2020 թվականը հայոց ազգի համար առանձնահատուկ է. այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Աշխարհը պատուհասած համավարակի պատճառով առաջին անգամ բոլորս ստիպված ենք տանը մնալ՝ ցավը խեղդելով մեր հոգում և չայցելելով Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ գոնե կարողանում էինք ծաղիկ խոնարհել մեր անմեղ նահատակների հիշատակին:
Սակայն կյանքը շարունակվում է. փառք Տիրոջը՝ մենք հավերժ ենք մեր լեռների պես և ապրում ենք ու արարում՝ մի գեղեցիկ օր մեր բոլոր իղձերն իրականացած տեսնելու փափագով:
Կարդացեք նաև
Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է մեզ վրա, իսկ ինչ ենք անում մենք՝ դատապարտում ենք, հիշում ու պահանջում: Ինչ ենք պահանջում և ումից՝ շատերի համար հստակ էլ չէ, սակայն աշխարհաքաղաքական իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մենք մեր պահանջատիրության հարցը վաղուց արդեն զգայականից պետք է իրավական մակարդակ տեղափոխենք՝ մշակելով դրա համար համապատասխան մեխանիզմներ:
Սա, իհարկե, մեկ օրվա խնդիր և մեկ հոգու անելիք չէ. ազգովի պիտի լծված լինենք հզոր հայրենիք կերտելուն, որպեսզի ունենանք տնտեսապես ուժեղ, ժամանակակից պետություն և հզոր բանակ: Սա կլինի մեր լավագույն պատասխանը աշխարհի երեսից մեզ վերացնել և պատմության խորխորատներից մեր անունը ջնջել ցանկացողներին:
Այսպես է կարծում «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի և Tesaket.info կայքի պատասխանատու, արմատներով հաճընցի Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի թեմայով որոշեցինք զրուցել նրա հետ նաև այն պատճառով, որ այս տարի, այս նշանակալի իրադարձությունից բացի, լրանում է նաև Կիլիկիո Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական հերոսամարտի 100 տարին:
Եվ իսկապես՝ որտեղ սուգ ու ավեր, այնտեղ՝ և կռիվ ու մաքառում:
Այսպես՝ 100 տարի առաջ Կիլիկիայի Հաճըն քաղաքի անխտիր բոլոր բնակիչները՝ կին ու տղամարդ, ծեր ու մանուկ, մեկ մարդու պես ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու սեփական կյանքն ու արժանապատվությունը: Թվաքանակով և զենքերով հազար անգամ գերազանցող թշնամու դեմ ութ ամիս տևած հերոսական ու անձնվեր պայքարն ավարտվեց Հաճընի անկմամբ ու հերոս հաճընցիների շնորհիվ ընդամենը մի բուռ՝ մոտ 400 հոգու փրկությամբ, որոնք էլ սփռվեցին աշխարհով մեկ:
Այդ թվականների մեր անձնվեր պայքարն ու գոյության կռիվներից որոշները տարիներ շարունակ պատշաճ չեն լուսաբանվել, ու նաև դա է պատճառներից մեկը, որ այսօր շատերը չգիտեն այն մասին, որ մորթվող հայի կողքին եղել է և պայքարող մարտիկը՝ մեն-մենակ, գրեթե առանց զենքի և շրջապատված ոչ միայն թշնամի թուրքերով, այլև «ոխերիմ բարեկամներով», որոնք ամենաթեժ և օրհասական պահերին լքել են մեզ գրեթե հաջողության հասած պայքարի ամենավերջին րոպեին, ինչպես եղավ Հաճընի հերոսամարտի դեպքում, երբ հատկապես ա՛յդ ժամանակ կար լրացուցիչ օգնության կարիք, որը վերջակետ կդներ հայի ցավերին:
Պատմությունն ապացուցել է, որ այսպես եղել է և երևի թե՝ այսպես էլ կլինի, ուստի մեզ մնում է ապավինել միմիայն սեփական ուժերին ու միասնականությանը, և ուրեմն՝ փառք հայ զինվորին:
Մեզ հետ զրույցում Հովհաննես Գրիգորյանն անդրադարձավ հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին և ընդգծեց ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն ու նշեց, որ սա, անշուշտ, աննախադեպ որոշում էր, որը շատ բան է փոխում այդ հզորագույն պետության քաղաքական ուղեգծում: Սակայն, միևնույն ժամանակ, նրա խոսքով, մյուս կողմից էլ կա Իսրայելի գործոնը՝ մի պետություն, որն ի՛նքը տեսել է ցեղասպանություն, բայց որը չի կիսում իր բախտակից ազգի ցավը: «Կցանկանայինք մոտ ժամանակներում Իսրայելն էլ տեսնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքում»,-հույս հայտնեց նա:
