«Խոնարհվում ենք մեր զոհերի հիշատակի առաջ, բայց չենք լռում, որովհետեւ նաեւ հաղթողի զգացում պետք է ունենանք: Ենթադրվում էր, որ 105 տարի առաջ մենք պետք է բնաջնջված լինեինք, իսկ այսօր ինքնավստահ, ամուր, ոտքի կանգնած եւ ինքնություն պաշտպանած ժողովուրդ ենք, որը պետություն եւ սփյուռք է ստեղծել՝ իր ողջ կարողություններով»,-«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցցանցային ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այս ամենը պատասխանն է այդ ոճրագործներին, որ այն, ինչ իրենք էին ենթադրում, իրականացվելիք չէր, որովհետեւ հայ ժողովուրդն այսօր ոտքի է կանգնած եւ արդարություն ու ճանաչում է պահանջում՝ ցույց տալով, որ աշխատում է նաեւ միջազգային հանրության հետ: Ոչ միայն իր արդարությունն է պահանջում, այլեւ աշխատում, որ նման ոճրագործությունները կանխվեն»,-նշեց նախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