Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կրոնական տերության եւ գիտատեխնոլոգիական գերտերության առճակատումը Միջագետքի անապատներում   և տիեզերքում

Ապրիլ 25,2020 12:55

Աշխարհի շատ երկրներում և մասնավորաբար Իրանում կորոնավիրուսի համավարակի անողոք բռնկման ֆոնին և այն պայմաններում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը բախվել է վիրուսային Covid-19 հիվանդության անհաղթահարելի դժվարությունների և բժշկական պարագաների ու սարքավորումների խիստ անհրաժեշտ կարիքների պակասի հետ և մյուս կողմից նավթի միջազգային գները աննախադեպ անկում են արձանագրել, Իրանի հոգևոր պահպանողական իշխանությունները և ԻՀՊԿ-ի ավագ հրամանատարները, միանգամայն անակնկալի բերելով իրանցիներին և իրենց վաղեմի թշնամի ԱՄՆ-ին, չորեքշաբթի ապրիլի 22-ին շռնդալից աղմուկով հայտարարեցին, որ «Նուռ» արբանյակը, որպես Իրանի Իսլամական հանրապետության առաջին ռազմական արբանյակ, արձակվել է «Ղասեդ» երկփուլ արբանյակակիր հրթիռի միջոցով, Իրանի կենտրոնական անապատից:

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին ռազմական արբանյակը հաջողությամբ արձակվել է պահապանների կորպուսի կողմից: Մի քանի անհաջող փորձերից հետո սա տիեզերական ոլորտում մեծ ձեռքբերում է Իրանի համար: Սակայն, հետաքրքիր է, թե ինչո՞ւ Իրանի հոգևոր արմատական և ռազմական իշխանությունները կորոնավիրուսի գլոբալ բռնկման և տնտեսական ճգնաժամի պայմաններում որոշել են նման արկածախնդրային քայլ ձեռնարկել, այն էլ այնպիսի պայմաններում, երբ երկրի մեղմ ասած չափավոր իշխանություն հանդիսացող նախագահական ինստիտուտը պաշտոնապես դիմել է ԱՄՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով  5 միլիարդ դոլար վարկ ստանալու խնդրանքով։ Իրանի նախագահի ինստիտուտի կողմից նման քայլի դիմելու ֆոնին ԱՄՆ-ը փորձում է  խափանել Իրանին ֆինանսական օգնություն տրամադրելու ԱՄՀ-ի որոշումը: Արևմուտքից օգնություն ստանալու հույսով Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը կպահպանի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, եթե մյուս երկրները կատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիմքով ստանձնած իրենց բոլոր պարտավորությունները:

Սակայն, Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից տարվող խիստ թերի ջանքերին զուգահեռ, որոնք մեծ մասամբ անցնում են ապարդյուն, ԻՀՊԿ կազմավորման օրվա կապակցությամբ (կառույցը ձևավորվել է 1979 թ․ ապրիլի 22-ին՝ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի հրամանագրով), Այաթոլլահ Խամենեին ԻԻՀ ԶՈՒ գերագույն հրամանատարության հղած ուղերձում շնորհակալություն է հայտնել Պահապանների կորպուսին՝ բարձր մասնագիտական գործունեության համար: Այաթոլլահ Խամենին նշել է, որ ԻՀՊԿ-ն նշանակալի դերակատարություն է ունեցել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի, Իրանում ու տարածաշրջանում անվտանգության հաստատման, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում: Իրանի երկբևեռ իշխանությունների կողմից հակասական մոտեցումը, վկայում է այն մասին, որ Իրանի իշխանությունների վերնախավում փաստորեն գոյություն չունի ինտեգրված քաղաքական համակարգ և որոշում կայացնող համակարգի բացակայությունը,  հանգել է իշխանությունների բևեռացմանը, որում ավելի գերակշիռ դերակատարում ունեն երկրի գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենիի գլխավորած պահպանողական թևի հոգևորականները՝ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։

