ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձն է հղել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ հերթական անգամ իրադարձությունները գնահատելով որպես Մեծ եղեռն:
«Այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանը՝ ոգեկոչելու 20-րդ դարի վատագույն զանգվածային ոճրագործություններից մեկի՝ Մեծ Եղեռնի ժամանակ կորսված կյանքերը: 1915թ. սկզբին՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, 1.5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և արտաքսվեցին դեպի մահ: Հիշատակի այս օրը մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր զրկանքների են ենթարկվել և կորցրել իրենց կյանքը, ինչպես նաև վերահաստատում ենք մեր հանձնառությունը` նպաստել, որ աշխարհը դառնա ավելի մարդասեր և խաղաղ:
Ամեն տարի ապրիլի 24-ին մենք խորհում ենք այն ամուր և հարատև կապերի մասին, որոնք ձևավորվել են հայ և ամերիկացի ժողովուրդների միջև: Մենք հպարտ ենք 1915թ Հայ և սիրիական օգնության ամերիկյան հանձնաժողովի հիմնադիրներով, որոնք հսկայական ջանքեր գործադրեցին՝ կարևոր մարդասիրական օգնություն տրամադրելով հայ փախստականներն, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք հանգանակություններ կատարեցին կամ օգնեցին իրենց տներից տեղահանված հայերին:
Ողբերգության լույսի ներքո այսօր մենք ականատես ենք լինում հայ ժողովրդի ուժին և տոկունությանը: Մենք երջանիկ ենք, որ այդքան հայեր իրենց հարուստ մշակույթն են բերել մեր ափեր և այդքան շատ բան են ներդրել մեր երկրում, այդ թվում՝ պարգևատրված զինվորներ, նշանավոր հայտնիներ, ականավոր ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:
Կարդացեք նաև
Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի կողմից գործադրվող ջանքերը՝ ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ: Այս օրերին մենք հավատում ենք, որ մեր պարտք է հիշել այն մարդկանց, ովքեր տառապել և զրկանքներին են ենթարկվել, ինչպես նաև վերահաստատել մեր հանձնառությունը՝ պաշտպանելու խոցելի կրոնական և ազգային փոքրամասնություններին ամբողջ աշխարհում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