«Մարտի 1-ից սկսած՝ 63 000 քաղաքացի վերադարձել է ՀՀ, իսկ մարտի 14-ից սկսած՝ 23 000: Սա շարունակվում է, աշխարհագրությունը լայն է»,-«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցցանցային ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով համավարակի պայմաններում ՀՀ վերադարձող քաղաքացիներին:
Մնացականյանի խոսքով՝ հնարավորության դեպքում ապահովում են նրանց վերադարձը. «Պայմաններն արտառոց են, միջազգային հաղորդակցությունը սահմանափակումներ ունի: Տարբեր ճանապարհներ ենք գտնում, որպեսզի մեր քաղաքացիներին բերենք ՀՀ: Նրանք, ովքեր չեն կարողանում վերադառնալ, աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի նրանց վրա ճնշումը նվազեցվի: Ներգրավում ենք նաեւ սփյուռքի կարողությունները, որոնք շատ հարցերում օգտակար են եղել: Հեշտ չէ, շատ խնդիրներ կան, բայց հնարավորինս փորձում ենք օգտակար լինել մեր քաղաքացիներին»:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ համավարակն ամբողջ աշխարհի համար ի ցույց դրեց խոցելիությունը. «Այն սահմաններ չի ճանաչում: Բնականաբար, տնտեսական եւ այլ բնույթի հետեւանքներ են լինելու: Բայց մենք ունենք ներուժ եւ վստահաբար պետք է մոտենանք սրան: Լուրջ ենք մոտենում սրան, բայց դա ենթադրում է նաեւ ինքնավստահություն: Անհրաժեշտ է մեր կյանքը համապատասխանեցել այս իրավիճակին: Մենք ադապտացվեցինք եւ անմիջապես համավարակին դիմակայելու քայլեր ձեռնարկեցինք՝ դրա արագ տարածումը հնարավորինս սահմանափակելու համար»:
Ըստ նախարարի՝ պետք է պատրաստ լինենք, որ համավարակն ազդելու է տնտեսության վրա, ուստի վնասները պետք է նվազեցվեն. «Ինչ վերաբերում է արտաքին ոլորտում մեր աշխատանքին, բոլոր ուղղություններով աշխատում ենք՝ միջազգային գործակցութունը մեր նպատակներին ծառայեցնելու համար, այդ թվում՝ անվտանգային իրավիճակի ապահովման ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