Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդը կորոնավիրուսով է վարակվել, կենտրոնի քաղցկեղով հիվանդները տագնապած են, բուժաշխատողները չեն ուզում աշխատանքի գնալ, վախենում են վիրուսը տուն տանել: Երեկվանից այս լուրն է շրջանառվում: Առողջապահության նախարարությունը հստակ որեւէ պարզաբանում այս առնչությամբ չի տալիս:
Նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը երեկ ոչինչ չասող պատասխան էր տվել. «Բազմաթիվ հիվանդանոցներում լինում են կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր, որին հաջորդում է հակահամաճարակաբանական գործողությունները՝ մեկուսացում, բուժում եւ այլն: Ինչ վերաբերում է բուժհիմնարկներին, ապա վերջիններս կազմակերպում են իրենց բնականոն աշխատանքը»:
Ուռուցքաբանության այս կենտրոնում բուժվում են կորոնավիրուսի հանդեպ ամենախոցելի խմբի մարդիկ, եւ հետեւաբար, ակնկալվում էր, որ առողջապահության նախարարության լրատվական բաժինը տեղը տեղին կպարզաբաներ, թե ինչ իրավիճակ է այնտեղ:
Aravot.am-ը նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից այսօր փորձեց որոշ մանրամասներ պարզել տվյալ հիվանդի առողջական վիճակի մասին, արդյոք նա մեկուսացվա՞ծ է, կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, ինչ քայլեր են ձեռնարկում մյուս հիվանդների անվտանգությունն ապահովելու համար: Նիկողոսյանը սկզբում ուղղորդեց զանգել նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին, նշելով, որ այսօր ոչ աշխատանքային օր է:
Կարդացեք նաև
Բաբախանյանն էլ մեր հարցերը լսելուց հետո ասաց. «Բայց ի՞նչ ասենք, այս պահին ոչ մի պատասխան չունենք»:
Շատերին տագնապի մեջ պահող լուրը երեկվանից է շրջանառվում, իսկ մենք նախարարությանը դիմել էինք ժամը 15:30-ի շրջակայքում, եւ ակնկալվում էր, որ հանրությանը որոշակի տեղեկատվություն հայտնելուն արդեն պատրաստ պետք է լինեին: Բայց ոչ: «Հիվանդանոցից ու մասնագետներից մանրամասներ պարզել եւ հայտնել մեդիային»,-մեր այս խորհուրդից հետո Բաբախանյանը հույս տվեց, որ մի բան կանի:
Բաբախանյանը չզանգեց, րոպեներ հետո Նիկողոսյանը զանգեց, որպեսզի նորից նույն, ոչինչ չասող պարզաբանումը տա, բառացի կրկնելով այն, ինչ նախորդ օրն ասել էր այլ լրատվամիջոցին, նշելով՝ ավելացնելու բան չունի, եւ պնդելով, թե անհատական տվյալներ չեն տալիս: Անհատական տվյալների մասին այս ստանդարտ տեքստը տարբեր առիթով, բայց նույն կորոնավիրուսի թեմայով Նիկողոսյանը էլի էր կրկնել, այն էլ այն դեպքում, երբ լրագրողը անհատական տվյալ չի էլ փորձում պարզել: Ըստ էության, սա մի շաբլոն է, որը նրանք որոշել են պատասխան չունենալու դեպքում լրագրողներին մատուցել, որպես պաշտոնական պարզաբանում: Ընդ որում, հավելյալ տեղեկատվության համար Նիկողոսյանն արտակարգ դրության այս պայմաններում մի բան էլ հորդորեց գրավոր հարցում ուղարկել:
Թե՝ կորոնավիրուսով հիվանդի վիճակն ինչպե՞ս է, մյուս հիվանդների անվտանգության համար ի՞նչ են անում, նախարարությունից ոչինչ չհաջողվեց պարզել:
Հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանից փորձեցինք ճշտել. նա էլ վստահեցրեց, որ ինքը այս օրերին Կազանի հետ հեռահար կոնֆերանսի է մասնակցել, հիվանդանոց չի գնացել, բայց լսել է, որ կա նման հիվանդ, այլ մանրամասներ կարող է հայտնել երկուշաբթի օրը. «Որքան գիտեմ նա «վիրուսանասիտել» է եղել: Մանրամասներին տեղյակ չեմ, բայց չեմ կարծում այնպիսի վիճակ է, որ վախենան, պրոբլեմ չկա, որ վախենան»:
Կորոնավիրուսով այս հիվանդն, ըստ մեր տեղեկությունների, բուժկենտրոնի ոսկրային ախտաբանության բաժանմունքում էր բուժվում:
Մինչ Ալինա Նիկողոսյանը հայտարարում է, թե՝ բուժհիմնարկները կազմակերպում են իրենց բնականոն աշխատանքը, Aravot.am-ին հիվանդատերեր են ահազանգում, կրկին տագնապած, նրանցից մեկը նույնիսկ մտադիր է քաղցկեղով հիվանդ իր հարազատին, որը մեկ այլ բաժանմունքում է բուժվում, դուրս հանել հիվանդանոցից, մտածելով, որ վիրուսը շատ վտանագավոր է քաղցկեղով հիվանդների համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