«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր առցանց քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ հայտարարվեցին 2020 թ.-ի «Ավրորայի» հերոսների անունները: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին հարցրեց՝ մի առիթով ասել եք՝ երախտագիտությունը կարող է հանցագործությունը կյանքի վերածել, ատելությունը՝ սիրո, անտարբերությունը՝ կարեկցանքի, հիմա կարո՞ղ է համավարակի այս ճգնաժամային իրավիճակում նույնն ասել:
Բարանկիցեն պատասխանեց. «Եթե բոլորս միասին ոտքի կանգնենք, բժիշկները, գիտնականները, մենք այնքան շատ ենք, բոլորս կարող ենք կոտրել անտարբերությունը եւ ստեղծել կարեկցանք: Միասին, ես գիտեմ, որ փոփոխության կհասնենք: Վերցնենք «Ավրորա» մրցանակը, այն ստեղծում է եղբայրություն մարդկանց միջեւ, ովքեր շատ բան են կորցրել պատերազմի ընթացքում՝ աղքատության, թշնամության բերումով: Ես վերապրել եմ հիմա ու կարող եմ վերադարձնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, մենք կարող ենք դա անել: Կուզեի ասել մեզ լսողներին՝ մենք բոլորս մարդկային մի ընտանիք ենք:
Երբ կիսվում ենք, դրանով ավելի ենք երջանկանում: Ես հավատում եմ, որ մենք հենց հիմա կարող ենք ասել՝ կորոնավիրուսը չի հաղթելու, մենք գիտենք, մենք այդ փորձառությունն ունենք, մենք սա կարող ենք հաղթահարել: Նույնիսկ փախստականների ճամբարներում, երբ ես ստացա այս մրցանակը, իմ կյանքը հիմնովին փոխվեց: Ես չէի շահառուն, ես վերադարձրեցի այն հիմնադրամներին, որոնք մինչեւ այդ օգնում էին: Հիմա փախստականների ճամբարը վերածվել է մի ամբողջ ավանի: Շրջանավարտները վերադարձնում են տվածը գյուղատնտեսության մեջ, անգլերեն են դասավանդում: Փախստականների ավանը դրախտի է վերափոխվել, որովհետեւ բոլորը ոտքի կանգնեցին: Այս մրցանակաբաշխության համատեքստում բոլորը հասկանում են, որ հիմնական ուղերձը տալն է»:
Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ներկայացնելով մրցանակակիրներին, ասաց, որ պետք է արժանին մատուցել նրանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայում՝ ուրիշների կյանքը փրկելու համար: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց առողջապահության ոլորտի մասնագետներին՝ ասելով, որ աշխարհը երախտապարտ է իրենց անխոնջ աշխատանքի, անձնվիրության համար. «Վերջին մի քանի ամիսները մեծ մարտահրավեր էին մարդկության համար, շատերը ստիպած են հարմարվել նոր կենսակերպին»:
Կարդացեք նաև
Իսկ նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ասաց. «Երախտագիտության ոգին նույնքան վարակիչ կարող է լինել, ինչքան վիրուսը: Կա վարակ հանուն բարու ու կա վարակ՝ հանուն չարի: Սա վիրուս է՝ հանուն բարու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