Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ով էր պատվիրել Լավրովի երգը

Ապրիլ 24,2020 17:41

Քանի դեռ ինձ տարբեր որակումներ չեն տվել, նախապես ասեմ՝ ես ՌԴ նախկին սպա եմ և պարծենում եմ դրանով, սակայն ես հայ եմ և Հայաստանն է իմ հայրենիքը: Ռուսաստանը և ռուս ժողովրդին ճանաչում եմ ներքուստ և արտաքուստ, չեմ թաքցնի՝ սիրում և Ռուսաստանը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը: Սակայն ես իրատես եմ և գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ ՌԴ-ն օլիգարխիական օղակներով, «ատկատների» հիման վրա կառավարվող երկիր է: Ռուսական պետության պաշտոնյայի գերակա շահը տեղավորվում է երկու բարդույթների մեջ՝ իմպերիալիզմ և փող: Եթե գործընկեր պետությունները հնազանդվում են ռուսական այս երկու չգրված օրենքներին, նրանք դիտարկվում են որպես խորթ, սակայն բավականին մտերիմ բարեկամներ և կայսրության սև ցուցակում չհայտնվելու համար պետք է պարզապես մշտապես մեծարել Ռուսաստանը, ապահովելով «ատկատների» բնականոն ընթացքը, իսկ նա, ով այս պարզ ճշմարտությունը չի հասկանում՝ ինքնասպան է:

Անդրադառնալով Լավրովյան վերջին հայտարարություններին ասեմ, որ դրանք վերոնշյալ օպերայից էին, սակայն այս անգամ թեեւ բխում էին ռուսական քաղաքական էլիտայի գերակա շահերից, այնուամենայնիվ, պատվիրված էին Հայաստանից: Որպեսզի հասկանալի լինի, թե ով կարող է պատվիրել նման երաժշտություն, նախ անդրադառնանք հնուց եկած և գրեթե փոփոխությունների չենթարկված ՌԴ-ի կողմից սեփականություն համարվող պետությունների կառավարման ձևին: Նախ` նրանք տվյալ երկրում ձեռք են բերում ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտները և հանձնում տվյալ երկրի էթնիկական ծագում ունեցող, սակայն իրենց ափի մեջ գտնվող անձի և նրա միջոցով խաղի կանոնները թելադրում են նշված պետությանը:

Ռուսաստանի պատմությունն ապացուցում է, որ իրենք միշտ խուսափում են առաջինն առճակատման գնալ, սակայն միշտ պատրաստ են և հրահրում են իրենց դեմ առճակատումներ և ոչնչացնում առաջին քայլը կատարած հակառակորդին: Այսպիսով՝ կարծում եմ առանց անուններ շոշափելու Ձեզ համար պարզ է, թե ով է պատվիրել Լավրովի երգը և ում ձայնն է լսելի ռուսական քաղաքական էլիտայի համար, իսկ հիմա անդրադառնանք այն հարցին, թե ում խնդրանքով է դա արվել:

Նախ` մի փոքր նորագույն պատմություն` կարծում եմ բոլորդ եք նկատել, որ թավշյա հեղափոխությունը գրեթե զրո արձագանք ստացավ Ռուսաստանից: Գրեթե զրո ասելով պետք է հասկանալ, որ Ռուսաստանը, իհարկե, ճշտեց իր դիրքերը Փաշինյանի հետ, սակայն ներքաղաքական փոփոխություններին չխառնվեց, այսինքն՝ լռեց թույլ տալով «մերժել Սերժին»: Նախ` նրա համար, որ հեղափոխականները հավաստիացրեցին, որ միջազգային ասպարեզում քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի և երկրորդ՝ նույնիսկ Ռուսաստանին է հարկավոր ենթակա ժողովրդավար գործընկեր, ով պետք եղած ժամանակ կարող է իր գրած տեքստը արտաբերել քաղաքակիրթ Եվրոպայում:

