Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավար դասեր

Ապրիլ 25,2020 14:07

Աշխարհի տարբեր երկրներում մարտին հայտարարված արտակարգ դրությունը էապես փոխեց բուհում դասընթացների անցկացման տրամաբանությունը։ Դատելով օտարերկրյա և հայաստանյան իմ գործընկերներից ստացված տեղեկություններից՝ անցումը հեռավար կրթության բավական արագ տեղի ունեցավ։ Այժմ, երբ արդեն 6 շաբաթ է, ինչ ընթանում է հեռավար դասավանդումը, ժամանակն է հասկանալ թե ի՞նչ դրական ու բացասական կողմեր ունի դասավանդման այս ձևը, ինչպե՞ս է այն ընկալվել դասախոսների և ուսանողների կողմից, ի՞նչ խնդիրներ են առաջացել բուհի կառավարման գործընթացներում, ինչ հետևություններ են արել պետական գերատեսչությունները։

Միանգամից ասեմ, որ դատելով արձագանքներից հայաստանյան բուհի մեծ մասը տեխնիկապես պատրաստ չէր դասավանդման օնլայն մեթոդին։ Իհարկե, ZOOM ծրագիրը, որը նախկինում օգտագործվում էր գերազանցապես բիզնես հանդիպումների և հարցազրույցների համար, էապես հեշտացրեց մի շարք դասախոսների գործը։ Այն հնարավորություն է տալիս 40 րոպե անվճար դասաժամ անցկացնել, այնուհետև անջատել կրկին միանալ, շարունակելու համար դասերը։ Իսկ եթե վճարովի է, ապա ամսական 15 դոլարով կարելի է ձեռք բերել անվերջ խոսելաժամանակ ու առավել բարձր որակ։

Հայաստանի ամերիկյան համալսարանում անցումը շատ արագ ստացվեց։ Համալսարանի տեխնիկական բաժինը շատ արագ կարողացավ  moodle.aua.am կրթական կառավարման հարթակում ձևավորել դասաժամի պլանավորման հեշտացված համակարգ։ Մարտի 16-ից ամբողջ համալսարանով անցում կատարեցինք օնլայն համակարգին։ Քանի որ բոլոր ուսանողները կապված են moodle-ին, ապա շատ արագ տեղի ունեցավ անցումը։ Սակայն հայաստանյան ԲՈՒՀ-երի մեծ մասը կամ չունեն նման համակարգեր, կամ ունենալու պարագայում դրանք ամբողջությամբ չեն կիրառում, հետևաբար անցումը բավական դժվար էր։

Հեռավար դասավանդմանը անցնելուց երկու շաբաթ անց, Ամերիկյան համալսարանի ղեկավարությունը ուսանողության շրջանում հարցում կատարեց թե ինչպես են նրանք հարմարվել նոր համակարգին։ Հնչած կարծիքները և առաջարկները օգնում են ամբողջական պատկերացում կազմել հեռավար համակարգի ընթացքի, դրական ու բացասական կողմերի մասին։

Ուսանողների մեծ մասը փաստեցին, որ անցումը նոր համակարգին բոլորի մոտ բավական արագ ու սահուն է ստացվել։ Որոշ ուսանողներ անգամ նշում են, որ զգալիորեն աճել է նաև դասերին նրանց մասնակցությունը, ոմանք նաև գոհ են, որ ժամանակ ու ֆինանսներ չեն կորցնում դեպի համալսարան տրանսպորտի վրա։ Ուսանողները նշել էին նաև մի շարք այլ դրական կողմեր։ Կային նաև բացասական արձագանքներ, որոնք գերազանցապես վերաբերում էին տեխնիկական բնույթի խնդիրներին. անկայուն ինտերնետ կապ և հոսանքի անջատումներ, ընտանեկան պայմաններ, երբ տանը մի քանիսը միաժամանակ դասընթաց ունեն և ոչ բոլորն ունեն համակարգիչ կամ համապատասխան հնարավորություններ ունեցող հեռախոսներ։ Առավելապես կարևոր էին հանձնարարությունների ծանրաբեռնվածության մասին մի շարք ուսանողների պնդումները, որոնց պատճառով ավելացել են նրանց ֆիզիկական ու հոգեկան խնդիրները. ողնաշարի ցավ, տեսողության խնդիրներ, գլխացավ, անքնություն և այլն։ Ընդհանուր առմամբ ուսանողները կարողացան նաև հասկանալ իրավիճակի լրջությունը և շատ արագ հարմարվեցին նոր իրողությանը ՝գիտակցելով, որ այն ժամանակավոր բնույթ է կրում։

