Պարզվում է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ղեկավար կազմը աշխատավարձի գրեթե 100 տոկոսի չափով պարգեւավճարներ է ստացել 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 20 ամիսների ընթացքում: Դա ցույց է տալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան ուղարկած տեղեկանքը:
Ըստ տեղեկանքի, օրինակ, մայիս ամսին նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը ստացել է 402,793.00 դրամ աշխատավարձ և 370,569.00 դրամ պարգևավճար, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը՝ 331,361.00 դրամ աշխատավարձ և 304,852.00 դրամ պարգևավճար, Սոցիալական աջակցության վարչության պետը՝ 353,618.00 դրամ աշխատավարձ և 304,111.00 դրամ պարգևավճար, Վերլուծության և մոնիթորինգի վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար եւ այլն:
Aravot.am-ը նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին հարցրեց՝ դո՞ւք էլ եք ժամանակին, երբ այդ նախարարության ղեկավար կազմում էիք աշխատում, ձեր աշխատավարձի գրեթե 100 տոկոսի չափով պարգեւատրում ստանում, թե՞ չի եղել նման բան: Նա պատասխանեց. «Եթե պարգեւավճար ստացել ենք, ստացել ենք Նոր տարվան՝ 13-րդ աշխատավարձ, կամ պլյուս-մինուս մեկ-երկու պարգեւավճար»: Նա բացառեց, որ իրենց աշխատավարձն ամրագրված լիներ, օրինակ, 400 հազար դրամ, բայց իրենք պարգեւավճարով հանդերձ ստանային գրեթե կրկնակի՝ 800 հազար դրամ:
Կարդացեք նաև
Հարցին՝ ասում են՝ առաջ ծրարով էին փող ստանում, ներկայիս պարգեւավճարների մասին ի՞նչ դիտարկում ունեք՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Նախ, ես այն ժամանակ էլ եմ ասել, որ պետք է պետական ծառայողների աշխատավարձը բարձրանա, դա միանշանակ է: Բայց եթե բարձրացնում եք, ապա բարձրացրեք օրը ցերեկով, ոչ թե կառավարության որոշումներով, պարգեւատրումներով, ոնց որ իրենք են ասում՝ ամեն ինչ թափանցիկ է: Ես չեմ կարող ասել, թե հիմա իրենք ինչի համար են պարգեւատրվում, ինչ գործառույթ են անում: Օրինակ, երբ ես սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարն էի, այնտեղ օբյեկտիվորեն խնայողություններ են լինում, երբ թափուր պաշտոնները լրացված չեն, իսկ աշխատավարձի ֆոնդն արդեն նախորդ տարվա վերջին ու տարեսկզբին ֆիքսված է, թափուր աշխատատեղի այդ գումարները գոյանում են ու այդ տողի տակ եղած գումարը այլ որեւէ տեղ չես կարող օգտագործել: Աշխատավարձի ֆոնդ է, կարող ես չբաշխել, հետ ուղարկես բյուջե, կարող ես խրախուսել աշխատակիցներին: Կփաստեն բոլոր աշխատողները, որ իմ ժամանակ 550, 570 աշխատողներին թեկուզ 20-30 տոկոսով մենք պարգեւատրում ենք տվել՝ բոլորին անխտիր, տարբերություն չենք դրել ղեկավար կազմ եւ այլն, որովհետեւ տարածքային կառույցների մասնագետներն են, որ նստած ամեն օր շփվում են մեր տատիկ-պապիկների հետ: Իրենք են նրանց խնդիրները լսում, իրենք են այդ ծանր գործն անում, որովհետեւ պետք է յուրովի մոտեցում ունենաս, որ չնեղացնես մարդկանց, տարիքով են, սոցիալական խնդիրներ ունեն: Սոցիալական ապահովության ծառայության դուռը գալիս են այն մարդիկ, ովքեր մեծ հաշվով ինչ-որ խնդիր ունեն: Եվ մեր թիմի հետ երբ որոշեցինք, խնդրեցինք, որ այդ մարդկանց վերաբերվեն՝ ինչպես իրենց ծնողին ու նրանք արժանի էին պարգեւատրման: Բայց դա մի անգամ է եղել, այդքան գումար չկար, որ ամեն ամիս լիներ: Այդ մեկ անգամ խրախուսումն էլ բավականին մեծ ոգեւորություն էր առաջացրել, որովհետեւ մարդիկ ասում էին՝ այս վերջին տարիներն են, որ վերջապես մեզ արժեւորված ենք զգում, որովհետեւ միայն կենտրոնական ապարատը չի, որ պարգեւավճար է ստացել, ինչպես ընդունված է, այլ Ամասիայի, Ախուրյանի առաջատար մասնագետից մինչեւ Գորիսի առաջատար մասնագետը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