Կարծում եմ՝ հասկանում ենք, որ Նազարբաևն ու Լուկաշենկոն այդ կոնտեքստում նույնիսկ ծպտուն հանել չեն կարող: Սակայն Փաշինյանը, չփոխելով քաղաքական կուրսը, այնուամենայնիվ փորձում է գումարային առումով դիպչել ռուսական իշխանավորի գրպանին` երկաթուղի, գազ, հոսանք և այլն, ինչը բնականաբար դուր չի գալիս Ռուսաստանին, սակայն, քանի որ նրա փորձերն այնքան էլ հաջողված չէին և մինչև վերջերս այլ քաղաքական խաղացողներ չկան հայկական քաղաքական դաշտում, Ռուսաստանը մինչ օրս չէր միջամտում Հայաստանի նորագույն իշխանության ներքին գործերին` ուղղակի մերթընդմերթ թեթևակի հասկացնում էր Երևանին, որ ինքը դժգոհություններ ունի իր որոշ բիզնես շահերի հետ կապված, իսկ Երևանը կամ չէր հասկանում կամ էլ ձևացնում էր, որ չի հասկանում:

Եվ ահա եկավ այն պահը, երբ նախկինները, ովքեր անվերապահորեն հասկանում են ռուսերեն, խոսքն, իհարկե, լեզվի հասկացողության մասին չէ, հետ գալով հեղափոխական նոկդաունից, վերհիշելով իրենց ռեսուրսների մասին, քաղաքական նոր հայտ ներկայացրեցին իշխանություններին և լրատվական դաշտում պատերազմ հայտարարելով «իմքայլականներին», բացեցին իրենց առաջին ճակատը և անցան փոքրիկ հակագրոհների:

Մշտապես գրոհող հեղափոխականները, գրեթե պաշտպանվելու փորձ չունենալով, տրվեցին սադրանքներին և անիմաստ հակագրոհներ ձեռնարկեցին՝ թույլ տալով կոպիտ սխալներ: Այն է՝ վերցնելով նախկինների վահանը` սուտը, փորձեցին պաշտպանվել, սակայն սիրողական մակարդակով անկարող էին գերազանցել պրոֆեսիոնալ ստախոսներին և մանիպուլյացիայի դոկտորական կոչումներ ստացած ՀՀԿ-ականներին, ուստի և կրկին թույլ տվեցին սխալներ, ինչն իր հերթին բարձրացրեց նախկինների ձայնի տոնայնությունը, նրանք թեև աննշան հաղթանակներ տարան, սակայն դա բավական էր, որ հեղափոխականներից նեղսրտած որոշակի շրջանակներ դուրս գան իրենց թաքստոցներից և ակնկալվող պաշտոններ ստանալու մոլուցքից դրդված միանան նրանց:

Այստեղ է, որ Հայաստանի գլխավոր շախմատիստը, որը մինչև այս պահը գործում էր կուլիսներից, օգտվելով խարդախության գործով որպես ամբաստանյալ դատարան գնալու հանգամանքից, ակնհայտ կոնտեքստից դուրս, բոլորի համար անսպասելի, բողոքելու կամ իր անմեղության հանգամանքը բարձրաձայնելու փոխարեն, հեղափոխականների զենքով՝ «բարձրախոսով» ասաց բացարձակ ճշմարտություն, որի տակ կստորագրի յուրաքանչուր հայ` «Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»: Բոլորն, իհարկե, ոգևորվեցին, սակայն գրեթե ոչ ոք չհասկացավ դատարանի առջև այդ խոսքերն արտասանելու իմաստը: Եթե վերանայեք կադրերը կտեսնեք, որ նույնիսկ կարկառուն ՀՀԿ-ականները մեծամասամբ ապշած էին և չէին հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն այսօր երբ արդեն հնչել են այդ շախմատային քայլին նմանվող խոսքերը, Լավրովյան երգի հետ համադրելով, նրա անձնական գրպանային քաղաքագետներն, իհարկե, այդ խոսքերը կհամարեն մարգարեական: Իհարկե, Սերժ Սարգսյանը մարգարե չէ, սակայն նա հայկական թոհուբոհի միջով անցած փորձված և խելացի քաղաքական գործիչ է և ժողովուրդը նրան մերժեց ոչ թե նրա համար, որ նա անխելք էր, այլ միայն ու միայն իր վասալների և հարազատների սանձարձակության համար, իսկ իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին, քանզի նա խոստացավ սանձել սանձարձակներին, ինչն արդարության համար ասենք, որ դեռևս նրա մոտ չի ստացվում: Սակայն չշեղվենք բուն թեմայից:

