«Եթե Արցախի անկախությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի ճանաչվում, այդ բոլոր տեսակի բանակցությունները հող հանձնել են»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասաց ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը: Ըստ բանախոսի, Լավրովի հայտարարությունը բոլորի համար բացահայտում եղավ:
Գեւորգ Գեւորգյանի համոզմամբ, ոչ մի իշխանավոր, ոչ մի իշխանություն չէր կարող ուղիղ հող հանձնել, դրա համար պետք էր անել քայլեր, որոնք արեց Նիկոլ Փաշինյանը. հայտարարեց, որ սկսում է նոր կետից եւ երկու տարի շարունակ բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանը երբեք չհայտարարեց Արցախի անկախության ճանաչման, ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, հակառակը, Մյունխենում հաստատեց, որ համատեղ բնակության գոտիներ ստեղծելու ծրագրին համաձայն է:
Արցախի`չճանաչված լինելու պարագայում համատեղ բնակության գոտիների ստեղծումը, բանախոսի կարծիքով, դառնալու է խժդժությունների, անընդհատ հակամարտությունների եւ կարճ ժամանակի ընթացքում լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորություն: Բացի այդ, ադրբեջանցիներին համատեղ բնակության հնարավորություն տալով, Գեւորգ Գեւորգյանի կարծիքով, տալիս ենք բոլոր ընտրական գործընթացների մասնակցելու հնարավորություն եւ կարճ ժամանակ հետո, երբ ադրբեջանցիները թվով ավելի շատ կդառնան, չի բացառվում հանրաքվե հայտարարեն եւ միանան Ադրբեջանին:
«Ադրբեջանում 25 տարի շարունակ հայ ժողովրդի նկատմամբ չարություն են սերմանում, այդ մարդիկ չեն կարող խաղաղ ապրել մեզ հետ: Փուլային տարբերակները մեզ համար անընդունելի են: Մեզ համար առաջնայինը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որից հետո կարող ենք նստել բանակցային սեղանի շուրջ եւ շարունակել բանակցությունները, մշտական պատերազմներ չեն լինում»,- ասում է Գեւորգ Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Արցախյան ազատամարտի սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանն էլ հիշեց չորս տարի առաջ համանախագահների արած հայտարարությունն այն մասին, որ բանակցությունները մտել են փակուղի, ինչը նշանակում է, որ կամ պատերազմ պետք է լինի, կամ հող պետք է հանձնվի: Եղավ 2016-ի ռազմական գործողությունը, հետո, Շահե Աճեմյանի կարծիքով, իշխանափոխություն եղավ եւ արտաքին ուժերն իշխանության բերեցին այն մարդուն`«ով ամեն տեսակ գաղտնի բանակցություններով կարող է հող հանձնել»: «Դրա համար վերջին երկու տարին Ալիեւը խելոք նստել էր եւ սպասում էր, որ Ղարաբաղում իշխանության գան այն ուժերը, որոնք Փաշինյանին աջակցում են, Փաշինյանի արբանյակներն այնտեղ աշխատեին, իր հետ համաձայն լինեին: Այդ գործընթացները երկու տարի ընթացել են եւ Լավրովը բացահայտեց»,- ասում է Շահե Աճեմյանը: Նա կարծում է, որ Վանեցյանը հենց դա նկատի ունենալով էր ասում`«կանգ առեք»: Ապա բանախոսը հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր փորձում փուլային տարբերակով գնալ հարցի լուծման. «Թող փորձեն»:
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ Շահե Աճեմյանն ասաց. «Նիկոլ, դու եւ քո իշխանությունը, ամբողջ արածներդ`չգիտեմ ճարպկություն ես անում, խելացի բան ես անում, վրեժ ես լուծում… ինչ անում ես, ինչ մտածում ես այս ամենն արդեն ժողովրդի մոտ զզվանք են առաջացնում: Հերոսներին խայտառակելը, դատարաններ քարշ տալը… օրը երեք անգամ, հինգ անգամ խոսում ես»: Նա կարծում է, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հավատացած եւ նրա կողքին կանգնած մարդիկ ամենն արդեն հասկացել են եւ այժմ արդեն հետքայլ են անում. «Դու մենակ ես մնալու: Կորոնավիրուսը վերջանա, մարդիկ մեկուսացվել են, դու մեկուսացված պիտի մնաս, ինքդ քեզ պիտի մեկուսացնես, ժամկետդ անցել է»:
Շահե Աճեմյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը խելացի բաներ չի ասում, որ հետը բանավիճեն. «Երկու տարվա մեջ ուր հասցրեցիր երկիրը`Պարսկաստանի հետ, ՌԴ-ի, ԱՄՆ-ի հետ փչացրեցիր հարաբերությունները»: Նա Նիկոլ Փաշինյանին հորդորում է`վերջ տալ եւ «սուս ու փոս» հեռանալ: Ասում է`ծեծվելուց, բանտարկվելուց իրենք չեն վախենում, պատրաստ են դրան էլ, բա «քո վե՞րջը…քո նմաննե՞րը եկան-գնացին, որ պողպատյա բռունցք էին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շահե Աճեմյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից