Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդասիրական մոտեցո՞ւմ է ադրբեջանցիների վերադարձը մեր տարածքներ, իսկ մեր փախստականների մասին չխոսելը. Արամ Սարգսյանը`Զոհրաբ Մնացականյանին

Ապրիլ 24,2020 20:33

Դարավոր քաղաքակրթության սեփականությունը, որը ունենք մենք, պետք է ոչ միայն կարողանանք պահպանել, այլ նաեւ մյուս ժողովուրդներին հասցնել. ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, սա է աշխարհով մեկ սփռված հայ ազգի առաքելությունը:

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ՀԴԿ նախագահն ասաց, որ խորը իմաստ է տեսնում նրանում, որ մեր ազգը պահպանվել է ցայսօր: Այլ հարց, թե ի՞նչ ենք մենք անում այսօր: Արամ Սարգսյանը մանրամասնում է`Ցեղասպանությունից հետո`50 տարի խնդիրը չենք բարձրացրել, սովետահայ երիտասարդությունը չի էլ իմացել այդ մասին եւ 1965-ի պոռթկումը, գոյության վերաիմաստավորումը նաեւ դրանով է պայմանավորում: Ցավոք, ասում է`դա չեղավ այն փիլիսոփայական մոտեցումը`հարցի ամբողջական ձեւակերպման իմաստով, որ ոչ միայն հողերը պահանջենք, այլ նաեւ դիմեինք քաղաքակիրթ աշխարհին`վերացնելու Ցեղասպանության հետեւանքները: Այս իմաստով, Սեւրի չիրականացված պայմանագրին հետեւած Լոզանի պայմանագիրը, ըստ բանախոսի, թուրքերին տալիս է բոլոր իրավունքները`իրենց կայսերապաշտական քաղաքականությունը շարունակելու: Արամ Սարգսյանի կարծիքով, այսօր էլ նույն բանն ենք անում եւ չենք կարողանում միասնություն ձեւավորել, մեկտեղել մեր մտավոր սեփականություն հարստությունը եւ այդ ամենը չենք օգտագործում պետություններում`կառավարությունների վրա ազդեցության գործիք: Նա օրինակ է բերում ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգը, որտեղ մեկ միլիոնից ավելի հայ է բնակվում, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն են ունենում եւ տեղական իշխանությունները ուզեն, թե չուզեն`հաշվի են նստում հայ համայնքի հետ, բայց ՌԴ-ում, որտեղ երկու միլիոնից ավելի ժողովուրդ ունենք, Ֆրանսիայում, նման ազդեցություններ չենք կարողանում ձեւավորել:

Ցեղասպանության հետեւանքների հաղթահարումն այսօր`Արցախի հիմնահարցի առկայության պայմաններում, մեզ համար կարեւորագույն եւ առաջային հարց է համարում Արամ Սարգսյանը:

Այս համատեքստում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օրերս արած այն հայտարարությանը, թե բանակցային սեղանին է Արցախի հարցի լուծման փուլային տարբերակը, որը ԱԳ նախարարների կողմից համաձայնեցվել էր դեռ մեկ տար առաջ`Մոսկվայում, Արամ Սարգսյանն ասաց, որ դատելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վերջերս անընդհատ Նախիջեւանում եւ Ադրբեջանի տարածքում իրականացվող լայնածավալ զորավարժություններից, երկու երկրները պատերազմի են պատրաստվում: ՀՀ իշխանությունը, բանախոսի կարծիքով, պետք է բոլոր կանխարգելիչ քայլերն ապահովի եւ դա հրապարակայնացվի, փաթեթը նաեւ միջազգային կառույցներին պետք է փոխանցվի: Արամ Սարգսյանը կրկնում է`Արցախի հարցի համահայկական դիրքորոշում է պետք ձեւավորել, նա առաջարկում է, որ այդ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի Արցախի նորընտիր նախագահը:

Ինչ վերաբերվում է հայկական կողմից` ԱԳ նախարարի հակադարձումներին ՌԴ ԱԳ նախարարին, Արամ Սարգսյանը նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների ներկայացուցիչները չհերքեցին Լավրովի հայտարարությունը: Հող չհանձնելու մասին Զոհրաբ Մնացականյանի բոլոր հայտարարությունները Արամ Սարգսյանը հասկանում է, կզարմանար, եթե հակառակ լիներ, բայց չի հասկանում, որ նույն օրը Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է տեսակոնֆերանսին եւ ստորագրում փաստաթուղթը, որով նաեւ կողմերը պայմանավորվում են` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված`հետաձգել նախօրոք պայմանավորված «մարդասիրական միջոցառումների» իրագործումը: «Լրագրողների  փոխայցելությունը ավարտվեց, շարունակությունը պարզ հայտարարված է, որ ադրբեջանցի «փախստականները» իրականում տեղահանվածները, պետք է գան մեր տարածքներում, մեր հայերի հետ համատեղ ապրելու համար»,- ասաց Արամ Սարգսյանը`այս համատեքստում չհասկանալով Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները`արդյոք մարդասիրական մոտեցո՞ւմ է ադրբեջանցիների վերադարձը մեր տարածքներ, իսկ մեր փախստականների մասին չխոսելը: Առաջարկում է`ադրբեջանցիները թող «բացեն» Բաքում եւ այն հայերը, որոնք բնակվել են Բաքվում, վերադառնան իրենց տներ:

Թե ինչո՞ւ Լավրովը հիմա գաղտնազերծեց պայմանավորվածությունները, Արամ Սարգսյանը բացատրում է ՀՀ իշխանությունների նկատմամբ անվստահությամբ եւ ՀՀ իշխանության «մանր-մունր» ժուլիկություններով: Ի դեպ, նա խնդիրը դիտարկում է Հայաստանի`ԵԱՏՄ անդամակցության պատմություններից ցայսօր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930