Չնայած ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և կառավարության կաբինետը երկրի անվտանգության կապվող հարցերում, կորպուսի և գլխավոր առաջնորդի որոշումների նկատմամբ ցուցաբերած մեղմ և  պահպանողական մոտեցումներին, փաստորեն միշտ էլ ենթարկվում են ուժային կենտրոնների հրամաններին և լիովին  չեն կարողանում լուծել ներքին, տարածաշրջանային և միջազգային հարթակում իսլամական համակարգի համար, անկասկած ներքին գործոնների արդյունքում  ստեղծված խնդիրներն ու ճգնաժամերը։ Դրա վառ ապացույցն է վերջերս կորոնավիրուսի գլոբալ բռնկման ֆոնին հակամարտող կողմերի միջև սրվող հիբրիդային և քարոզչական պատերազմը և ԱՄՆ-Իրան աճող լարվածությունը  Պարսից Ծոցի տարածաշրջանում։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավատորմի հրամանատարությունը և ամերիկյան ռազմական պաշտոնյաները, վերջերս հայտարարեցին, որ ապրիլի 15-ին Պարսի ծոցում ԻՀՊԿ-ին պատկանող իրանական սրընթաց զինված նավակները մոտեցել են  ամերիկյան ռազմանավերին և խոչընդոտել նրանց ընթացքին ծովային միջազգային ընդունված սահմաններում:

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ  ապրիլի 6-ին  և 7-ին, ամերիկյան ռազմանավերն անտեսելով իրանական  կողմի նախազգուշացումները,  Պարսից ծոցում փակել են իրանական նավի ճանապարհը, և միայն իրանական զինված նավակների սպառնալիքի հետևանքով բացել իրանական նավի ճանապարհը: ԻՀՊԿ հայտարարության մեջ ասված է, որ Իրանի զինված ուժերը, տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած արկածախնդիր քայլ կդիտարկեն, որպես սպառնալիք ուղղված Իրանի ազգային անվտանգության դեմ և վճռականորեն կարձագանքեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քայլերին: Երկկողմ մեղադրանքները, անկասկած նորություն չեն և կազմում են հերթական սպառնալիքների և հռետորաբանության արշավի շարունակությունը, սակայն այս անգամ սպառնալիքների լեզուն սրվել և ռազմական բախման հավանականությունը ավելի լուրջ երանգներ է ստացել։

Պարսից ծոցի ջրերում տեղի ունեցած միջադեպից մի քանի օր անց, Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարեց ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի կողմից առաջին ռազմական արբանյակի ուղեծիր ուղարկելու հաջող փորձի մասին։   Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար  բրիգադային գեներալ Սալամին տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերումը համարելով իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի  պաշտպանական ուժի անհրաժեշտությունը, հավելել է.«Այսօր, աշխարհի հզոր բանակները  առանց տիեզերքում  գտնվելու, հնարավորություն չունեն համապարփակ պաշտպանական նախագծեր իրականացնել: Ժամանակակից տեխնոլոգիային հասանելիությունն  ընդլայնում է  Իրանի ռազմավարական կարողությունները»:

Անդրադառնալով իրանական ռազմական արբանյակի հաջող արձակմանն ԻՀՊԿ օդուժի հրամանատարը՝ գեներալ Ամիրալի Հաջիզադեն նաև ասել է. «Տիեզերքին հասանելիությունն այլևս ընտրություն չէ, այլ անխուսափելի անհրաժեշտություն և Իրանը պետք է գտնի իր տեղը տիեզերքում»: Հատկանշական է, որ սա առաջին անգամ է, որ Իրանի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները և պետական պաշտոնական լրատվամիջոցները բացահայտորեն հայտարարում են իրանական արբանյակի ռազմական գործարկման մասին, չնայած այն հանգամանքին, որ անցյալում միշտ պնդել են որ Իրանի հրթիռային ծրագրերը և տիեզերական նախագծերը ունեն  ոչ ռազմական և  միայն գիտական բնույթ։ Կարելի է ասել, որ այս անգամ Իրանի ռազմական իշխանությունները փորձում են ուղղակիորեն ԱՄՆ-ին և արևմուտքին հասկացնել, որ  Իրանը նախապատրաստվում է դուրս գալ ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների սահմանից և նոր ու ավելի ուժեղ դիրքերից խոսել ԱՄՆ-ի վարչակազմի հետ։ Երևի նրանք մտածում են կորոնավիրուսի համաճարակը թուլացրել է ԱՄՆ-ի նախագահի դիրքերը երկրի ներսում և միջազգային ասպարեզում և նախքան ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները պետք է վերջնական հարված հասցնել հանրապետականների ճամբարին։