Այսպիսով՝ Փաշինյանը, ով վերջին երկու տարիների ընթացքում անվերապահորեն վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը, նեղսրտելով իր կրած փոքրիկ պարտություններից, «լայվ մտավ» և հայրենակիցներին բողոքեց իրենից բողոքողներից` իր դժգոհությունների ցուցակում ընդգրկելով գրեթե երկրի քաղաքացիների կեսին: Այնուհետև բարկացած ասաց այն, ինչ թեկուզ և գիտեր Ռուսաստանը, սակայն պատրաստ չէր լսել, որ ՀՀ գերագույն հրամանատարը ռուսամետ չէ: Այստեղ, երբ քաղաքական կրակը բավականին թեժացել էր, այդ թվում նաև վարչապետի շնորհիվ, Երևանից Լավրովին նախկինները հիշեցրեցին իրենց խնդրանքը և նա, իհարկե, համադրելով այն ռուսական շահերի հետ և հասկանալով, որ դա առաջին հերթին ձեռնտու է կայսրությանը, կատարեց իր նախկին վասալների պատվերը և ասաց իր կիսատ ճշմարտությունը:

Այն, որ Լավրովի խոսքերը մասամբ են առնչվում իրականության հետ գիտեն և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները, իսկ ինչու եմ ես համոզված, որ Լավրովն ասաց կիսատ և մանիպուլացված ճշմարտություն: Բանը նրանում է, որ մենք ճանաչում ենք մեր նոր իշխանավորներին, նրանք երկու տարվա ընթացքում չցանկանալով որևէ կողմի մոտ վատամարդ լինել կոնկրետ դիրքորոշում չեն հայտնում Ամուլսարի և Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, իսկ Լավրովն ասում է, որ նրանք Արցախյան հարցում համաձայնության են եկել, սա, իհարկե, անհեթեթ սուտ է: Լավրովն, իհարկե, խոսացած կլինի իր Արցախյան պլանի մասին Փաշինյանի կամ Մնացականյանի հետ, սակայն ամենևին էլ անհրաժեշտ չէ ներկա գտնվել այդ խոսակցությանը, որպեսզի կռահել վերջիններիս պատասխանը` «մենք մանդատ չունենք Արցախի ժողովրդի անունից խոսելու համար, ուստի Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի, երբ բանակցությունների սեղանին կնստի Արցախյան կողմը», ահա և վերջ, սա է Լավրովյան առաջընթացը: Բոլոր շահագրգիռ կողմերի համար ակնհայտ է, որ Արցախյան պատերազմում տարած հաղթանակի արդյունքում մենք գտնվում ենք շահավետ դիրքերում և գիտակցելով, որ թշնամու հետ ընդհանուր եզրեր չենք կարող գտնել զինադադարից հետո, մենք պարզապես բանակցում ենք, որպեսզի մեզ չմեղադրեն ոչ կառուցողական լինելու մեջ, գիտակցելով, որ հաղթանակած երկիրն ունի մեկ գերնպատակ՝ պահպանել իր ձեռքբերումները աչքի լույսի պես` մշտապես պատրաստ լինելով պատերազմին:

Ահա խաղաղության մեր միակ երաշխիքը, ինչն, իհարկե, հասկացել և հասկանում են բոլորը, սակայն սա այն ճշմարտությունն է, որը որևէ պետականամետ պաշտոնյա չի բարձրաձայնել և չի կարող բարձրաձայնել: և, իհարկե, Լավրովը նեղացած երեխայի պես Արցախի և գազի գնի մասին խոսելով նպատակադրված շիկացրեց հայկական ներքաղաքական իրավիճակը, այդ կերպ խնդիրներ ստեղծելով ՀՀ կիսահնազանդ իշխանության համար, բացի դա Ռուսաստանի կողմից սև ոսկու արժեզրկման պարագայում, այլ ելք չունենալով, գազի գինը թանկացնելու մեղքը գցեց մեր իշխանությունների վրա: Իսկ ինչու վատամարդ լինել վասալ երկրի ժողովրդի առջև, երբ կարելի է մեղավորներ գտնել: Այսպիսով, Լավրովը` Պուշկինյան լեզվով ասած, հնարավորություն տվեց նախկիններին կազմակերպել իրենց «խնջույքը ժանտախտի ժամանակ»:

Այստեղից հարց է ծագում, ապա ինչո՞ւ հայկական դիվանագիտական կողմը մինչ օրս չի արձագանքում Լավրովյան երգին: Պատասխանն ավելի քան պարզ է, նրանք չեն կարողանում գուշակել մեր թիվ մեկ շախմատիստի հաջորդ քայլը և նախընտրում են կուլ տալով իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքները սառեցնել իրավիճակը, իսկ նախկինները շարունակում են հարձակվել: Կարծում եք պատահական էր, որ ռուսական մոնոպոլիստները այս փուլում հանկարծ մեկ մարդու պես սկսեցին ժողովրդից պահանջել, որ 3 օրվա ընթացքում մուծեն գազի, լույսի և ջրի վարձերը: Այո, այս ամենն ունի միայն և միայն մեկ նպատակ՝ ժողովրդին հիասթափեցնել և տրամադրել ներկայիս իշխանության դեմ, ինչը կարծում եմ կարելի է հաջողություն համարել այն մարդկանց համար, ովքեր միշտ իրենց նեղ կլանային շահերը վեր են դասել ազգային շահերից:

Սակայն այս իրավիճակի իրական մեղավորները ներկայիս իշխանություններն են, քանի որ նրանք խոսելու տեղ են տվել այն մարդկանց, ովքեր դեռևս երկու տարի առաջ ամոթից չգիտեին ուր թաքնվել, իսկ հեղափոխականները, որ բացարձակ լեգիտիմություն ունեին աննպատակ վատնում են այն՝ մոռանալով իրենց առաքելությունը, որ ստանձնել են ժողովրդի առջև: Նրանք այսօր արդարանում են ՀՀԿ-ական մեթոդներով:

Պարոնա՛յք ներկայիս իշխանավորներ, դուք ՀՀԿ-ի խաղը չեք կարող խաղալ նրանց հետ, քանի որ Դուք դիլետանտներ եք` Ձեր զենքը պետք է ճշմարտությունը լինի, իսկ դուք շեղվել եք այդ ուղղուց, պաշտպանվում եք ստի վահանով` անդադար ջուր լցնելով հակառակորդի ջրաղացին: Փորձեք մի փոքր դիվանագետ լինել, Ռուսաստանի հետ «ռուսերեն» խոսեք, ֆրանսիացիների հետ՝ «ֆրանսերեն», ամերիկացիների հետ՝ «անգլերեն» և վերջապես, որ ամենակարևորն է՝ ժողովրդի հետ «հայերեն» խոսեք, մի բարդեք ձեր խնդիրները հակառակորդի վզին, դրանով դուք ակամայից բարձրաձայնում եք ձեր անկարողության մասին՝ օժտելով հակառակորդին այնպիսի կարողություններով, որոնց նա երբևիցե չի տիրապետել: Եթե մի ամբողջ ժողովուրդ ոտքի է կանգնել և ձեզ ձայն տվել, նշանակում է ձեր հակառակորդն այդքան էլ հզոր չէ:

Այո՛, այսօր նախկիններին թվում է, թե իրենք հաղթում են, իսկ ներկաները ձվի մեջ մազ են որոնում, իսկ Ռուսաստանը թեև երգում էր հայկական պատվերով, սակայն նա ռուսական հիմնի բառերն է արտասանում և դժվար է մեղադրել Ռուսաստանին իր քաղաքական շահերը պաշտպանելու համար, ավելի ճիշտ կլինի, որ մենք ինքներս մեզ մեղադրենք:

Հ.Գ. Հայկական մանր առնետությունը միջազգային քաղաքական դաշտում որևէ արդյունք տալ չի կարող, ցավալին այն չէ, որ շախմատ խաղալ չիմանալով հանդերձ՝ համառորեն հրաժարվում եք խաղի կանոնները սովորել, սակայն շարունակում եք խաղալ և զարմանում եք, որ պարտվում եք:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    և այ ո և ոչ, այսպես էլ անորոշ վիճակ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930