Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովի ասածի մեջ կարելի է նաեւ շանտաժի տարրեր տեսնել՝ այ այստեղ աչք փակեք, որ գազի այդ խնդիրը լուծենք». Արմեն Եղիազարյան

Ապրիլ 24,2020 17:26

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս անդրադառնալով Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հնարավորությանը, այդ համատեքստում հիշեցրել էր, որ Հարավկովկասյան երկաթուղու չարաշահումների հետ կապված քրեական գործ կա: Նա ասել էր, որ ՌԴ-ն ակնկալում է, որ ռուսական համատեղ ձեռնարկությունների դատական այդ գործերը կարգավորվեն՝ առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին:

Երեկ սրան ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանին հարցրեց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանն առաջարկում է գազի սակագնի իջեցման դիմաց հերթական գործարքը՝ աչք փակել ռուսական ընկերությունների չարաշահումների վրա, իսկ իշխանությունները պատասխանում են, որ «нет, брат», այդ տարբերակն այլեւս չի գործի:

Նա պատասխանեց. «Կարող ենք նաեւ այդպես դիտարկել: Մենք այդ հարցը դեռեւս հանձնաժողովում չենք քննարկել, բայց «Լուսավոր Հայաստանի» պաշտոնական դիրքորոշման մասին պարոն Մարուքյանը բազմիցս խոսել է: Լինելով ԵԱՏՄ գործընկերային հարաբերությունների մեջ՝ Ռուսաստանը գրեթե անընդհատ փորձում է միակողմանի շահադիտական նպատակներով որոշ գործառույթներ անի՝ սկսած տնտեսական ցանկացած պրոցեսներից, Մաքսային միությունում շրջանառության հետ կապված… Հիմնականում ԵԱՏՄ համակարգը աշխատում է՝ հօգուտ ՌԴ-ի: Եվ այս կոնտեքստում կանխատեսելի է, որ նման առաջարկ կարող է լինել:

«Հարավկովկասյան երկաթուղու» հարցին ես մի քանի անգամ անդրադարձել եմ: Մի հարցը կապել մի այլ հարցի հետ, այն էլ այն դեպքում, երբ կոնկրետ չարաշահումների, կոնկրետ հանցագործության տարրեր կան, որ պետք է ուսումնասիրվի, հետաքննություն արվի եւ պարզվի ու հիմա փորձել շահարկել, որ ա՛յ, գազի գինը կթանկացնենք, հակառակ պարագայում դուք պետք է աչք փակեք այդ ընկերության վրա, այն էլ այն դեպքում, երբ ՌԴ-ն մեզ համար ստրատեգիական կարեւորության գործընկեր է, իսկ երկաթուղին նույնպես ստրատեգիակայն կարեւորության օբյեկտ, գտնում եմ, որ մեր նման մոտեցումը ճիշտ է: Մենք պետք է բացառենք, որ ՌԴ-ն փորձի ինչ-որ իրենց կողմից չարաշահումների վրա աչք փակելու պարագայում միայն մեզ ընդառաջի: Մենք բոլորս գիտենք, որ այսօր համաշխարհային շուկայում նավթի, գազի գինն իջնում է, այս պարագայում իրենք փորձեն, հաշվի առնելով այս ճգնաժամային վիճակը ամբողջ երկրագնդով մեկ, փորձեն ճնշել իրենց այսպես ասած ստրատեգիական գործընկերոջը, գտնում եմ՝ սխալ է: Պետք է զերծ մնա ՌԴ-ն՝ հաշվի առնելով, որ մենք դեռ երկար ժամանակ պետք է միասին գնանք, քանի որ շատ գործարքներով ու գործընթացներով ենք փոխկապակցված»:

Ըստ Արմեն Եղիազարյանի, պետք է հայկական կողմը լուրջ բանակցություններ վարի ՌԴ-ի հետ ու փորձեն հետագայում բացառել շանտաժային նման խոսակցությունների տարրերը մեր գործընկերային հարաբերությունների մեջ:

Ճշտեցինք ՝ դուք Լավրովի հայտարարության մեջ ամեն դեպքում շանտա՞ժ եք տեսնում՝ նա պատասխանեց. «Չեմ ասի շանտաժ, բայց կարելի է նաեւ շանտաժի տարրեր տեսնել՝ այ այստեղ աչք փակեք, որ գազի այդ խնդիրը լուծենք: Գործարք է, բայց շանտաժային մոտիվներ կան մեջը»:

Հարցին՝ դուք էլ նշեցիք, որ համաշխարհային շուկայում նավթագազամթերքի գնանկում կա, բայց սրան զուգահեռ ՌԴ-ն գազի սակագինը բարձրացնելու առաջարկ է արել, Լավրովը հիշեցնում է պայմանագիրը, որը մենք կնքել ենք, արդյոք այդ պայմանագրով մենք կապվա՞ծ ենք ու չի՞ կարող լինել քաղաքական այլ որոշում՝ Եղիազարյանը պատասխանեց. «Պետք է քննարկեն: Չեմ կարծում, որ վերջնական վիճակում է եւ հնարավոր չի փոփոխություններ կատարել: Ամեն դեպքում կարծում եմ, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Գազպրոմ Արմենիայի» այդ հայտը եւ հետո միգուցե սկսենք բանակցություններ, հասկանանք՝ փակուղային վիճակո՞ւմ ենք գտնվում, թե՞ ունենք այլընտրանքային տարբերակներ ու կարող ենք կոմպրոմիսային լուծում գտնել այս հարցում»:

Լավրովն ասել էր, որ Հայաստանի համար շուկայականից երկու-երեք անգամ ցածր է եղել գազի սակագինը, մինչդեռ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ նման պնդումը սխալ է. «Հայաստանի համար այն երբևէ չի եղել շուկայականից երկու-երեք անգամ ցածր»: Արմեն Եղիազարյանի խոսքով՝ «Ես նույնպես չեմ հիշում, որ մենք երկու-երեք անգամ էժան գազ ենք ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930