Մինչ, Իրանն ու ԱՄՆ-ը փաստորեն երկիր մոլորակի վրա անկարող են դիմակայել միկրոսկոպային ծավալներով կորոնավիրուսի սպառնալիքին և վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսային COVID-19 հիվանդությունով տասնյակ հազարավոր քաղաքացիներ զոհվել են Իրանում և ԱՄՆ-ում, կողմերը փորձում են ներքին դժվարությունները և դժգոհությունները կոծկելու համար հակամարտության մարտադաշտն ընդլայնել մինչև ծովերը և նույնիսկ տիեզերք։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով ստեղծված իրավիճակում ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարող են ունենալ զարգացման մի քանի հավանական դիպաշարեր: Ամենահավանականն այն է, որ կողմերի միջև լարվածությունը, փոփոխական ուժգնությամբ, կշարունակվի մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններ։ Դոնալդ Թրամփը կփորձի առավել ուժեղացնել ճնշումներն Իրանի նկատմամբ և հասնել նրան, որ ԱՄՆ-ի համար ավելի շահավետ պայմաններով նոր միջուկային համաձայնագիր կնքվի:

Միջին Արևելքի տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի տարածաշրջանում ուժեղացնել միջազգային ռազմական կոալիցիային, միևնույն ժամանակ փորձելով խուսափել ծոցում Իրանի սրընթաց նավակների հետ ուղղակի բախվելուց: Սակայն, Իրանը փորձում է ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկման և նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ առավել լարվածություն ստեղծել Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում,  այն հույսով, որ նավթի գների կտրուկ անկման պայմաններում և Իրաքում ստեղծված տնտեսական անմխիթար վիճակում կկարողանա իր կողմից հովանավորվող զինված խմբերի օգնությամբ սահմանափակ պատերազմ հրահրել միջագետքի անապատներում ԱՄՆ-ի կոալիցիայի դեմ։ Իրանը մտածում է, որ եթե կարողանա կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ում ստեղծված տնտեսական դեֆիցիտի և նավթի աննախադեպ գների անկման պայմաններում Վաշինգտոնին ներքաշել միջագետքի անապատներում պրոքսի պատերազմի մեջ, կարող է ազդել 2020 թ․-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա և Դոնալդ Թրամփի պարտությունից հետո նոր ձևաչափով ու պայմաններով բանակցության սեղանի շուրջ նստել դեմոկրատական ցանկացած վարչակազմի հետ։

Ապրիլի 22-ին իրանական «Նուռ» արբանյակն ուղեծիր ուղարկելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, թեև ուշացումով՝  Պարսից ծոցի ջրերում Իրանի նավերի սպառնալիքի վերաբերյալ կտրուկ մոտեցում ընդունելով  ասել է, որ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի նավատորմին հրաման է տվել հարձակվել իրանական զինված նավերի վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ապրիլի 22-ին թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է . «ԱՄՆ նավատորմին հրամայել է Պարսից ծոցում հարձակվել իրանական նավերի վրա, որոնք փորձում են խանգարել ԱՄՆ ծովուժի ռազմանավերին»: Թվում է թե Իրանի կողմից ռազմական արբանյակը ուղեծիր ուղարկելու գործողությունը խիստ անհանգստացրել է ԱՄՆ-ին ու նրա արևմտյան դաշնակիցներին։

Դոնալդ Թրամփը այս հրամանով նախ ուզում է ԱՄՆ-ի ներսում հակազդել մրցակիցների կողմից իր հասցեին հնչեցրած քննադատությունները Իրանի նկատմամբ կրավորական և մեղմ քաղաքականություն որդեգրելու համար, իսկ մյուս կողմից Իրանին հասկացնել, որ թեև Միացյալ Նահանգները նույնքան զբաղված է կորոնավիրուսի մահաբեր պանդեմիայի դեմ պայքարի  ու նախագահական ընտրությունների ներքին բարդ մրցակցության  հարցերով, սակայն ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական գործունեություն իրականացնել Իսլամական հանրապետության ցանկացած համաամերիկյան քայլերի դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքում ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանության դեպքում։ Զգալով Դոնալդ Թրամփի սպառնալիքի լրջությունը, Իսլամական Հանրապետությունը անմիջապես արձագանքելով ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանը պնդել է, որ Իրանի իրավունքն է հսկելու Օսմանի նեղուցում և Պարսից ծոցում գտնվող օտարերկրյա ռազմանավերը և ինքնաթիռները: Եվ եթե նրանք ներխուժեն Իրանի ծովային և օդային տարածք, ապա կդիմակայի միջազգային օրենքների համաձայն:

