսելով ու իսկապես հավատալով, թե կունենան բոլոր այն բարիքները, որոնք Առատության եղջյուրից են թափվում: Մոտ երեք հարյուրամյակ շարունակվող գործունեության ընթացքում նրանք հատել են կղզու բոլոր ծառերը՝ բնապահպանական աղետ արարելով: Ապա ո՞վ էր այն վայրենին, որ առաջին ծառը հատելու գաղափարը հղացավ, և ո՛վ էր այն վայրենին, որ կանգնած էր՝ բռունցքի մեջ կացնի պոչը սեղմելով ու տնտղելով կղզու վերջին ծառը: Ի՞նչ էր նա մտածում, մենք չենք իմանա երբեք, բայց կարող ենք ենթադրել, որ առաջին հարվածը հասցնելուց առաջ նա ունեցել է մտատանջություններ, բայց, այնուամենայնիվ՝ հատել է:

Վերջին ծառը…

18-րդ դարասկզբում իրական այս ողբերգությունից անցել է մոտ երեք հազարամյակ: Ապա ի՞նչ են մտածել նրանք, ովքեր արարել են պատերազմ, ինկվիզիցիա, ֆաշիզմ և ցեղասպանություն: Ի՞նչ է մտածել մարդագողը և նա՝ ով երեխա էր բռնաբարում:

Ես խոսում եմ մարդկային խելագարության մասին: Ես անասնացող մարդուն եմ բացահայտում, որովհետև ատում եմ բռնությունը: Չէ՞ որ կոստյումը, Սմարթֆոնն ու ինտերնետը մեզ չեն փոխել էապես և չեն ոսկեջրել մարդկային մեր էությունը, որ ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ:

Ի մտի ունենալով կուռքեր տաշելու երեք հազարամյա  ճշմարտությունը, ես վկայո՛ւմ եմ. բոլոր ժամանակներում, բոլոր հասարակարգերում և բոլոր հեղափոխություններն իրականացնելիս՝ ամբոխը տաշել է կուռքեր: Սա պատահեց նաև մեզ հետ, և ես նոր բնորոշում կտամ մեզանում հայտնի շարժմանը. ԹԱՎՇՅԱ ԿՈՒՌՔԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Անցած 28 տարիների ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյական ճգնաժամն արդեն իսկ ամայացրել էր մեզանում մարդավայել կյանք երազող մարդկանց հոգիները՝ ծնելով դեռևս անորոշ ցանկություններ, որոնք հետագայում դրսևորվեցին կացին վերցնելու պատրաստակամությամբ, իսկ հետագան արդեն իսկ «Զատիկ» կղզու սցենարն էր՝ քաղաքակիրթ տարբերակով:

Յուրաքանչյուր որբ, Ղարաբաղում որդի կորցրած յուրաքանչյուր մայր, կասկածելի շիճուկներով պատվաստված յուրաքանչյուր կույս, բերանում ատամ չունեցող յուրաքանչյուր մտավորական, փողով վիրահատություն կայացնող յուրաքանչյուր խեղճ…. տապալված ծառեր են մեզանում: Եվ նրանք բոլորը Թավշյա հեղափոխության գերաններն են, և նրանք էին թիզ առ թիզ հրում նորօրյա մեր կուռքը, որ դուխով կացիններ էր բաժանել: Սա բարոյական ծառեր հատելու նախաշուքն էր անշուշտ, համազգային նախավարժանք, որ երկիր ամայացնելու հանդուրժողականություն պիտի հարուցեր: Պիտի կազմավորեր վայրենիների այն բանակը, որ չի երկնչում տաղանդ բռնաբարելիս այլ ճանապարհներ է հարթում համասեռամոլների համար, և կաշառակերության ի՛ր տեսակն է կայացնում՝ օրենքի ուժ հաղորդելով ինքնապարգևատրման կաշառակերությանը: Բայց յուրաքանչյուր գործընթաց իր տրամաբանությունն ունի, և մենք, միգուցե, դեռ ինչ-որ կերպ ու ինչ-որ չափով հավատում ենք ապագային, որովհետև մեզ աստվածներ են այցելում երբեմն: Աստվածները շնորհում են Հպարտ քաղաքացու անձնագրեր, որպեսզի պիրկ լինեն մեր մատները կացին վերցնելիս, և այո-ն լինի մեր շուրթերի վրա, երբ մարդ սպանելու որոշումն ենք կայացնում:

«Զատիկ» կղզու մարդակերները ինքնագլուխ չեն եղել իհարկե: Նրանք ունեցել են ժողովներ, որոնք մենք հանրաքվե ենք կոչում այժմ, և նրանք նույնպես ասել են՝ այո: Նրանք օրենքով են կայացրել իրենց ոճրագործությունը՝ ի սրտե փայփայելով երազներ, իսկ երեք հազարամյա այս ժամանակաշրջանում շատ բան չի փոխվել առանձնապես, որովհետև հենց օրենքներն են կայացրել քաղաքակրթության պերճանքն ու թշվառությունը: Օրենքներ, որոնք գթասրտության շապիկն են կարել բարբարոսության մերկ մարմնին՝ հաստատելով բարոյական մարդասպանության իրավունքը: Բոլոր օրենքները համահավաք ձայներ են, բայց ես արգելում եմ իմ ձայնի գողությունը և չեմ ճանաչում քվեներ, որոնք ստելու իրավունքն են արտոնում:

Վատթար այս իրականության մեջ, երբ հասունացել է համաշխարհային նոր կարգ ու կանոն հաստատելու վայրենությունը, մենք առանձնապես նման ենք «Զատիկ» կղզու այն աբորիգեններին, որոնք ծառ չունեին այլևս, բայց հղի էին հույսերով, քանզի դեռ հավատում էին իրենց կուռքերին և աղերսում էին սնունդ, բարիք ու բարեկեցություն: Կամավոր բանտարկության ռեժիմին ենթարկվելով, մենք ևս ունենք աղերսներ, և մեր հույսերը Թավշյա կուռքերի հեղափոխությունն են ճանկռում:

Ես ամաչում եմ:

Ամաչում եմ՝ հանկարծ պատկերացնելով լույսի փող չունեցող մարդու դառնությունը, երեխային ծամոն բերող տղամարդու աղքատությունը, հաշմանդամ տղամարդու ղարաբաղյան կռիվն ու թշվառությունը իր հայրենիքում, ամաչում եմ եղբոր դավաճանությունից, ֆեյսբուքում լրբացող կանանց բառերից, տասը հազար դրամով վաճառվողների նենգ ապուշությունից…

Ես ամաչում եմ, որովհետև սիրում եմ բոլոր նրանց, ովքեր ամենայն ազնվությամբ հատեցին իրենց լավագույն ծառերը՝ Թավշյա կուռքերի հեղափոխությունն իրականացնելով: Չէ՞ որ ծովեր ունենք ենթագիտակցության մեջ և ունենք այլանդակ կուռքեր, որոնք, ահա՛, շարված են մեր խեղճ գիտակցության անջուր ափերին:

Որևէ հեղափոխություն բռնատիրություն է ենթադրում այն պահից ի վեր, երբ ստորին խավերը երկրպագում են, իսկ առաջնորդները հիվանդանում են անձի պաշտամունքով: Ուստի ամաչում եմ համահայկական երկրպագության համար, ամաչում եմ քրիստոնեության համար, որովհետև քրիստոնեական խեղճությամբ մեր ողնաշարն են կոտրել, և քրիստոնեական նենգությամբ վաճառել են Երկիր՝ հստակ կերտելով հետևյալ կարգախոսը. «Երկիր ծախելիս անպատճառ պիտի ժողովուրդ մորթես, որպեսզի արյունը լվանա մեղքը»:

Ահա և՝ հատվում են բոլոր այն ծառերը, որոնք աճում են՝ համահարթեցման գազոններից բարձրանալով, և ամայացվում են բոլոր այն տարածքները, որտեղ ոսկեբեր երակներն են առատ: Ապա, ուրեմն, ո՞վ էր այն վայրենին, որ առաջին ծառը հատելու գաղափարը հղացավ, և ո՛վ է այն վայրենին, որ կանգնած է այսօր՝ բռունցքի մեջ կացնի պոչը սեղմելով ու տնտղելով իմ հայրենիքի վերջին ծառը:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Ամբողջովին համաձայն եմ Ձեր մտահոգությունների և եզրահանգումների հետ. Բայց ավա՜ղ, մեր ժողովրդի մեծ մասը չի պատկերացնում այս կուռքերի սնանկ և ապածնորհ էությունը.

  2. ՀԱԿԱՈԻՏՈՊԻԱ says:

    Կեցցես Սմբատ, քո հերթական հրաշալի, դաժան և, ավաղ, իրապատում արձակը… Ինչպես Սայաթ Նովան կասեր, ԲՈՒՆՅԱԹԴ ԱՎԱԶ ՉԻՄԱՆԱ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930