Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակը չի կարող լինել պոպուլիզմի արդարացման պատճառ․ Արա Գալոյան

Ապրիլ 25,2020 10:37

Մեր չինովնիկների պոպուլիստական խոսք ու զրույցը վտանգեց մի համակարգ, որ չափազանց թանկ գնով էր ձեռք բերվել: Հերթական լայվերից մեկում պարզվեց, որ վարչապետը տեղյակ է հայաստանցիներիս կոմունալ վճարները բարեխիղճ կատարելու մշակույթ ունենալու մասին: Այդ մշակույթը ոչ մի երկիր հենց այնպես նվեր չի ստացել: Ցանկության դեպքում կարելի է այդ մասին կարդալ Արևմտյան երկրների տնտեսության պատմությունների գրքերում:

Մեր երկրում այս մշակույթ-համակարգը ձևավորվեց էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հետ: Ավելի ճիշտ էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց այդ մշակույթի կայացման շնորհիվ: Հիմա քչերն են հիշում, որ 1996 թվականի գարնանը ճգնաժամի հաղթահարումը սկսվեց Ավան թաղամասում: Էներգետիկները Ավան թաղամասի բարձրահարկ շենքերի բնակչությանը առաջարկեցին պայմանագիր կնքել, որով պարտավորվում էին օրական 18 ժամ անխափան էներգամատակարարում՝ վճարման դիմաց: Մի քանի տարի շարունակ օրերով էլեկտրաէներգիա չստացած, ապա 2, 4 կամ 6 ժամ հոսանքով «բավարարվող» բնակչության համար 18 ժամն ընդունելի խոստում էր:

Էներգետիկներն իրենց խոստումը կատարեցին: Կամաց-կամաց ավելացան պայմանագիր ստորագրած «բարձրահարկերը»: Ու ընդամենը երկու-երեք ամսում պարզվեց, որ Հայաստանում արտադրվող հոսանքը լիովին բավարար է թե՛ բնակչության, թե՛ տնտեսության կարիքների համար: Որովհետև խիստ վերահսկվող համակարգ էր ներդրվել: «Լևի լույս» կոչվածը նվազագույնի էր հասցվել, իսկ բոլոր սպառողները բարեխիղճ վճարում էին օգտագործած էներգիայի դիմաց: Հարկավոր էր նաև արձանագրել, որ դա արվեց և՛ էներգետիկ կառույցների, և՛ պետական, և՛ բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին: Չի կարելի ասել, որ այս ամենը հեշտ ու հանգիստ ձեռք բերվեց:

90-ականների երկրորդ կեսի մամուլում կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, թե ինչպես սպառած էլեկտրաէներգիայի վարձը չէին վճարում այսպես ասած «առանձնատների» թաղամասերը (Սարի թաղ, Կոնդ և այլն), ինչպես նաև շատ բարձրաստիճան չինովնիկներ ու նրանց մերձավորներ: Օրինակներ այն մասին, որ կուտակված հարյուր հազարավոր դրամ պարտքերը չէին վճարում, ասենք, այդ պահին գործող վարչապետի հայրը, էլեկտրաէներգիայի սակագինը որոշող պետական հանձնաժողովի նախագահը կամ ՆԳՆ փոխնախարարը: Կարելի էր ենթադրել, որ պետական որոշում էր ընդունվել՝ հանձնարարել էներգետիկներին տեղեկատվության արտահոսք կազմակերպել ու փաստեր տրամադրել լրատվամիջոցներին: Պարզ սպառողների անկարգության հարցն ավելի հեշտ էր լուծվում՝ նույն անջատումներով:

Միով բանիվ երկու-երեք տարում հաջողվեց ներդնել վճարումների բարձր մակարդակ ունեցող համակարգ: Համակարգ, որ միջազգային կառույցներն էներգետիկ բարեփոխումների լավագույն օրինակներից համարեցին: ՌԴ էներգետիկ ոլորտի հանրահայտ ղեկավար Չուբայսն իր ելույթներում անընդհատ Հայաստանի օրինակն էր բերում ու չթաքցրած նախանձով խոսում սպառած հոսանքի դիմաց վճարելու մեր՝ հայաստանցիներիս ունեցած բարձր մշակույթի մասին:

Հետո համապատասխան կազմակերպության, պետական ու բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին գազամատակարարման համակարգը ձևավորվեց: Այստեղ ևս պահպանվեց վճարումների պարտադիր համակարգը: Գազամատակարարման ընկերությունները, էլեկտրաէներգիա արտադրող, փոխանցող ու բաշխող ընկերությունները մեր երկրի խոշորագույն հարկատուներն են: Առաջին հերթին սպառողների վճարումների բարեխիղճ մշակույթի հաշվին, եթե կուզեք: Մի բան, որ առ այսօր չի հաջողվում ներդնել ջրամատակարարման ոլորտում: Ջրի 80 տոկոսանոց կորուստները դրա ապացույցն են: Այստեղ հնարավոր չեղավ կիրառել «Վճարիր, թե չէ կանջատենք» բանաձևը:

Ուստի նույնիսկ համավարակը չի կարող լինել պոպուլիզմի արդարացման պատճառ: Հոսանք ու գազ կա, որովհետև վճարում ենք: Ավելի ճիշտ՝ սպառողը վճարում է: Խոցելի խավերին օգնելու կոնկրետ քայլեր են պետք կատարել: Այլապես պոպուլիստական ճառերով կոչնչացնենք կոմունալ վարձերը վճարելու մշակույթը: Մշակույթ, որի ձեռք բերման համար 90-ականներին շատ թանկ ենք վճարել՝ պարզ սպառողից մինչև պետություն:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930