Դասախոսներիս համար այն իհարկե հետաքրքիր մարտահրավեր էր։ Ամերիկյան համալսարանում դասերը կրում են ինտերակտիվ բնույթ, դրանց շնորհիվ դասախոսները կարողանում են ուսանողների հետ ինտենսիվ աշխատել։ Կարևոր են լսարանային համատեղ քննարկումները, խմբային ու անհատական աշխատանքները, ուսանողների և դասախոսների ներկայացումներին հետևող տարաբնույթ քննարկումները, ուսանող-դասախոս օֆիսային ժամերը, քանի որ այս ամենի շնորհիվ ձևավորվում է համալսարանական մթնոլորտ, դասախոս-ուսանող, ուսանող-ուսանող կարևոր շփումը։ Թե՜ ուսանողները, թե՜ դասախոսները կարոտում են լսարանը։ Ուսանողները կարոտում են ընկերներին, միմյանց հետ շփումները, համատեղ հանձնարարությունների կատարումը, համալսարանական մթնոլորտը։ Դասախոսներն իրենց հերթին կարոտում են ուսանողներին, լսարանական աշխատանքը, ուսանողների խելացի ու կարևոր հարցերը, դիտարկումները։ Վերջին հաշվով դասախոսները ևս կարոտում են ուսանողներին ու նրանց հետ աշխատանքը։ Համալսարանը, դա համատեղ լսարան է, այն ունի անբացատրելի ու գերբնական ուժ, այն մեկտեղում է տարբեր էներգիա ու ներաշխարհ կրող մարդկանց ու դրանց միաժամանակյա համադրման շնորհիվ ձևավորվում է կրթական մթնոլորտը։ Այդ զգացումին ոչինչ չի կարող փոխարինել։

Հեռավար կրթությունը Հայաստան եկավ անսպասելի ու դարձավ անխուսափելի, սակայն Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք բուհում այն վաղուց արդեն ներդրված համակարգ է։ Որոշ բուհեր ամբողջական կրթական ծառայություններ են մատուցում՝ հենվելով հեռավար դասավանդման վրա, իսկ դասախոս-ուսանող շփումներ որպես այդպիսիք չկան։ Դասավանդման նման ձևը շատ մեծ տարածում չունի, սակայն որոշ բուհեր ներդրել ու ժամանակի ընթացքում կատարելագործել են հեռավար կրթության ձևերն ու մեթոդները։

Այժմ, երբ հայաստանյան գրեթե բոլոր բուհերը առիթ ունեցան գնահատելու հեռավար կրթության դրական կողմերը, գուցե որոշ բուհեր կարողանան մի քանի կրթական ծրագրեր ու առարկաներ առաջարկեն, որոնք կհիմնվեն հեռավար կրթության վրա։ Իհարկե, դա անելու համար հարկավոր են առավել վստահելի կրթական կառավարման էլեկտրոնային պլատֆորմներ, ինչպես նաև ծրագրեր, որոնք կապահովեն առավել որակյալ ու անվտանգության առումով անխոցելի հեռավար դասավանդման ծրագրեր։

Մեկ այլ կարևոր է դիտարկում ևս. ինտերնետ հասանելիության և համակարգչային հագեցվածության շնորհիվ Երևանի բուհերի մեծ մասում այս անցումը բավական հեշտ տեղի ունեցավ։ Ինչը սակայն չենք կարող ասել մարզային բուհերի պարագայում։ Գործընկերներս փաստում են, որ ինչ հնարավոր է Երևանում, բավական դժվար է նույն հաջողությամբ ու ծավալներով իրականացնել մարզերում, քանի որ ինտերնետի հասանելիությունը, թափանցելիությունը, անգամ արագությունը թույլ են, իսկ որոշ ուսանողներ չունեն համակարգիչներ, իսկ հեռախոսները բավական թույլ են հեռավար կրթության հնարավորություններից օգտվելու համար։

Ամփոփելով կարող ենք ասել, որ հայաստանյան այն բուհերը, որոնք տարիներ շարունակ հետամուտ են եղել կրթական ծրագրերի կատարելագործման ու տեխնոլոգիաների ներդրման հարցում, այս փորձությունից դուրս կգան նվազագույն բացասական հետևանքներով։ Իսկ իրականում, տեղի ունեցածը ի ցույց դրեց Հայաստանի բուհական համակարգի խնդրահարույց կողմերը, մարզային և երևանյան բուհերի միջև տարբերությունը, սոցիալական խնդիրների ուղղակի ազդեցությունը կրթության հասանելիության խնդիրների վրա, և իհարկե ամենակարևորը, կրթության որակի հարցը։

Տեղի ունեցածը ուղերձ է մեր երկրի կառավարությանը, կրթության պատասխանատուներին, որ կրթության խաթարումը անթույլատրելի է։ Ավելին, դատելով տարաբնույթ զեկույցներից ու նախազգուշացումներից, համավարակը շարունակելու է մարդկությանը պատուհասել այնքան ժամանակ քանի դեռ հակամարմին չի հայտնաբերվել։ Ինչը նշանակում է, որ տեսականորեն հաջորդ ուսումնական տարին ևս կարող է ընթանալ հեռավար կրթությամբ։ Արդյո՞ք համապատասխան գերատեսչությունները և բուհերը պատրաստ են։

Վահրամ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ AUA Political Science and International Affairs Program-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930