Մինչ աշխարհն անհամբեր սպասում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը, համաճարակը շարունակում է մեծ թափով տարածվել ամբողջ աշխարհում: Միլիոնավոր երեխաներ կարմրուկի, դիֆթերիայի և պոլիոմիելիտի դեմ կենսական նշանակության պատվաստումներ չստանալու վտանգի տակ են՝ այս ծառայությունները տրամադրող օղակների աշխատանքի ընդհատման պատճառով: Վերջին տվյալներով, պետությունների մեծամասնությունը դադարեցրել է պոլիոմիելիտի, իսկ 25 երկիր հետաձգել է կարմրուկի դեմ զանգվածային արշավները՝ առաջնորդվելով նոր ուղեցույցով։
Նույնիսկ մինչ կորոնավիրուսի համաճարակը, կարմրուկի, պոլիոմիելիտի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումները յուրաքանչյուր տարի անհասանելի էին 20 միլիոն երեխայի համար: 2018թ․ աշխարհում ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել, որոնցից շատերն ապրում են թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներում: Հաշվի առնելով ներկայիս ընդհատումները՝ 2020 թվականի և գալիք տարիների ընթացքում սա կարող է աղետալի հետևանքների բերել։
«Քանի դեռ կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում, կյանքեր փրկող մեր աշխատանքը` ուղղված երեխաներին պատվաստանյութերով ապահովելուն, հույժ կարևոր է», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի իմունիզացիայի հարցերով գլխավոր խորհրդական և բաժնի ղեկավար Ռոբին Նանդին (Robin Nandy): «ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով միլիոնավոր երեխաների ճակատագրեր են անորոշության մեջ»:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծության, 2010-2018 թթ․ ընկած ժամանակահատվածում գրեթե 182 միլիոն երեխա կամ տարեկան միջին հաշվով 20,3 միլիոն երեխա չի ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Սա այն պատճառով է, որ կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի գլոբալ ծածկույթը կազմում է ընդամենը 86 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է կարմրուկի բռնկումը կանխելու համար անհրաժեշտ 95 տոկոսից:
Կարդացեք նաև
Չպատվաստված երեխաների թվաքանակը հանգեցրեց նրան, որ 2019 թվականին կարմրուկի տագնապալի բռնկումներ արձանագրվեցին այդ թվում բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված տարածաշրջանային նոր բնութագրերի, կարմրուկից բացի, իմունիզացիայի բացերն արդեն իսկ բավականին խնդրահարույց էին: Իսկ այսօր բոլոր պետությունները նաև պայքարում են կորոնավիրուսի բռնկումների դեմ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենսական նշանակության պատվաստանյութեր է մատակարարում, որպեսզի հիվանդությունների բռնկումներ ունեցող վայրերում երեխաները պատվաստվեն։
Մինչ աշխարհը շտապում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ նոր պատվաստանյութ ստեղծել և փորձարկել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կարմրուկի և կարմրախտի նախաձեռնությունն ու ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը կառավարություններին և դոնորներին կոչ է անում.
* շարունակել իրականացնել պլանային պատվաստումները՝ միևնույն ժամանակ պաշտպանելով բուժաշխատողներին։
* Երբ համաճարակն ավարտվի, պլանավորել յուրաքանչյուր երեխայի բաց թողած պատվաստումների իրականացումը։
* Երբ ՔՈՎԻԴ-19-ը պատվաստանյութը ստեղծվի, ապահովել, որ այն հասանելի լինի նույնիսկ ամենակարիքավոր մարդկանց համար:
«Այսօր չպատվաստվող երեխաները չպետք է իրենց ողջ կյանքն ապրեն առանց հիվանդությունից պաշտպանված լինելու», – նշել է ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի գլխավոր գործադիր տնօրեն Սեթ Բերկլին (Seth Berkley) «ՔՈՎԻԴ-19-ը չպետք է պատճառ հանդիսանա, որ աշխարհում կարմրուկի և պոլիոմիելիտի նման այլ մարդասպան հիվանդություններ վերածնունդ ապրեն»։
Բարձր եկամուտ ունեցող 10 երկների ցանկը, որտեղ երեխաները 2010 – 2018թթ․ չեն ստացել կարմրուկի պատվաստանյութի առաջին չափաբաժինը
1. ԱՄՆ- 2,868,000
2. Ֆրանսիա- 680,000
3. Մեծ Բրիտանիա- 585,000
4. Իտալիա- 482,000
5. Ճապոնիա- 386,000
6. Կանադա- 363,000
7. Գերմանիա- 195,000
8. Ավստրալիա- 155,000
9. Չիլի- 155,000
10. Իսպանիա- 141,000
ՅՈՒՆԻՍԵՖ