Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային գաղտնիքին հասանելիությունը պետք է տրվի միայն ու միայն շատ խիստ սահմանափակ դեպքերում․ Արկադի Խաչատրյան

Ապրիլ 25,2020 13:45

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձել է բանկային գաղտնիքին և դրա պետական մարմիններին հասանելի դարձնելու հանգամանքին։

Վերջին ժամանակահատվածում մենք ականատես ենք լինում Հայաստանում բանկային գաղտնիքի ինստիտուտի հետևողական և հաստատուն քայլերով թուլացման գործընթացին:
Ողջունելով ՊԵԿ-ի հայտարարությունը՝ բանկային գաղտնիքին հասանելիություն ստանալու վերաբերյալ վերջինիս նախագծերը հետ կանչելու մասին, այդուհանդերձ ուզում եմ անդրադառնալ այս թեմային՝ հետագայում նմանատիպ նախագծերը հնարավորինս կանխելու նպատակով:

1.Բանկային գաղտնիքի ինստիտուտը բանկային համակարգի արդյունավետ գործունեության, ֆինանսական համակարգի կայունության և բանկային գործառնություններից օգտվող անձանց մասնավոր շահերի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է:

2.Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պետական մարմիններին և պաշտոնատար անձանց կարող են տրամադրվել միայն այն սահմաններում և չափով, որքանով դա անհրաժեշտ է հանրային շահի ապահովման համար` պայմանով, որ նախատեսված են մասնավոր անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ:

3. Կարծում եմ՝ պետք է բացառվի դրա երաշխավորման պահանջից ցանկացած կամայական նահանջ:

4.Հետևաբար բանկային գաղտնիքին հասանելիությունը առհասարակ պետք է տրվի միայն ու միայն շատ խիստ սահմանափակ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա, օրենքով սահմանված կարգով, որպեսզի այն չազդի ավանդատուների վարքագծի վրա և չառաջացնի ֆինանսական կայունության ռիսկ:

5.Ցանկացած նախագծով արտոնվող հասանելիությունը՝ առանց դատարանի որոշման, համարում եմ մասնավոր շահի կոպիտ ոտնահարում:

6.Նախագծով սահմանված չեն մասնավոր անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ:

7.Նախագիծը ՊԵԿ-ին տալիս է հաշիվներ ուսումնասիրելու լայն հնարավորություն, ինչպես նաև հասանելիություն՝ հնարավոր հանցագործության կամ իրավախախտման հետ կապ չունեցող տեղեկատվությանը:

8.Նախագծի ընդունման արդյունքում կարող է ի հայտ գալ անձանց վարքագծի փոփոխության ռիսկ:

9.Սա նախ և առաջ վերաբերվում է հատկապես օտարերկրյա ավանդատուներին, և ոչ միայն, ովքեր մեր բանկերում ավանդ են դրել՝ իմանալով մեր երկրում ավելի քան 20 տարի բանկային գաղտնիքի ռեժիմի պահպանման մասին:

10.Միևնույն ժամանակ կարելի է ակնկալել, որ շատ գործարքներ կիրականացվեն՝ պարզապես շրջանցելով բանկային համակարգը: Մինչդեռ բանկերում գոնե գործում է փողերի լվացման դեմ պայքարի համակարգը, որը ևս կարևոր կանխարգելիչ գործիք է:

11.Հարկ է նշել նաև, որ շատ երկրներ ստիպված են եղել գնալ բանկային գաղտնիքի ռեժիմի ազատականացման՝ գերտերությունների պահանջով՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

12.Եվ այդ երկրներն արդեն իսկ ունեցել են ձևավորված, պրոֆեսիոնալ, անաչառ և վստահելի ինստիտուտներ, որոնց նկատմամբ առկա է եղել հանրային լիակատար վստահություն:

13.Վերջում, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ բանկային գաղտնիքի ինստիտուտը միշտ պետք է դիտարկել ֆինանսական կայունության ապահովման համատեքստում:

14.Եվ խոսքը ոչ միայն ՀՀ բանկային համակարգի նկամամբ վստահության, մեր քաղաքացիների, այդ թվում՝ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների խնայողությունները մեր բանկերում պահելու, այլ առհասարակ ՀՀ-ում ներդրումային միջավայրի մասին է:

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930