Այնուամենայնիվ, տարածաշրջանային և գլոբալ մակարդակում ստեղծված բարդ իրավիճակում ԻԻՀ և ԱՄՆ-ի հակամարտությունը թևակոխել է ավելի վտանգավոր նոր փուլ։ Միջագետքի անապատներից, մինչև Պարսից ծոցի ջրերը և միկրոսկոպային կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի հարթակից մինչև տիեզերք ու ուղեծիր ծավալվել են Իրանի և ԱՄՆ-ի հիբրիդ ու պրոքսի պայքարը։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ Իրանի հոգևոր արմատական իշխանությունները և ԶՈւ-ի ու ԻՀՊԿ-ի վերնախավի խիստ գաղափարականացած և իսլամական առաջնորդին հավատարիմ հրամանատարությունը համոզված լինելով իրենց շիա դավանաքի ճշմարտացիությունն ու Աստվածային առաքելությունն ի կատար ածելու անշեղ պարտավորությունը, փորձում են բոլոր տեխնիկական, ռազմական և մարդկային ռեսուրսները օգտագործել իրենց վերացական և կրոնական իդեալները իրականացնելու և շիական մեծ խալիֆայություն ստեղծելու ուղղությամբ։ Իսկ իրանցիների կրոնական աշխարհայացքով այս պայքարի առաջնագծում է հայտնվել ԱՄՆ-ը, որպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սուննի մրցակից պետությունների  և Իսրայելի դաշնակից գերտերություն։

Իսկ մյուս կողմում, Միացյալ Նահանգները իբրև աշխարհային և ոչ կրոնական լիբերալիստական աշխարհի ղեկավար գերպետություն փորձում է կանխել իսլամական Իրանի կրոնական տերություն դառնալու ձգտումները։ Սա գերաստիճանի հասնող վտանգավոր խաղ է, ինչպես քաղաքական տեսաբան Սամուել Հանտինգտոնն իր գրած  «Քաղաքակրթությունների բախում» հայտնի գրքում է նշել, իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների բախման եզրերը լինելու են արյունոտ, այժմ թվում է Իրան-ԱՄՆ քաղաքատնտեսական և քարոզչական դիմակայումը հասել է փակուղու և կողմերից ոչ մեկը պատրաստ չեն խելամիտ քաղաքականություն որդեգրելով և բանակցային դիվանագիտության միջոցով լուծել հանգույցը։ Բանակցային գործընթացով կայացած ՀԳՀԾ-ի պայմանավորվածության ձախողումը, միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը և իսլամական Իրանի կարծրատիպային համակարգի ու ԻԻՀ գերագույն ղեկավարի կոշտ մոտեցումները վկայում են այն մասին, որ 2020 թ-ի նոյեմբերին ԱՄՆ-ում և 2021 թ․-ի հունիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, անխուսափելի է լինելու մի կողմից Իրանի իսլամական համակարգի և նրա տարածաշրջանային զինված շիա խմբերի և մյուս կողմից Միացյալ Նահանգների տարածարջանային սուննի երկրների և հրեական պետության ու արևմտյան դաշնակիցների միջև պատերազմը։ Այնուհետև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի այրված տարածքների ու մասնատված երկրների մոխիրներից կձևավորվի նոր Միջին Արևելք կամ ինչպես  իրանցիներն են ասում՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը, իսկ եթե մինչ այդ, ցավոք, գոյություն ունենա Իրան անունով քաղաքական-պետական միավորը։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էս եզրակացությունից բան չհասկացա. «…իսկ եթե մինչ այդ, ցավոք, գոյություն ունենա Իրան անունով քաղաքական-պետական միավորը»։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/04/25/1108056/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930