Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական լրատվամիջոցների անդրադարձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Ապրիլ 25,2020 14:16

Այս օրերին իտալական լրատվամիջոցները անդրադարձել են Հայոց ցեղասպանության  105-րդ տարելիցին: Mediaset Tgcom24 հեռուստաալիքի եթերում այլ լուրերի թվում անդրադարձ կատարվեց նաև ցեղասպանության տարելիցին. «Մեկուկես միլիոն մարդ, այդ թվում ավելի քան հազար մտավորական, սառնասրտորեն բնաջնջվեց և անգթորեն կոտորվեց նրանց կողմից, որ մինչ օրս այդ կոտորածի մասին խոսում են առանց այն իր անունով կոչելու՝ հրաժարվելով արտասանել «ցեղասպանություն» բառը»: Լրագրողը մեջբերում է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խոսքից մի hատված. «Ցեղասպանությունը մեր արյան մասն է կազմում, մենք այն չենք մոռանում, բայց պատրաստ ենք ներել: Ներումը մեր հավատքի մասն է, բայց դա տեղի կունենա, երբ կլինի այս կոտորածի ամբողջական ճանաչումը»:

Այս թեմային են անդրադարձել նաև մի շարք թերթեր:

Il Corriere della Sera թերթը «1915 թ.-ի ապրիլի 24-ին  սկսվում էր Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում  անդրադարձ է կատարում ցեղասպանությանը՝ ներկայացնելով բազմաթիվ պատմական փաստեր: Հոդվածում խոսվում է նաև մի շարք հասարակական և մշակութային գործիչների մասին, որոնք հանդես են եկել Թուրքայի ժխտողական քաղաքականության քննադատությամբ: Լրագրողը նշում է  Հրանտ Դինքին, Օրհան Փամուկին, ինչպես նաև Էլիֆ Շաֆաքին և ընդգծում նրանց իրականացրած գործունեությունը հանուն ցեղասպանության ճանաչման: Նշվում է նաև, որ բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել այս թեմայով, ինչպես օրինակ Ա.Արսլանի վեպի հիման վրա նկարահանված «Արտույտների ագարակը» կամ ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը:

Հոդվածն ամփոփվում է փաստելով, որ շատ երկրներ դեռ չեն ընդունել ցեղասպանությունը. «Չնայած բազմաթիվ երկրների աջակցությանը՝ հայերի ցեղասպանությունը դեռևս չի հանդիսանում համընդհանուր ճանաչում ստացած փաստ: Բավական է մտածել Ամերկայի Միացյալ Նահանգների նման գերտերության երկիմաստ վերաբերմունքի մասին. չնայած Օբամայի վարչակազմի կողմից իրականացված նախնական զրույցներին և այն փաստին, որ 2019 թ.-ին հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախաձեռնությունը հավանության արժանացավ թե Ներկայացուցիչների պալատի, թե Սենատի կողմից, այս խնդիրը մնում է դեռ չլուծված»:

Il Messaggero թերթը նույնպես անդրադարձել է ցեղասպանության տարելիցին՝ ընդգծելով նաև այն փաստը, որ ավանդաբար իրականացվող միջոցառումների մի մասը այս տարի չեղարկվել է համավարակի հետևանքով, և մարդիկ չեն կարողացել իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին: Թերթը գրում է. «Կորոնավիրուսի պատճառով  հայոց ցեղասպանության  105-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները նույնպես մեծամասամբ վիրտուալ տիրույթում են և իրականացվում են սոցիալական ցանցերի միջոցով: Առաջին անգամ չեղարկվել է մայրաքաղաքում կազմակերպվող ավանդական ջահերով երթը, ինչպես նաև փակ էր Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրի մուտքը»:

Հոդվածում խոսվում է նաև այն մասին, որ միջոցառումները մեկնարկել են եկեղեցու զանգերի ներքո, երբ մարվել են փողոցների լույսերը: Թերթը գրում է. «Մայրաքաղաքը թաղվեց մթության մեջ, երբ  բնակիչները նույնպես անջատեցին իրենց տների լույսերը, շատերն էլ վառեցին մոմեր կամ հեռախոսների լապտերներ»:

 

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930