Աշխարհի հզորները խաղի իրենց կանոններն են թելադրում, իսկ մենք պիտի կարողանանք չխեղդվել այլոց քաղաքական շահերի հորձանուտում: Մենք պիտի հզորացնենք մեր երկիրը, ամուր պահենք Արցախը, և պարզապես բոլորս զբաղվենք մեր գործով: Այս առնչությամբ, անդրադառնալով իրենց անելիքներին, Գրիգորյանն ասաց. «Մենք՝ հաճընցիներս, օրինակ, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս որոշել էինք գեղեցիկ միջոցառում կազմակերպել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ, որը, սակայն, տառապանքի ու ցավի երեկո չէր լինելու, հատկապես որ այս տարի լրանում է նաև Հաճընի հերոսամարտի 100-ամյակը: Այս անգամ ցանկանում էինք շեշտը դնել մեր հերոսների, նրանց սխրանքների վրա, սակայն աշխարհում ստեղծված այս իրավիճակի պատճառով, բնականաբար, մեր գարնանային միջոցառումները չեն կայանա:
Սրանով, սակայն, չենք սահմանափակվում. Հաճընի հերոսամարտի 100-ամյակը հոկտեմբերին է նշվում, և հուսանք, որ մինչ այդ աշխարհում շատ բան դեպի լավը փոխված, և իրավիճակը կայունացած կլինի, կկարողանանք իրականացնել մեր նախատեսած միջոցառումները:
Ի դեպ՝ նշեմ, որ Նոր Հաճն քաղաքն այս տարի է՛լ ավելի առանձնահատուկ կերպով է նախապատրաստվում այդ իրադարձությանը՝ Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին: Նախապատրաստական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, դրանցից հատկապես կցանկանամ շեշտել թանգարանի աշխատանքները: Թանգարանը Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ և Նոր Հաճնի քաղաքապետարանի ու «Հաճըն» հայրենակցական միության մասնակցությամբ պատրաստվում է, աշխատանքներ է տանում, որ հոկտեմբերին նոր տեսքով ու նոր որակով ներկայանա: Սա իսկապես հաճընցուն արժանավայել նվեր կլինի ինչպես Ցեղասպանության 105-ամյակի, այնպես էլ՝ հերոսամարտի 100-ամյակի առթիվ: Այս տարի առաջին դեպքն է, որ հաճընցին չայցելի Ծիծեռնակաբերդ, մեր միության անդամների, առհասարակ՝ բոլոր հաճընցիների համար սա իսկապես շատ ցավալի է»:
Հովհաննես Գրիգորյանն անդրադարձավ նաև Հաճընի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ իրենց հայրենակցական միության կատարած աշխատանքներին և իրականացրած ծրագրերին և նշեց, որ անցյալ տարի ինքն առաջին անգամ եղել է Կիլիկիո Հաճընում, որն այսօր կոչվում է Սաիմբեյլի:
«Առաջին անգամ, որպես ուխտագնացություն, այցելեցի իմ նախնիների օրրանը՝ Հաճըն քաղաքը. ամենայն հավանականությամբ՝ մեր կատարելիք ծրագրերի շարքում աշնանը կկազմակերպենք նաև ֆոտոցուցահանդես՝ երեկվա ու այսօրվա Հաճընին նվիրված»,-ասաց պարոն Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ ունեն, որոնք ֆինանսական միջոցների բացակայության պատճառով առայսօր անկատար են մնացել: Դրանց թվում են Հաճընի բարբառին նվիրված գրքի վերահրատարակումը, հայտնի հաճընցիների մասնակցությամբ ֆիլմի ամբողջացումը, Հաճընի մասին կայքի վերագործարկումն ու բազմաթիվ այլ՝ առօրյա ու հեռահար նպատակներ և ծրագրեր:
«Ես լավատես եմ և հույս ունեմ, որ, ինչպես ժողովուրդն է ասում, մի դուռ կբացվի, կկարողանանք պատշաճ կերպով իրականացնել մեր նպատակները, որպեսզի եկող սերունդներին հստակ հասցնենք մեր պապերի ուխտն ու այն պատգամը, որ մեր նախնիները գոյապայքար են մղել, գերադասել են մինչև արյան վերջին կաթիլը կռվել, բայց չհանձնվել ու մահն ընդունել արժանապատվորեն»,-նշեց «Հաճըն» հայրենակցական միության ատենապետը:
Մեր նյութի սկզբում մի մեջբերում էինք արել Շիրազի «Էքսպրոմտից»: Նույն գործի տողերով էլ ցանկանում ենք ավարտել ՝ լավատեսական այն սպասումով, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու՝ մեկընդմիշտ.
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ…
«Հաճըն» հայրենակցական միություն,
Tesaket.info